Մատչելիության հղումներ

«Առանց Ղարաբաղի հնարավոր չէ այս հարցը լուծել»


Արցախյան պատվիրակությունը՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ, Երեւանում էր Հայաստանի հետ համագործակցության խնդիրներ քննարկելու նպատակով: Արկադի Ղուկասյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, թե հաշվի առնելով միջազգային ատյաններում հանդես գալու ՀՀ Ազգային Ժողովի մեծ պոտենցիալը՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության վերաբերյալ:

Արկադի Ղուկասյանի խոսքերով, պայմաններ են ստեղծվելու, որպեսզի Արցախի պետական, քաղաքական գործիչներն ու կառույցները միջազգային ատյաններում սեփական շահերը պաշտպանելու հնարավորություն ունենան:

Ազգային ժողովում այսօր կայացած քննարակումների ընթացքում խոսվել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորության եւ նպատակահարմարության մասին: Արկադի Ղուկասյանը չի բացառում Հայաստանի կողմից մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությունը:


Բանակցային գործընթացը գնահատելով՝ նա ընդգծեց.
«ես գտնում եմ, որ երկու նախագահների ֆորմատը չի խանգարում Մինսկի խմբի գործընթացներին, դրանք կարող են գնալ զուգահեռ: Հիմնական ֆորմատը, որը հաստատվել է 1992 թվականին Մինսկի խմբի ֆորմատան է: Նախագահները հաճախակի չեն կարող հանդիպել, իսկ խնդրի լուծումը հաճախակի հանդիպումներ է պահանաջում»:

Ղարաբաղյան կարգավորումը վերստին փուլային գործընթաց մտցնելու հնարավորությունը Արկադի Ղուկասյանի քիչ հավանական է համարում: Նրա խոսքերով, կային այդպիսի խոսակցություններ, սակայն ամենաօպտիմալ տարբերակը փաթեթայինն է՝ ավելի դժվար, բայց շատ ավելի արդյունավետ: - «Չեմ գտնում, որ փուլային տարբերակով հնարավոր լինի լուծել այս հարցը, որովհետեւ անվստահությունն այնքան մեծ է, ատելությունն այնքան մեծ է, եւ թշնամական պրոպագանդան Ադրբեջանի կողմից շարունակվող չի նպաստում այդ հարցի փուլային լուծմանը, ինչը նշանակում է անել մեկ քայլ եւ սպասել, թե ինչ է անելու մյուս կողմը: Ես գտնում եմ, որ դա ռեալ տարբերակ չէ, - ասաց Արկադի Ղուկասյանը, - չնայած չեմ բացառում, որ միջնորդները որոշ փուլային էլեմենտներ առաջարկեն: Բայց վերջնական որոշում ընդունողը մենք ենք»:

Իսկ որքան կարող է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը ձգձգվել հարցին էլ նա արձագանքեց. «Ես կպատասխանեի այդ հարցին, եթե դա միայն մեզանից կախված լիներ: Միայն մեզնից չի կախված այդ հարցի լուծումը, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը մեկ-մեկ տարօրինակ քայլեր է անում, ես չեմ կարող իրենց փոխարեն որոշել»:

Այդքանով հանդերձ, պարոն Ղուկասյանը գտնում է, որ կան հնարավորություններ հարցը լուծելու համար: Բայց, եթե Ադրբեջանը շարունակի մնալ նույն դեստրուկտիվ (ոչ կառուցողական) դիրքում, այս հարցը կարող է չլուծվել շատ երկար տարիներ:

Բանակցությունների ակտիվ փուլ մտնելու հարցում Ղարաբաղի նախագահաը դժվարացավ որեւէ կոնկրետ բան ասել ,սակայն չբացառեց, որ դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո:

Բացի այդ, պարզվեց նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման մոդիֆիկացված առաջարկները Լեռնային Ղարաբաղին չի ներկայացրել: Իսկ ինչ վերաբերում է Քի Ուեստյան եւ Փարիզյան սկզբունքներին, ապա դրանցում, ըստ ԼՂՀ նախագահի, կան ընդունելի եւ անընդունելի կետեր:

Բոլոր դեպքերում Ստեփանակերտում գիտեն ինչ են ուզում: Ղարաբաղի անկախությունը քննարկման խնդիր չէ. «Մենք չենք հրաժարվելու մեր անկախությունից» եւ «Առանց Ղարաբաղի հնարավոր չէ այս հարցը լուծել», շեշտեց Արկադի Ղուկասյանը:

Մի հարց էլ կա, որ վիճարկելի չէ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ցամաքային կապի հարցն է: Նա շեշտեց նաեւ, որ իրենք պատրաստ են աշխատել Ադրբեջանի հետ ցանկացած ձեւաչափում՝ Հայաստանի հետ կամ առանց Հայաստանի մասնակցության:

Պատերազմի վերսկսման հնարավորությունը Արկադի Ղուկասյանը գրեթե բացառում է՝ նշելով, որ ինքը չի գտնում, թե Ադրբեջանն այսօր պատրաստ է սկսել պատերազմ եւ հաղթել այդ պատերազմում, եւ դա շատ լավ հասկանում են նաեւ Ադրբեջանում: «Ամեն դեպքում, մենք պետք է ամրապնդենք մեր պաշտպանությունը, քանի որ կա այսպիսի մի բանաձեւ՝ եթե չես ուզում պատրեազմ, միշտ պատրաստ եղիր պատերազմի»:

Արցախի համար ո՞վ է ամենանախընտրելի նախագահի թեկնածուն Ադրբեջանում հարցին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահը պատասխանեց, թե բոլոր թեկնածուներն էլ ոչ կառուցողական են Ղարաբաղի հարցում՝ լինի Ալիեւը թե՝ մեկ ուրիշը: Այնպես որ, տարբերություն չկա:

Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG