Մատչելիության հղումներ

Երկու տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հերթական հեռուստատեսային կապուղու համար մրցույթում դարձյալ կհայտարարի «Ա1 +» հեռուստաընկերության, ավելի ճիշտ՝ «Մելտեքս» ՍՊԸ- ի անունը, կբացվեն ծրարները: Այս անգամ դա կլինի հոկտեմբերի 9-ին՝ 63֊ -րդ դեցիմետրային, 3֊ -րդ մետրային կապուղիների մրցույթներում:

Այս անգամ մրցույթը կլինի 63 - րդ կապուղու համար, որը ներկայումս տնօրինում է «Արմնյուզ»-ը: «Ա 1+»-ի մրցակիցն է նաեւ «Նոյյան Տապան»-ը: Այս կապուղու համար բացի նրանցից հայտ է ներկայացրել «Սինեմաքս»-ը:

Երրորդ դեցիմետրային կապուղու համար հայտեր ներկայացրել են «Ա1+» -ը եւ «Ար»-ը, որը ներկայումս հեռարձակվում է այդ կապուղիով: Մրցույթների արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի տասներեքին:

«Մելտեքս» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը վերստին մրցույթի է գնում հաղթելու տրամադրությամբ եւ, իր խոսքով, երկու մրցույթներից յուրաքանչյուրի համար տվյալ կապուղիներին համապատասխան առանձին զորեղ ծրագրեր են ներկայացրել:

Մեկ հայցադիմում էլ այսօր «Ա1+»-ից դատարան ուղղվեց, որպեսզի վերջինս պարզի, թե ինչ հիմքերով է Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը մերժել իրենց եւ գրավոր չի պատասխանել, թե ինչու էր վերջին մրցույթում «Ա1+» -ին «երկուս» նշանակել:

Մինչեւ հունվար հանձնաժողովը Երեւանի եւս մեկ դեցիմետրային կապուղու՝ 53- ֊րդի համար մրցույթ կանցկացնի, որը ներկայումս զբաղեցնում է «Արտ 13»-ը: Ապա, քանի որ կապուղիներն զբաղեցնելու արտոնագրերը տրվում են յոթ տարով, մինչեւ 2009 թվականը երեւանյան կապուղիների համար որեւէ մրցույթ չի լինի, եթե, իհարկե, որեւէ մեկը չզրկվի լիցենզիայից կամ որեւէ նոր կապուղի չավելանա:

Այսինքն, հաջորդ հեռուստակապուղային կրքերի շիկացում սպասվում է արդեն երկրի հաջորդ նախագահի օրոք:
Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային Հանձնաժողովն այսօր 62 մետրային կապուղիների մրցույթում հաղթող ճանաչեց «Պրոմեթեւս» հեռուստաընկերությանը, այդ 62 - ֊ից 6 - ֊ը մարզային մետրային կապուղիներ են:

«Պրոմեթեւս» հեռուստաընկերության ղեկավար Սամվել Մայրապետյանի խոսքերով, այս դեպքում խոսքը գնում է ոչ մեկ, այլ 62 կապուղիների մասին, որոնց ազդանշանը սփռվում է ամբողջ Հայաստանով՝ գումարած Լեռնային Ղարաբաղը: Դա շատ թանկ հաճույք է, ամսական միջին հաշվով 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է կազմում, եւ թերեւս դա է պատճառը, որ «Պրոմեթեւս»-ի հետ այլ հեռուստաընկերությունները չեն դիմել այդ կապուղիների մրցույթի համար:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG