Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


Անցած գիշեր աշխատանքից տան ճանապարհին 4 հանցագործներ հարձակվել եւ դաժան ծեծի են ենթարկել «Օր» օրաթերթի գլխավոր խմբագիր Գայանե Մուքոյանին եւ նույն թերթի տնօրեն Ռաֆայել Հովակիմյանին: Հարձակվողները եղել են առանց պետհամարանիշների ավտոմեքենայով ու դեմքը ծածկող գլխարկով, - որոշ մանրամասներ է այսօր փոխանցում «Հայոց աշխարհ» թերթը: Ենթադրություն կա, որ հարձակման պատճառը թերթի վերջին շրջանի մի շարք հրապարակումներն են կապված ցորենի, ալյուրի, հացի ոլորտի մեքենայությունների հետ:

Մեր հասարակությունը թուլացել է։ Նախ եւ առաջ, հանրությունը ֆիզիկապես է թույլ, քանի որ արտագաղթել են մեծ թվով կարող ուժեր, - «Հայոց աշխարհ» - ի հարցազրույցում ասում է սոցիոլոգ եւորգ Պողոսյանը, - Այսքան կորուստ ունեցած հասարակությունը այնչափ է թուլացած, որ դժվար է պնդել, թե ունակ է իրապես ընկալել ու հասկանալ նոր գաղափարները։ Առավել եւս դժվար է ենթադրել, թե հասարակությունը կարող է այնքան ուժ գտնել իր մեջ, որ քաղաքացիական կեցվածք ունենա եւ որոշակի քայլերի դիմի։ Նման սպասումները ուղղակի պատրանքային են։

Գեւորգ Պողոսյանի համոզմամբ,
կոալիցիան, ըստ էության, ավելի քիչ պրոբլեմներ ունի, քան ընդդիմությունը։ Կոալիցիան սահմանված չորս տարիների ընթացքում իր գոյությունը պահպանելու անհամեմատ մեծ շանսեր ունի։ Այսօր, կարելի է ասել, ընդդիմություն չունենք։ եղամյան, Դեմիրճյան, Մանուկյան, Սարգսյան առանձնացումները, մեկը մեկից մեկուսացումը գնալով առավել ակնհայտ է դառնում։

«Եվ հասարակությունը, եւ ընդդիմադիրները բացարձակ անտարբերությամբ կամ ակնհայտ հեգնանքով մարսեցին այն փաստը, որ Ստեփան Դեմիրճյանը այս տարի էլ չմերժեց Ռոբերտ Քոչարյանի հրավերը, - անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբաններից մեկը: - Այս անտարբերությունից նա ընդամենը մի եզրակացություն պիտի աներ՝ հասարակությունն իրենից, մեղմ ասած, ձեռ է քաշել, ու այս հասարակության համար այլեւս միեւնույն է, թե ինչ է անում, ինչպես է անում եւ ինչու է անում... Ինչեւէ մեծ ողբերգություն չէ, եթե նկատի ունենանք, որ մեծամասնությունս նրան ընտրել ենք ոչ թե այն պատճառով, որ շատ էինք ցանկանում ՀՀ նախագահի աթոռին հատկապես Ստեփան Դեմիրճյանի պես նախագահ տեսնել, այլ որ տենչում էինք այդ աթոռին չտեսնել Ռոբերտ Քոչարյանին»:

Իսկ Ստեփան Դեմիրճյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում ասում է. «Հասարակությունը շարունակում է հույսեր կապել «Արդարություն» դաշինքի հետ։ Մենք պետք է ամեն ինչ անենք այդ հույսերը արդարացնելու համար։ Դա ենթադրում է պատասխանատու մոտեցում եւ ոչ թե հապճեպ քայլեր։ Նրանց, ովքեր անընդհատ խրատներ են տալիս, կոչեր են անում եւ մեղադրում են մեզ անվճռականության մեջ, ուզում եմ ասել, որ որեւէ մեկը իրենց չի խոչընդոտում իրենց իսկ տված խորհուրդները ինքնուրույն իրագործել», - ընդգծում է ՀԺԿ ղեկավարը։

«Որ Հայաստանն աննախադեպ տնտեսական աճ է արձանագրում, ամեն օր լսում ենք իշխանության ներկայացուցիչներից։ Որ այդ աճն արդեն 13%-անոց է, գիտենք անգիր։ Բայց այն, որ տնտեսական նման աճն ամենաբարձրն է ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ Եվրոպայում, եւ որ «ոմանք» այս առիթով Հայաստանը «կովկասյան վագր» են անվանում, չգիտեին անգամ ՀՀ քաղաքացիները, -օրերս ՄԱԿ-ում արտգործնախարար Օսկանյանի հայտարարությանն է անդրադառնում «Առավոտ» թերթը:- Ցավոք, նա չորոշակիացրեց, թե ովքեր են այդ «ոմանք», որոնք մեր երկիրը «Կովկասյան վագրի» հետ են համեմատում»։
Ըստ «Առավոտ»-ի, այս հարցը պարզաբանման կարիք ունի նաեւ այն պատճառով, որ «Իզվեստիա» թերթին տված իր բազմաթիվ հարցազրույցներից մեկում Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւը նույնպես նշեց, որ ԱՊՀ-ում Ադրբեջանն ամենաբարձր տնտեսական ցուցանիշն ունի» Այսպիսով,- հեգնում է «Առավոտ»-ը,- Կովկասում ամենաքիչը երկու վագր կա: Իսկ եթե վագրի կոչմանը սկսի հավակնել նաեւ Վրաստանը, ինչը չի բացառվում, քանի որ Շեւարդնաձեն Քոչարյանից ու Իլհամ Ալիեւից ավելի հմուտ է փչովի թվեր կրակելու գործում, ապա Կովկասում պարզապես «տնտեսական վագրերի» մի ոհմակ է առաջանում»:

«Եթե հնարավոր լիներ Թուրքիայի աջակցությամբ տնտեսական դժվարությունների հաղթահարումը, ապա Վրաստանն ու Ադրբեջանը հաղթահարման ենթակա խնդիր չէին ունենա, - փաստարկ է շեշտում «Ազգ» թերթի մեկնաբանը՝ նկատի ունենալով հայ - թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի տնտեսական թռիչ կանխագծողներին»։

Օրերս Նյու Յորքում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման հետքերով «Ազգ»- ի մեկնաբանը նաեւ մատնանշել է. «Թուրքիայի օրակարգը չափազանց հագեցած է, հետեւաբար նա ոչ միայն հայկական սահմանի բացման խնդրով զբաղվելու, նույնիսկ Հայաստանի հետ մերձեցման պատրաստակամությամբ միջազգային հանրությանը հերթական անգամ ապակողմնորոշելու հնարավորություն չունի։

Մնում է հուսալ, որ հայտնի քաղաքական ուժերը եւ մի շարք լրատվամիջոցներ, կդադարեցնեն Թուրքիայի հայկական սահմանի մոտալուտ բացման առնչությամբ Հայաստանում ծավալվող քաղաքական լավատեսության անհիմն քարոզը։ Թերեւս դրանով էլ հայ հասարակությունը կձերբազատվի թուրքական դիրքերից իրեն պարտադրվող կարծիքի անընդմեջ քննարկումներին անուղղակիորեն մասնակցելու տհաճ պարտականությունից»։

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG