Մատչելիության հղումներ

Դատարանը հետաձգում է Նաղդալյանի սպանության գործով առանցքային հարցաքննությունը


Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատական նիստը մոտ 40 րոպե ուշացումով սկսվեց: Այսօր ցուցմունք պետք է տար ամբաստանյալ Արմեն Սարգսյանի մորաքրոջ որդին՝ Ապեր մականունով Հովհաննես Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկվա նիստի ժամանակ ամբաստանյալ Հարությունյանը հրաժարվեց ցուցմունք տալ, որովհետեւ մեկուսարանում էր թողել իր գրառումները: Բայց ամբաստանյալը ուզում էր ցուցմունք տալ, թեեւ մեղադրողները նրան բացատրում էին օրենքը, որ կարող է նաեւ հրաժարվել: Ինչ - որ տեղ տպավորություն էր ստեղծվում, որ հորդորում էին ցուցմունք չտալ դատարանում, փոխարենը՝ հրապարակել նախաքննական ցուցմունքները: Մանավանդ, որ ամբաստանյալ Լյովա Հարությունյանը՝ Արմեն Սարգսյանի սանահայրը, այդպես էլ արել էր:

Երեկվա նիստի ժամանակ մեղադրողներ Զելիմ Թադեւոսյանը եւ Ավագ Ավագյանը ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանից հիմնավորումներ էին պահանջում, թե ինչո՞ւ է անպայման գրառումներով ուզում ցուցմունք տալ, ինչո՞ւ է ուզում հետաձգել դատական նիստը: Մինչդեռ այսօր դատական նիստը սկսելուն պես, Հարությունյանի շահերի պաշտպան Հոկտեմբեր Քարամյանը հայտարարեց, թե վատ է զգում եւ խնդրում է նիստը հետաձգել, որեւէ հիմնավորում չպահանջվեց: Նույնիսկ դատավոր Սարիբեկ Արամյանը առաջարկեց շտապ օգնություն կանչել: Փաստաբանը հրաժարվեց բուժօգնությունից եւ արագ հեռացավ դատարանից:

Մեղադրող կողմը եւ հատկապես Զելիմ Թադեւոսյանը երբեւէ չեն թաքցրել, որ այս գործով դատավարությունը արագ ավարտելու նպատակ ունեն, եւ պաշտպանական կողմի այլ միջնորդություններին էլ ի պատասխան հայտարարում էին, թե միտումնավոր փորձում են ձգձգել դատավարությունը:

Այդուհանդերձ, այսօր չառարկեցին պաշտպան Քարամյանի միջնորդությունը, պաշտպանական կողմը եւս համաձայնեց եւ նախագահող Արամյանը` բավարարելով միջնորդությունը, նիստը հետաձգեց մինչեւ երեքշաբթի:

Արմեն Սարգսյանի եղբոր՝ Հանրապետություն կուսակցության փոխնախագահ Արամ Սարգսյանի մեկնաբանությամբ, շաբաթվա սկզբից դրված էր միանշանակ արագ տեմպ, ամեն օր նիստ էր գումարվում: Իսկ դա, նրա կարծիքով, դատախազության հրահանգով է արվում: Մինչդեռ դատավոր Արամյանի որոշմամբ, նիստերը պետք է անցկացվեին շաբաթական երկու օր՝ երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին:

Իսկ այն, ինչ եղավ այսօր, դա երեկվա սցենարի շարունակությունն է, ասաց Արամ Սարգսյանն ու հետեւյալ մեկնաբանությունը տվեց, թե ըստ դատախազության մշակած սցենարի, ամբաստանյալները պիտի հրաժարվեն ցուցմունքներ տալուց, եւ դատարանում պետք է բոլոր ամբաստանյալների նախաքննական ցուցմունքները կարդան: Հովհաննես Հարությունյանը, փաստորեն, այդ սցենարից դուրս եկավ: Արամ Սարգսյանը պնդում էր, թե այսօր դատարանի տարածքում տեսել էին այս գործով քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանին:

Փաստաբան Քարամյանի վատառողջությանը ինչ - որ տեղ չէր հավատում նաեւ տուժողի իրավահաջորդը՝ Տիգրան Նաղդալյանի քույր Կարինե Նաղդալյանը: Նա միայն ասաց, որ փաստաբանի տեսքը հիվանդ մարդու տպավորություն չէր թողնում:

Ի դեպ, այսօր դատարան պետք է բերեին նաեւ ամբաստանյալ Արմեն Սարգսյանին: Երեկ մեկուսարանի ղեկավարությանը զգուշացրել էին դրա մասին: Բացի այդ, Արամ Սարգսյանի խոսքերով, խնդրել էին, որ Արմեն Սարգսյանի համար աշնանային հագուստ բերեն, որը նա բերել էր, բայց առավոտյան պարզվել է, որ Արմեն Սարգսյանին չեն բերելու դատարան:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG