Մատչելիության հղումներ

Հերթական բռնություն լրագրողի դեմ


Սեպտեմբերի 26 ֊- ի գիշերը անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկվել «Օր» օրաթերթի գլխավոր խմբագիր Գայանե Մուքոյանին եւ թերթի տնօրեն Ռաֆայել Հովակիմյանին: Գայանե Մուքոյանը տեղափոխվել է հիվանդանոց քթի միջնապատի կոտրվածքներով:

Ոստիկանության լրատվական վարչության պետ Սայադ Շիրինյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ հանցագործությունը դեռեւս բացահայտված չէ, ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում հանցագործությունը կատարած անձնաց ինքնությունը ճշտելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ձերբակալվածներ, փաստորեն, դեռեւս չկան, բայց կան դիտարկվող մեկից ավելի վարկածներ: Քրեական գործը հարուցված է քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի՝ խուլիգանության, հատկանիշներով, ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ քննչական միջոցառումներ:

Մամուլի ազգային ակումբը սեպտեմբերի քսանութին հանդես է եկել հայտարարությամբ, որում՝ դատապարտելով լրագրողների հանդեպ բռնության ցանկացած դրսեւորում, որպես այդպիսի վերջին դեպք նշել է «Օր» թերթի գլխավոր խմբագիր Գայանե Մուքոյանի հետ կատարվածը:

Հայտարարության մեջ ասված է. «ՄԱԱ-ն մտավախություն է հայտնում, որ լրագրողների իրավունքների մասին ոչ մի դրույթ չպարունակող, բայց շրջանառվող եւ 1-ին ընթերցմամբ ԱԺ-ում օրինախախտմամբ ընդունված «ԶԼ մասին» օրենքի նախագիծը պարարտ հող է ստեղծում բռնության հեղինակների անպատժելիության համար»:

Հիշեցնենք, որ Մամուլի ազգային ակումբն իր շարքերից հեռացրել էր Գայանե Մուքոյանին՝ այն բանից հետո, երբ վերջինիս խմբագրած թերթում մեկ այլ օրաթերթի խմբագրին վարկաբեկող, խիստ ինտիմ լուսանկարներ էր հրապարակել:

Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG