Մատչելիության հղումներ

Կենտրոն, Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող հասարակական հնչողություն ունեցող երկու գործ միաժամանակ, բայց տարբեր դատարանների շենքերում, քննվում էր: Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատաքննությունը՝ Ավան - Նոր Նորք դատարանի, իսկ հոկտեմբերի 27-ի գործը՝ Վճռաբեկ դատարանի շենքերում:

«Հոկտեմբերի 27»-ի գործով շարունակվել են նախկին միջնորդությունների քննարկումը: Հրապարակվել են դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացություններն ու հարցաքննվել է փորձագետը:

Տիգրան Նաղդալյանի սպանության գործով նախատեսվում էր, որ ցուցմուքն պետք է տա Սարգսյանների ազգական, ըստ քրեական գործի հանցագործությունը կատարողների, կազմակերպիչների եւ Արմեն Սարգսյանի միջեւ կապ հաստատողը՝ ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը, որին բոլորը «Ապեր» են ասում:

Սակայն ամբաստանյալն այսօր էլ ցուցմուքն չտվեց: 4 ամբաստանյալների շահերի պաշտպան Լուսնթագ Բադալյանի վատառողջության պատճառով ժամը 16.30-ին դատական նիստը ընդմիջվեց մինչեւ հոկտեմբերի 2-ը:

Փոխարենը ցուցմունք տվեց ամբաստանյալ Հարությունյանի կինը՝ Գայանե Մելքոնյանը, որն այս գործով ավելի ուշ պետք է ցուցմունք տար՝ իբրեւ դատակոչված վկա:

Երբ նախագահող դատավոր Սարիբեկ Արամյանը հայտարարեց դատական նիստը սկսելու մասին, ոստիկանի ուղեկցությամբ դահլիճ մտավ մի կին, որը պարզվեց ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի կինն է: Օրենքով դատակոչված վկային իրավունք չունեն դատարանի դահլիճ թողնել, քանի դեռ նա ցուցմունք չի տվել:

Գայանե Մելքոնյանը մի երկտող հանձնեց դատավորին, որի բովանդակությանը ծանոթացան նաեւ դատավարության մասնակից կողմերը, իսկ վերջում այն ամբողջությամբ հրապարակվեց: Երկտողն, ըստ Գայանե Մելքոնյանի, Ապերը՝ Հովհաննես Հարությունյանն է գրել դեռ 6 ամիս առաջ, այն ժամանակ, երբ թաքնվում էր իրավապահ մարմիններից: Այսինքն՝ մինչեւ կալանավորվելը: «Վեց ամիս լռել, համբերել եմ, - ասաց տիկին Մելքոնյանը, -Ապերի հայացքից հասկանում եմ, որ ասում է՝ «լռիր»:

Իսկ գրությունը դատավորին հանձնելուց հետո վկա Գայանե Մելքոնյանը հայտարարեց, թե սպառնալից հեռախոսազանգեր է ստանում, հոգնել է արդեն եւ ուզում է հենց այսօր ցուցմունք տալ:

Մեղադրողները եւ պաշտպաններ Լուսնթագ Բադալյանն ու Հոկտեմբեր Քարամյանը կողմ էին, որ ապացույցների հետազոտման կարգի մասին դատավորի կայացրած որոշումը փոխվի, եւ վկան այսօր տա իր ցուցմունքը: Մյուս պաշտպաններ՝ Գրիգորյանը, Փոստանջյանն ու Գեւորգյանը դեմ էին: Այսօր կնոջը հարցաքննելուն դեմ էր նաեւ ամուսինը՝ Հովհաննես Հարությունյանը:

Ի վերջո, դատարանը որոշեց բավարարել մեղադրող Զելիմ Թադեւոսյանի միջնորդությունները` նախ դատարանի դահլիճ բերել ամբաստանյալ Արմեն Սարգսյանին ու հարցնել նրա կարծիքը, հետո փոխել ապացույցների հետազոտման մասին սահմանված կարգը, եւ վկա Մելքոնյանը ցուցմունք տալու հնրավաորություն ընձեռել՝ Արմեն Սարգսյանի ներկայությամբ: Քանի որ, դատարանի որոշմամբ, միայն 6 ամբաստանյալների հարցաքննությունը պետք է ընթանար ամբաստանյալ Սարգսյանի բացակայությամբ:

Սարգսյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հայտարարեց, թե, իր կարծիքով, մինչեւ Հովհաննես Հարությունյանի ցուցմունք տալը՝ կնոջը հարցաքննելը, կարող է ուղղորդող նշանակություն ունենալ եւ ազդել գործի օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննության վրա: Այդուամենայնիվ, դատարանի որոշումը վերջնական էր, եւ Գայանե Մելքոնյանը սկսեց իր ցուցմունքը:

Նրա վկայությամբ, «Ապերն ասել է՝ ես կապ չունեմ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի հետ, իմացիր Արմենից՝ ես ինչ պետք է անեմ»: Թաքստոցից այսպիսի լուր է ուղարկել Հովհաննես Հարությունյանը եւ երկտող է թողել այսօր արդեն ամբաստանյալ Ռաֆիկ Մելքոնյանի մոտ, որի տանն էլ թաքնված էր: Իսկ դատարանում հրապարակված երկտողում գրված էր. «Եթե այսպես գնա, ինձ են ուզում, որ լինեմ զակազչիկ, թող անպայման Գրետի հետ խոսեք, հո փափուկ բարձ չի դնում գլխիս տակ: Գրետին ասեք, որ երկար չեմ կարող մնալ: Գրիգորին փոխանցեք, թող ասի՝ ոչ մի բանից տեղյակ չի: Իմ տեղը դաժե արարատցիներին չասեք»:

Այս գրությունից Գայանե Մելքոնյանը հասկացել է, որ պատվիրատուն Արմեն Սարգսյանն է: Ըստ տիկին Մելքոնյանի, տնից դուրս գալուց առաջ ամուսինն ասել է, որ Արմեն Սարգսյանի պատճառով ինքը խառնված է Տիգրան Նաղդալյանի սպանության գործին՝ «Արմենի կեղտերն եմ քաշում»: Հետո վկան պատմեց, որ երկու անգամ Արարատ է գնացել, հանդիպել է Գրետա Սարգսյանի եւ նրա քրոջ հետ, խնդրել է նրանց, որ փաստաբան վարձեն Հովհաննես Հարությունյանի համար:

Մարտի հինգին գնացել է Եռաբլուր եւ խոսել է Արամ Սարգսյանի հետ, նա էլ տեղյակ չի եղել ոչնչից, բայց խոստացել է մի բան իմանալ ու հետո կապվել Գայանեի հետ:

Սակայն, ըստ տիկին Մելքոնյանի, որեւէ մեկը չի օգնել իրեն: Վկայի ցուցմունքով, այդ ընթացքում իրենց տուն են եկել նաեւ Գրետա Սարգսյանը եւ նրա եղբայր Գրիգորը, Արմեն Սարգսյանի քեռու կին Մանիկ Վարդանյանը եւ փոխանցել են Արմեն Սարգսյանի ասածը. «Արմենն ասում է՝ թող աշխատի չբռնվի, եթե բռնվի թող վերցնի իր վրա»:

Գայանե Մելքոնյանը պնդեց նաեւ իր նախաքննական ցուցմունքները: Ապա պատասխանեց մեղադրողների, Արմեն Սարգսյանի եւ նրա պաշտպան Ռոբերտ Գրիգորյանի հարցերին: Ամուսինը՝ Հովհաննես Հարությունյանը, հարցեր չտվեց, ասելով թե դեմ էր, որ կինն այսօր տար իր ցուցմունքը:

Մեծ ընդմիջումից հետո, Արմեն Սարգսյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն ասաց, թե իր ստացած տեղեկություններով մեկուսարան են այցելում քննչական խմբի անդամները եւ զրուցում են ամբաստանյալների հետ: Դատավոր Արամյանը հաստատեց, որ իր թույլտվությամբ՝ անջատված մասով գործի վերաբերյալ, հարցաքննվել են մի քանի ամբաստանյալ:

Որից հետո, փաստաբան Բադալյանի վատառողջության պատճառով դատական նիստն ընդմիջվեց:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG