Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մամուլում այսօր արտացոլված են «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի շուրջ բանավեճի բոլոր կողմերը: Ընդհանուր առմամբ, մի կողմից, ինչպես մասնավորապես «Այբ-Ֆե» թերթն է ձեւակերպում. ««Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը մարսելուց հետո իշխանությունները որոշել են գրոհել այն մի քանի տպագիր լրատվամիջոցների վրա, որոնք դեռեւս ընդունակ են մտածել իշխանությունների կամքից անկախ: Այսօր Ազգային Ժողովը վերացրեց Ռոբերտ Քոչարյանի անսահմանափակ իշխանության վերջին խոչընդոտը՝ ընդդիմադիր տպագիր մամուլը»:

Մյուս կողմից, «Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի անսասան համոզմունքը, թե. «այս օրենքը լինելու է եվրոպական օրենքների լավագույնների շարքում, եթե ոչ՝ լավագույնը»:

«Հայոց աշխարհ» թերթի ընդգծմամբ, այսօր մեր երկրում գործնականում չկա զանգվածային լրատվության ինքնաբավ եվ ոչ մի միջոց: Եթե քաղաքացիները սեփական գրպանից ի վիճակի չեն պահել իրենց թերթը, իրենց հեռուստաալիքը, իրենց ռադիոալիքը, «խոսքի ազատությունը» անխուսափելիորեն սեղմվում է կամավոր կամ հարկադրական մեկենասների «խոսքի»: Լրատվական բիզնեսը Հայաստանում շահութաբեր չէ, հետեւաբար շահութաբեր չէ նաեւ ինքնին խոսքի ազատությունը, այլ կերպ ասած, այն չկա»::

«Հայոց աշխարհ»-ի խմբագիրը նաեւ մատնանշում է. «բոլոր ժողովրդավարական հայեցակետերն ու ազատությունները սկսվում են միայն այն ժամանակ, երբ բավարարված են մարդու առաջնահերթ ու գլխավոր պահանջմունքները: Երբ կա տուն, ուտելիք, աշխատանք եւ վստահություն վաղվա օրվա նկատմամբ: Իսկ քանի դեռ այդ գլխավորը չունի, ուրիշ ոչ մի բան նրան չի մտահոգում: Ընդհակառակը՝ նյարդայնացնում է անպատեհությամբ:

Այնպես որ, ըստ «Հայոց աշխարհ»-ի խմբագրի, բարձրացված աղմուկը հուզում է մեզանից միայն ոմանց: Իսկ լրագրողների հիմնական զանգվածը գերազանց հասկանում է տեղի ունեցող իրադարձությունների շինծու եւ արհեստական բնույթը: Լրագրողների հիմնական զանգվածը նախընտրում է, օգտագործելով հարմար առիթը, չխցկվել հեռուստախցիկների մեջ եւ չձեւանալ Լյութեր Քինգ, այլ հանգիստ, ազնվորեն ու պրոֆեսիոնալ անել իր գործը: Իսկ եթե ազնվորեն ու պրոֆեսիոնալ անես գործդ, ապա քեզ չի խանգարի եւ ոչ մի օրենք:

«Փաստորեն այնպես է ստացվում, որ իշխանություն -ընդդիմություն պայքարի հարթության վրա սպասվող «թեժ աշնան» փոխարեն «թեժ աշուն» ենք արձանագրում իշխող քաղաքական կոալիցիայի ներսում, - անդրադառնում է «Հայոց աշխարհ» թերթը,- եվ մեղավորները հենց իրենք են կոալիցիայի անդամները, քանզի ոչ ոք չի խանգարում նրանց գործել համաձայն ստորագրած «Քաղաքական կոալիցիայի հուշագրի», որի դրույթները սկսել են խախտվել ստորագրումից անմիջապես հետո: Նման գործելակերպը շարունակելու դեպքում կոալիցիան չի կարող տեւական կյանք ունենալ» :

«Հայաստան – Սփյուռք» տնտեսական համաժողովի բացմանը Ռոբերտ Քոչարյանի ելույթի որոշ շեշտադրումների «Առավոտ» թերթը թերահավատ հեգնանքով է նայում. «քանի որ մեր երկրում ներդրումներ անելու եւ բիզնեսը զարգացնելու որեւէ խոչընդոտ համարյա չկա, իսկ եղածներն էլ կառավարությունը միշտ պատրաստ է քննարկել ու վերացնել, ուրեմն ներդրումներ չանելու պատճառները պիտի փնտրել արտասահմանցի գործարարների հոգեբանության տարօրինակություններում»։

Սփյուռքի գործարարներ էլ կան, որոնք մեր տնտեսության մեջ ներդրում անելը մեծ հերոսություն են համարում եւ դա անելու համար մեծ արտոնություններ են պահանջում։ Սրան ի պատասխան՝ Քոչարյանն իր ելույթում նշեց, որ օրենսդրությունն արդեն արտոնություններ տալիս է։ «Ոչ միայն օրենսդրական արտոնություններ, - ավելացնում է «Առավոտ»-ը ,- Եվ ոչ միայն օտարերկրյա ներդրողների համար։ Եթե ուզում եք իմանաք, մեզ մոտ բացառիկ արտոնություններից օգտվող տեղական հերոսների թիվն արդեն իսկ մեծ է։ ուցե հենց այդ պատճառո՞վ է, որ Սփյուռքը չի շտապում ներդրումներ անել»:

«Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. «Երբ սփյուռքից մեր հայրենակիցը գալիս է Հայաստանում ներդրում անելու, աշխատատեղ ստեղծելու, բիզնես սկսելու, եւ իշխանավորներին ու գործարար աշխարհը, եթե նրանց գրկաբաց չեն էլ ընդունելու, ապա գոնե մեջքից չխփեն: Պետք է Հայաստանում իրապես ապահովվի մրցակցության առավելագույնս հավասար դաշտ: Չլինի այնպես, որ եթե ինձ մրցակից է գալիս, ապա ապա ապօրինի ճանապարհներով փորձեմ նրան վնասել կամ այնպես անեմ՝ թողնի - փախչի»:

Ըստ Հրանտ Վարդանյանի, վստահության մթնոլորտ ու գործարարության մաքուր դաշտ ստեղծելու համար երկրի նախագահից սկսած, ամբողջ իշխանական բուրգով մեկ պետք է հաստատել օրենքի դիկտատուրա եւ առանձնահատուկ անհանդուրժողական լինել կոռուպցիայի դրսեւորման յուրաքանչյուր փաստի նկատմամբ:

«Գրանդ Հոլդինգի» նախագահը նաեւ մտածում է. «Ըստ իս վաղուց արդեն ժամանակն է, որ ունեւոր մարդիկ պետական բյուջեին հաշվետու լինեն իրենց ունեցվածքի համար, ունեւոր խավը նաեւ անձնական շահույթի հարկ վճարի: Եթե պետությունն ընդհանուր հարկերից բացի, ինձանից հարկ գանձեր նաեւ ճոխ ապրելու համար, այդ դեպքում գուցե կկարողանայի պարզ երեսով նայել միջին վաստակի տեր, կամ սոցիալապես ոչ այնքան ապահովված մարդու աչքերի մեջ»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG