Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հզոր են այն երկրները, որոնց տնտեսությունն է քաղաքականություն թելադրում, շեշտադրում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովի իմաստավորմամբ: Մասնագետները հավաստիացնում են, որ Հայաստանը տարածաշրջանում կարող է դառնալ այդպիսին: Բայց դեռ անցնելու ճանապարհ ունի. այն է՝ համազգային ջանքերի կենտրոնացում: Այսօր ամենահրատապը տնտեսությունը զարգացնելն է, որպեսզի կարողանանք ապահովել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, ցեղասպանության ճանաչումը:

«Հայկական ժամանակ» թերթի մատնանշմամբ, երեկ համաժողովի բացման ժամանակ միակ ուշագրավ ելույթը նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցինն էր, որը մասնավորապես ասել է. «Մոտ 2 հազար տարի մեր հասարակության խնդիրների հիմնական պատճառը եղել է բռնապետական քաղաքական մշակույթը: Բռնապետն ինքնակամ զրկում էր քաղաքացիներին իրենց գույքից, ազատությունից եւ նույնիսկ կյանքից: Քաղաքացիները մշտապես խոցելի էին եւ անպաշտպան եւ, հետեւաբար, դարեր շարունակ հնարել էին գոյատեւման միջոցներ եւ գործիքներ, ինչպիսիք են քծնանքը, կաշառակերությունը եւ կոռուպցիայի դրսեւորման զանազան այլ ձեւեր: Բռնակալությունը հաճախ վարակում էր նաեւ ստորադաս պաշտոնյաներին»:

Վահրամ Ներսիսյանցի որակումները կարծես արտացոլում էին Հայաստանի ներկա իրավիճակը, եւ Մարզահամերգային համալիրի դահլիճում լարվածություն էր նկատվում ,- փոխանցում է մեկնաբանանը:- Մինչեւ այն պահը, երբ Ներսիսյանցը ավելացրեց՝ «սա էր պատկերը մինչեւ 1990 թիվը»:

Անդրադառնալով հայերի համաշխարհային կազմակերպություն ստեղծելու Արա Աբրահամյանի նախաձեռնությանը, «Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը նշում է. «Աշխարհի հայերին միավորելու համար անհրաժեշտ է ազգային մեծ գաղափար։ Այն ձեւակերպելու համար հարկավոր է ուղեղ ու խիղճ։ Իսկ դա պետք է անի ազգի էլիտան։ Սակայն մեր էլիտան, ավա՜ղ, ո՛չ ուղեղ ունի, ո՛չ խիղճ։ Չեմ խոսում արդեն մեր աներեւակայելի ձախորդության մասին, որը հազարամյակների ընթացքում բյուրեղացել է «հայի բախտ» բանաձեւում»։ Այսպես թերահավատ՝ խմբագիրը Արա Աբրահամյանի համար էլ նախատեսել է, եթե հայերի միավորման գործում ինչոր բան չստացվի, ապա հանգիստ կարող է դառնալ ժողովրդական մոգ եւ հեքիմ։ Լուսանկարներով կգտնի փախած ամուսիններին կամ էլ հանդես կգա հեռուստատեսությամբ որպես ժողովրդական հոգեթերապեւտ։

1998թ. իշխանափոխության եւ «պարտվողական» քաղաքականություն վարող Լեւոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանով փոխարինելու անհրաժեշտությունը բացատրվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հայանպաստ լուծելու հանգամանքով: Այսօր, սակայն Ստեփանակերտում եւ Երեւանում տրամադրությունները կարծես թե փոխվել են, գրում է այսօր «Առավոտ» թերթի մեկնաբանը՝ Ստեփանակերտում լույս տեսնող «Ազատ Արցախ» թերթից մեջբերելով. «Ըստ երեւույթին, հասունացել է այն պահը, երբ բոլորը գիտակցել են, որ անտրամաբանական է լուծել ղարաբաղցիների հարցն առանց ղարաբաղցիների, եւ, որ Ռ.Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, ավելի քիչ հնարավորություններ ունի պաշտպանել ղարաբաղցիների շահերը, քան Ղարաբաղի ներկայացուցիչը»:

ԼՂՀ նախագահ Ղուկասյանն էլ վերջերս ասում էր՝ «հակամարտության կողմ կարող են ճանաչվել միայն Ադրբեջանն ու Ղարաբաղը, իսկ Հայաստանը՝ որպես ներգրավված կողմ եւ Ղարաբաղի անվտանգության երաշխավոր»: Այսպես 5 տարի անց տեսակետներ են ներկայացնում, որոնք իրենց կարծիքով, նորամուծություններ են, սակայն բավականին համահունչ են «նախկինների պարտվողական» հայտարարություններին», ի մի է բերված «Առավոտ»-ում:
Ավանդների վերադարձման հարցին առնչվող երեկվա քվեարկությամբ Ազգային ժողովում փլուզվեց կոալիցիայի ենթադրյալ միասնությունը, առանձնացնում է «Իրավունք» թերթը: Փաստվեց, որ Հանրապետականները լուրջ խնդիր ունեն «Օրինաց երկրի» ու Դաշնակցության հետ: «Վերեւում հիմա իրար միս են ուտում», ձեւակերպել է հանրապե տական պատգամավորներից մեկը:

Ըստ «Իրավունք»-ի մեկնաբանի, գզվռտոցի նշան է եւ իրավապահների հետաքրքրությունը ՕԵԿ անդամ նախարարների ղեկավարած ոլորտներով, ինչպես եւ հույժ կասկածելի խաղերը, այսպես կոչված, «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի» քրեական գործի շուրջ: Օրըստօրե ավելի համառ են դառնում այն պնդումները, թե «գլխավոր ռեժիսոր» Ռոբերտ Քոչարյանը փորձում է խորացնել Անդրանիկ Մարգարյան- Արթուր Բաղդասարյան հակասությունները: Չի բացառվում , որ պետբյուջեի հնարավոր չընդունման ֆոնի վրա Քոչարյանը փորձի ազատվել ներկա վարչապետից:

«Բանսարկություններով զբաղվող մարդն այլեւս այլ բանով զբաղվել չի կարող, քանզի մնացած ամեն ինչը նրան թվում է տաղտկալի»,- հույն փիլիսոփայի այս մտքով է նախարար Հովիկ Աբրահամյանն արձագանքել «Առավոտ»-ի հարցին՝ ինչքանո՞վ են հավաստի լուրերը, թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, դուք եւ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս ստեղծելու եք նոր քաղաքական ուժ, որն իր վրա է վերցնելու վարչապետափոխության առաքելությունը: «Եթե ինչ-որ մեկը, կամ ինչոր ուժեր որոշել են իրենց ապագան կառուցել անհեթեթ վարկածների վրա, ապա դա բավականին պրիմիտիվ եւ անհեռանկար նախաձեռնություն է, հավաստիացնում է Հովիկ Աբրահամյանը, ըստ որի՝ իշխող կոալիցիայի ներսում էլ փոխադարձ անվստահության, անհաղթահարելի տարաձայնություններ չկան: Ինչ վերաբերում է, սակայն կադրային հարցերին. «Մենք թույլ չենք տա, որ նախարարությունները կամ գերատեսչությունները վերածվեն կուսակցությունների մասնաճյուղերի: Սեփական կուսակցության հոգսերով պաշտոնյան կարող է զբաղվել իր աշխատանքից դուրս: ործադիրում մեզ պրոֆեսիոնալներ են անհրաժեշտ»:

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում ասում է. «Եթե կոալիցիան գիտակցի, որ երկրի զարգացման խոչընդոտը ոչ այլ ոք է, քան պարոն Քոչարյանը, եւ այդ գիտակցումով իրենք դիմեն ընդդիմությանը, բնականաբար, համագործակցության կոչը մենք կընդունենք: Չպետք է երբեք ու երբեք կոալիցիայի կուսակցությունների եւ ընդդիմության միջեւ անհանդուրժողականության մթնոլորտ լինի, որովհետեւ պարոն Քոչարյանը գնացող է, իսկ մենք՝ մնացող: Ուստի մենք երբեք ու երբեք միմյանց հետ կամուրջները չպետք է այրենք»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG