Մատչելիության հղումներ

Թիկնազորի ինստիտուտը Հայաստանում դեռեւս կայացած չէ


Հայաստանում թիկնազորի ծառայությունից այսօր կարող է օգտվել ցանկացած ոք: Անհրաժեշտ է պարզապես դիմել Ոստիկանության պետական պահպանության վարչությանը, ներկայացնել որոշակի պայմաններ ու անհատական պայմանագիր կնքել: Հիմնականում խոշոր գործարարներն այդպես էլ վարվում են:

Օրենքով սահմանված կարգով, պետական պահպանության ենթակա են Հանրապետության եւ Ազգային ժողովի նախագահները, վարչապետն ու Սահմանդրական դատարանի նախագահը: Հանրապետության նախագահի որոշմամբ, պետական պահպանության ծառայությունից կարող են օգտվել նաեւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Սակայն մասնավոր անձանց պահպանության հարցը օրենքով դեռեւս կարգավորված չէ:

Օրենսդրորեն կարգավորված չէ նաեւ թիկնազորի գործունեության շրջանակները: Ոստիկանության պետական պահպանության վարչությունը ներկայումս առաջնորդվում է 1999 թվականին Կառավարության հաստատված կանոնադրությամբ:

Վերջերս Դաշնակցությունը կոալիցիոն գործունեության 100-օրյա հաշվետու ասուլիսում թիկնազորի խնդրին եւս անդրադարձավ՝ հայտարարելով, որ կուսակցությունը կոնկրետ հարց է դրել. «Հայաստանում արդեն սարսափելի չափերի հասնող թիկնազորի երեւույթին վերջ տալու եւ այդ գործունեությունը օրենքով կարգավորելու վերաբերյալ»:

ՀՅԴ Գերագույն մարմնի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում հաստատեց, որ թիկնազորի ծառայությունը բարձիթողի վիճակում է, ընդհանրապես կարգավորված չէ օրենքով, մինչդեռ դրա համար կան հստակ սահմանված միջազգային չափանիշներ: Թիկնապահները, ըստ այդ չափանիշների, պետք է համապատասխան ուսուցում անցնեն, որից հետո միայն կարող են իրավունք ձեռք բերել այդ գործունեությամբ զբաղվելու համար:

Ըստ Արմեն Ռուստամյանի, նաեւ պետք է հստակեցվի թիկնազորային ծառայության իրականացման կարգը: Ընդ որում, անհանգստացնող է ոչ թե այն, որ ցանկացած ոք կարող է օգտվել թիկնազորի ծառայությունից, այլ այն, որ հայտնի չէ, թե ովքեր եւ ինչպես են պահպանում այս կամ այն անձի կյանքը:

Դաշնակցությունն, այսպիսով , հետամուտ է լինելու, որպեսզի հարցն օրենքով կարգավորվի, եւ նույնիսկ պատրաստ են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Դեռ երկու ամիս առաջ Ոստիկանության պետական պահպանության վարչությունն արդեն նման մի օրինագիծ մշակել է, որը կառավարությունում հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Սակայն որոշ մասնագետների վկայությամբ, օրենքով հարցի կարգավորումից բացի, թիկնազորի ինստիտուտը Հայաստանում դեռեւս կայացած չէ: Այսօր թիկնապահներ են դառնում հիմնականում նախկին սպրոտսմենները, ովքեր ուժից եւ ատլետիկ կառուցվածքից բացի, ոչինչ չեն կարող առաջարկել իրենց պաշտպանյալին: Նրանք միայն ֆիզիկական պաշտպաններ են, մինչդեռ այդ ծառայությունը պետք է ավելի շատ անտեսանելի լինի՝ երբ թիկնապահը 24 ժամ շարունակ տեղեկություններ է հավաքում իր պաշտպանյալի անվտանգությունը ապահովելու համար:

Նշենք նաեւ, որ կան մասնավոր դպրոցներ, օրինակ Գյումրիում՝ թիկնապահական դպրոցը, Երեւանում՝ թիկնապահների ազգային ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղը: Բայց, մասնագետները գնահատում են, որ դրանք դեռեւս լուրջ կառույցներ չեն, ինչը հնարավոր է միայն լուրջ ներդրումների դեպքում:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG