Մատչելիության հղումներ

«Պանարմենիան Էքսպո 2003» ցուցահանդեսը դրական արդյունքներ է գրանցել


Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում հրավիրված մամուլի ասուլիսով այսօր ամփոփվեցին Հայաստան-Սփյուք առաջին տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված «Պանարմենիան Էքսպո 2003» ցուցահանդեսի արդյունքները։ Կազմակերպիչների հավաստմամբ, այդ ցուցահանդեսին մասնակցել ցանկացող ընկերությունների թիվն անհամեմատ մեծ էր, քան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճի տարողությունն էր։

Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպոցենտր» ընկերության գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի դիտարկմամբ, Հայաստանը մեծ ցուցահանդեսներ կազմակերպելու համար հարմարավետ տարածքներ չունի:

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, Շենգավիթ համայնքի թաղապետ Մարտին Սարգսյանի փոխանցմամբ, ցուցահանդեսի մասնակից ընկերությունների մեջ որեւէ խտրականություն չի դրվել, պարզապես, ցուցահանդեսում տարածք է ստացել այն ընկերությունը, որն ավելի շուտ է դիմել, տեղի սղության պատճառով շատերն այդպես էլ չեն կարողացել ներկայացնել իրենց արտադրանքը:

Պարոն Սարգսյանի դիտարկմամբ, ցուցահանդեսը հաջող արդյունքներ է գրանցել։ Մասնակից 160 ընկերությունների 80 տոկոսը նոր գործըկերների հետ նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել՝ գործարքներ ու պայմանագրեր կնքելու շուրջ։

Նրա խոսքերով, առաջին անգամն է, որ նման ցուցահանդեսը կազմակերպվում է առանց պետական բյուջեից հատկացումների։ Այսինքն վճարել են իրենք՝ մասնակից ընկերությունները, զբաղեցրած յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 40 դոլար։ Ընկերությունները նաեւ հնարավորություն ունեին իրենց ցուցադրանքը ներկայացնել Ինտերնետով: Ընդ որում, ցուցահանդեսի ինտերնետ էջը 36.000 այցելու է գրանցել։ Առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Եվրոպական մայրցամաքի այցելուները՝ գրանցելով 8200 ինտերնետ այց, 7600 անգամ այցեցել են ամերիկացիները, 6500 անգամ՝ Ռուսաստանի հայերը։ Իսկ Հայաստանից ինտերնետային էջ այցելուների թիվը կազմել է 14000:

Մարտին Սարգսյանն ասաց, որ ցուցահանդեսի ընթացքում մի շարք ընկերություններ նույնիսկ հասցրել են պայմանագրեր կնքել: Օրինակ, շինարարության ոլորտի «Մասիս» ընկերությունը պայմանագիր է կնքել Արաբական Էմիրությունների մի խոշոր ընկերության հետ։

Մարտին Սարգսյանի փոխանցմամբ, ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի հայերի միության հետ։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG