Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի եւ Շվեյցարիայի հարաբերությունները սրվում են


Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի այցելության հրավերը, այն բանից հետո, երբ Շվեյցարիայի կանտոններից մեկը անցած շաբաթ որոշում է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Անկարան հետ է վերցրել հրավերը, որը տրված էր նախարար Միշելին Կալմի-Ռեյին՝ հոկտեմբերի 6-ին երկօրյա այցով Թուրքիա մեկնելու համար: Այցելության նպատակը Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումն էր, նաեւ նախարարը նախատեսում էր ծանոթանալ Թուրքիայում Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող զարգացման ծրագրերի իրականացման ընթացքին:

Շվեյցարիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սիմոն Հուբախերի խոսքերով, Անկարայում Շվեյցարիայի դեսպանը ասել է, թե թուրքական կառավարությունը հայտնում է, որ Կալմի –Ռեյի այցելությունը «նախապես ծրագրված ձեւով կայանալ չի կարող»:

Այցելության ձախողումը պայմանավորված է, Վո կանտոնի անցած շաբաթվա որոշման հետ, ըստ որի ճանաչվում է 1915-1918 թվականներին Թուրքիայում իրականացված հայերի ցեղասպանությունը:

Կալմի-Ռեյը շվեյցարական ռադիոյին տրված հարցազրույցում նշել է, որ այցելությունը չեղյալ հայտարարելը «չափազանցված» էր, եւ դա «որոշ չափով կբարդացնի» երկու երկրների հետագա հարաբերությունները:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի, ինչպես նաեւ մի շարք երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի, Արգենտինայի, Ռուսաստանի եւ ամերիկյան մի շարք նահանգների կողմից:

2001 թվականի մարտին Շվեյցարիայի կառավարությունը դժվարությամբ մերժել էր ձախակողմյան մի օրենսդրի պահանջը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:

Ասոշիեյթիդ Փրեսս

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG