Մատչելիության հղումներ

Գերմանական ներդրումներով հայ գործարարներն աշխատում են գերմանական ճշտապահությամբ


«Վարկերի երաշխիքային հիմնադրամ» ծրագրի շրջանակներում այսօր Գերմանիայի Դաշնության կառավարությունը մոտ 4 միլիոն 350 հազար եվրո արժողության դրամաշնորհ հատկացրեց Հայաստանի կառավարությանը։ Այդ գումարով հայաստանյան մասնավոր բանկերին երաշխիքներ կտրվեն միջազգային ֆինանսական հաստատություններից էժան վարկեր վերցնելու եւ տեղի փոքր ու միջին բիզնեսը ցածր տոկոսադրույքներով վարկավորելու նպատակով։

Այս մտադրությունը փաստող պայմանագիրը այսօր ֆինանսների եւ էկոնոիմկայի նախարարությունում ստորագրեցին նախարար Վարդան Խաչատրյանը եւ գերմանական Վերականգման վարկերի բանկի Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի Անդրկովկասի ֆինանսական եւ մասնավոր ոլորտի զարգացման բաժանմունքի տնօրեն Կլաուս Գլաուբիտը։

Պայմանագիրը ստորագրելուց հետո Վարդան Խաչատրյանն ասաց, թե այս ծրագիրը տարածաշրջանային ընդգրկում ունի, որին Գերմանիայի կառավարությունը ընդհանուր առմամբ 15 միլիոն եվրո է հատկացրել։ Սակայն, ինչ - ինչ պատճառներով Ադրբեջանը հրաժարվել է իրեն հատկացված գումարից, որը կիսվել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ։

Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվել է գերմանացիների առաջարկած շահեկան ծրագրից տարածաշրջնային բնույթի եւ Հայաստանի մասնակցության պատճառով, հարցին պարոն Գլաուբիտին պատասխանեց ավելի շատ դիվանագիտորեն:

Ըստ նրա, այս ծրագրի նախնական փուլում կային որոշակի թյուրիմացություններ, որոնք իրենց մեծ դերը խաղացին, այդուհանդերձ, այս ընթացքում Ադրբեջանը փոխել է իր վերաբերմունքը այս ծրագրի նկատմամբ: Բացի այդ, իրենք ուզում ենք իրենց նպաստը բերել Հարավային Կովկասի երկրների մասնավոր բանկերի միջեւ երկխոսության կայացման հարցում: Պարոն Գլաուբիտը հավելեց նաեւ, թե ավելի ուշ Ադրբեջանի կառավարությունը դիմել է իրենց նույնատիպ մի վարկային ծրագիր սկսելու խնդրանքով։

Փաստենք, որ անկախությունից ի վեր Գերմանիայի կառավարությունը ավելի քան 120 միլիոն եվրոյի վարկեր ու դրամաշնորհներ է տրամադրել Հայաստանի կառավարությանը՝ տարբեր ծրագրերի ֆինանսավորման նպատակով։ Դրանց մեջ ամենահաջողվածը, պատասխանատուների հավաստմամբ, գերմանահայկական հիմնադրամի միջոցով փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագիրն է, որը, Վարդան Խաչատրյանի գնահատմամբ, այդ տիպի ծրագրերի մեջ նմանը չունի, շատ արդյունավետ ծրագիր է՝ գրեթե 100 տոկոս վերադարձով:

Այսինքն, մեր գործարարները գերմանական փողերով աշխատում են գերմանական ճշտապահությամբ, ինչը դժվար է ասել, ասենք, տեղական գումարներով եւ այլ ծրագրերով վարկավորման դեպքերում։ Այսօր Վարդան Խաչատրյանը հատկապես շեշտեց, թե գերմանական կողմի երաշխիքներով մեր մասնավոր բանկերը կկարողանան եվրոպական ու առաջին հերթին գերմանական մասնավոր բանկերից ցածր տոկոսադրույքներով գումարներ ստանալ ու մատչելի պայմաններով տրամադրել փոքր ու միջին բիզնեսում զբաղված մարդկանց։

Բայց արդյոք մեր մասնավոր բանկերը դրսից ներմուծվող ռեսուրսների կարիք ունե՞ն։ Վերջերս Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե հայաստանյան մասնավոր բանկերից շատերն իրենց փողը այստեղ ներդնելու ասպարեզ չգտնելով՝ գերադասում են այն մասամբ դուրս հանել ու պահել արտասահմանյան բանկերում։

Հիմնական պատճառն, ըստ բանկի նախագահի, շահույթ խոստացող, արժանահավատ եւ հիմնավորված բիզնես-ծրագրերի բացակայությունն է։ Սակայն, ձեռներեցների կարծիքով, հիմնական պատճառը՝ վարկերի բարձր տոկոսներն են։

Ի դեպ, այս օրերին Երեւանում ընթացող Հայաստան - Սփյուռք առաջին գործարար համաժողովի ընթացքում հատկապես Սփյուռքահայ գորածրարներից շատերը փոքր ու միջին բիզնեսի զարգացման գլխավոր խոչընդոտ են մատնանշում ձեռներեցներին առաջարկվող վարկերի բարձր տոկոսները։ Վարկերի տարեկան 18-ից 20 տոկոս մակարդակի պայմաններում ոչ մի նորմալ բիզնես չի կարող զարգանալ, ասում են նրանք։ Օրինակ, գործարար համաժողովի ամբիոնից երեկ նման հայտարարություն հնչեցրեց սփյուռքահայ հայտնի գորածարար Հայկ Արսլանյանը, իր գործընկերներին կոչ անելով ստեղծել Համահայկական բանկ՝ փոքր ձեռներեցներին միջազգային չափանիշներին համապատասխան ցածր տոկոսներով վարկեր տալու նպատակով։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG