Մատչելիության հղումներ

Կառավարության ընդունելությունների տանն այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թվով 12-րդ նիստը։ Խորհրդի 30 անդամներից ներկա էին 24ը, մասնակցում էին նաեւ հիմնադրամի տեղական կառույցների 15 ներկայացուցիչներ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի երեկ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստը ընդունեց հիմնադրամի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի հրաժարականը, եւ նրա փոխարեն տնօրեն նշանակվեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանին:

Նիստի սկզբում Նախագահի հրամանագրով, անկախության հռչակման 12-րդ տարեդարձի առթիվ «Մխիթար Հերացու» մեդալով պարգեւատրվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ֆրանսահայ բարերար Պետրոս Թերզյանը։ Հանրապետության նախագահի հատուկ շնորհագրերով պարգեւատրվեցին առավել ակտիվ դրամահավաք իրականացրած գաղթօջախների ներկայացուցիչները։

Մինչեւ օրակարգի հարցերին անցնելը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր կազմի մեջ մտցրեց Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Բաղդասարյանին՝ ի պաշտոնե։ Իսկ Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանին ներգրավեց հիմնադրամի վերստուգիչ հանձնաժողովի կազմում՝ նույնպես ի պաշտոնե։ Այս փոփոխություներից հետո խոսքը տրվեց Վահան Տեր - Ղեւոնդյանին՝ 2002 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացնելու համար։

Նրա մատուցմամբ, անցյալ տարվա ընթացքում հիմնադրամի ընդհանուր մուտքերը կազմել են 5 միլիոն 180 հազար դոլար։ Այդուհանդերձ, էական դրամահավաք հնարավոր է եղել ապահովել ոչ բոլոր գաղթօջախներից:

Ինչպես եւ նախորդ տարիներին, դրամահավաքության առումով առաջին տեղում Միացյալ Նահանգների գաղթօջախներն են, որտեղից հանգանակվել է ավելի քան 2 մլն դոլար:

Ամերիկահայերից, բացի ակտիվ հանգանակություն են արել ֆրանսահայերը՝ հանգանակելով ավելի քան 1 միլիոն դոլար, ավելի շատ, քան, օրինակ, Կալիֆոռնիայի հայությունը։

Պարոն Թերզյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանելով՝ հայտնեց, որ ճիշտ կլինի, որ հոգաբարձուների խորհուրդը քննարկի հիմնադրամի գործունեությունը՝ ծրագրի առաջիկա 10 տարիների համար՝ մինչեւ 2014 թվականը, համարելով, որ նախորդ տասնամյակը սոսկ փորձառության ձեռքբերման շրջան է եղել:

«Հայաստան» հիմնադրամը նախորդ 10 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ իրականացրել է 75 միլիոն դոլար արժողության 200 ծրագրեր։ Այդ միջոցներով կառուցվել են բնակարաններ 1000 անօթեւան ընտանիքների համար, 36 դպրոց, 12 առողջապահական հիմնարկ, 60 կմ էլեկտրահաղորդման գծեր, 131 կիլիոմետր խմելու ջրագիծ, 220 կիլոմետր ընդհանուր երկարության ավտոմայրուղիներ։

Այս պահին «Հայաստան» հիմնադրամի գլխավոր ծրագիրը Արցախի բոլոր հինգ շրջանները իրար կապող Հյուսիս - Հարավ 170 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումն է, որից 60 կիլոմետրն արդեն կառուցվել է: Անցյալ տարի ավարտվեց այդ ճանապարհի Դաշբուլաղ - Վանքի խաչմերուկ, Կարմիր Շուկա - Դրախտիկ հատվածները։

Սակայն, ռազմավարական նշանակության այս ճանապարհի 100 կիլոմետրանոց հատվածի կառուցումը դեռեւս լուրջ նեդրումներ է պահանջում: Սփյուռքի բարերարները վստահեցնում են, որ գումարներ կհավաքվեն։

Եւս երկու Թելետոն ու Հյուսիս - հարավ ճանապարհը կառուցված կլինի։ Ու ոչ միայն ճանապարհների շինարարությունը, այլեւ մյուս բարեգործական ծրագրերը հաջողությամբ կընթանան։

Նկատելի, սակայն, որ լուրջ բարեգործության ավելի շատ հակված են սփյուռքի որոշ գաղթօջախներ միայն։ Մեծ գաղթօջախներ ունեցող որոշ երկրների հայությունը ընդհանրապես գումար չի հանգանակում հիմնադրամին. օրինակ, երեք միլիոնանոց ռուսահայությունը 2002 թվականին ոչ մի լումա չի փոխանցել հիմնադրամին, Լիբանանի հայությունը՝ ընդամենը 66 դոլար, իրանահայությունը՝ 301 դոլար։ Այդ ընթացքում Հայաստանից հանգանակվել է 375 հազար, Լեռնային Ղարաբաղից՝ 41 ու կես հազար դոլար։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG