Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այս շաբաթվա ընթացքում քաղաքական կրքերը հիմնականում շիկացել էին փոխնախարարական պաշտոնների նշանակման կարգի եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագծի շուրջ: Խոշոր հաշվով այդ երկու հարցերն էլ ունեն սահմանափակ քանակով շահագրգիռ քննարկողներ եւ բավականին հեռու են հանրային լայն հետքրքրության շրջանակներից,- գնահատում է «Իրավուքն» թերթի մեկնաբանը, վերլուծականում նաեւ առանձնացնելով՝ Անդրանիկ Մարգարյանը ցույց է տալիս, որ ճկուն վարվելակերպ ունի ու ոչ միայն քաղաքական որեւէ ուժի հետ կամուրջներ չի այրում, այլեւ
կամուրջներ ստեղծելու գործընթացին է ձեռնամուխ: Չի ուզում հարաբերությունները փչացնել ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլեւ Լեւոն Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ճամբարի հետ: Չէ՞ որ կոալիցիայի գործընկերների վրա հավերժ հույս դնել հնարավոր չէ. Դաշնակցությունը ձգտում է տիրանալ ուժային լծակների ու ուժերի քաղաքական հարաբերակցությունը կտրուկ փոխել իր օգտին, իսկ «Օրինակ երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը ԱԺ խոսնակի պաշտոնի հնարավորությունները օգտագործում է ի շահ հենց ՕԵԿ-ի եւ սեփական անձի, այլ ոչ թե կոալիցիայի»:

Անդրադառնալով խորհրդարանում «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի նախագծի շուրջ մարտերին, «Երկիր» թերթը խմբագրականում ուրվագծել է՝ Իշխանությանը հաճոյանալու պատրանքները, բառապաշարում որեւէ սահմանափակում չդնելով, այնպիսի փայլատակումներ էին ունենում ելույթներում, կարծես մամուլն է ընտրություններում իրենց փոխարեն քվեաթերթիկներ լցրել, կոռուպցիայի մեջ թաղվել, իրենց անկրթության ձեռքը կրակն ընկել։
Մյուս կողմից էլ՝ ընդդիմադիր մի շարք գործիչներ այնքան հուզախռով են պաշտպանում խոսքի ազատությունը, կարծես 1995-ին իրենք չեն քվեատուփեր փախցնելով՝ մեծ քաղաքականություն մտել, իրենք չեն դաշնակցում այն մարդկանց հետ, ովքեր տասնյակ թերթեր էին փակում, գրասենյակները ավերում։Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, որ զանգվածային լրատվության միջոցների իրավունքները, խոսքի ազատությունը այլեւս կապ չունեն քննարկման հետ, պարզապես ընթանում է քաղաքական պայքար իշխանության դեմ կամ համար։ Իսկ օրենքի դեմ բողոքողներն էլ, ընկած տեղապտույտի մեջ, պահի ազդեցությամբ դիրքորոշվում են օրենքի շուրջը խոսող պատգամավորների հանդեպ՝ մի մասին համարելով իրենց զինակիցը, անտեսելով, որ նրանք ժամանակին դատի էին տալիս իրենց մասին լուրերի համար, կամ էլ քննադատում էին ուրիշների, ովքեր մի քանի ամիս առաջ նախընտրական տրամաբանությամբ դեմ էին կանգնում օրենքի ընդունմանը՝ հանուն մի քանի քաղցր խոսքի։

Այս նույն առիթով «Երկիր» թերթը նաեւ մատնանշում է՝ խորհրդարանի նոր քվեարկությունը կրկին կռվեցրեց ընդդիմությանը:

Այդ կռվի էությունը «Հայկական ժամանակ» թերթում կրկին բացված է, շեշտադրմամբ՝ եթե «Ազգային միաբանությունը» չմասնակցեր քվեարկությանը, ապա քվորում չէր ապահովվելու, եւ «ԶԼ մասին» օրենքի նախագիծը չէր անցնելու:

«Այբ-Ֆե» թերթն այսօր պատկերավորել է՝ հիմա ընդդիմության լիդերներն ու լիդերացուները, Ազգային ժողովում հիմնականում իրար դեմ կռիվ տալով, կարծես թե մոռացել են, որ Ազգային ժողովի պատերից դուրս էլ, ժողովուրդ ու հասարակություն կա, եւ իրենցից բացի էս երկրում էլի մարդիկ կան, որոնց իրենք նախընտրական էտապներում հազար ու մի խոստումներ են տվել: Եվ եթե հենց այսպես շարունակվի, շատ շուտով ժողովուրդն այլեւս չի կարողանա տարբերել, թե Ազգային ժողովում ովքեր են ընդդիմադիրները եւ ովքեր են իշխանություններն ու իշխանամետները: Եվ տպավորություն կա, որ եղամյանը, Դեմիճյանն ու պատգամավորի մանդատ ձեռք բերած մեր մյուս ընդդիմադիրներն ավելի շատ միմյանց են ձգտում հաղթել, քան` իշխանություններին: Ու նաեւ տպավորություն է ստեղծվում, որ եթե ժողովուրդը մտադիր է որեւէ կերպ պայքարել շարունակվող թանկացումների ու այլեւայլ անարդարությունների դեմ, ապա իր միջից պետք է նոր լիդերներ հայտնաբերի:

Երեկ Նաիրի Հունանյանի դատապաշտպան Սամվել Մարտիրոսյանի միջոցով տարածվել է «Հոկտեմբերի 27»-ի գործով գլխավոր ամբաստանյալի հայտարարությունը, որը հրապարակելով «Հայոց աշխարհ» թերթը շեշտում է. «Հիվանդ երեւակայությամբ ու անսահման մառազմով հագեցած այդ տեքստին ծանոթանալուց հետո, կարծում ենք, յուրաքանչյուր ոք անձամբ կհամոզվի, թե իրականում ում հետ գործ ունի ի դեմս Նաիրի Հունանյանի։ Այդ ճոռոմ «նամակից» ակնհայտ է նաեւ, որ դրա հեղինակը դատավճռի շեմին փորձում է ուղղակի փրփուրներից կախվել»։

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG