Մատչելիության հղումներ

Սփյուռքի ֆինանսական ու նեդրումային հնարավորությունները տակավին մնում են չօգտագործված


Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում այսօր եռօրյա աշխատանքը սկսեց «Հայաստան - Սփյուռք» առաջին համահայկական տնտեսական համաժողովը։ Համաժողովի ավելի քան 900 մասնակիցներին ողջունելու էին եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները, միջազգային հեղինակավոր կառույցների եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Սփյուռքի գործարար հանրությունից համաժողովում ներկայացված է մոտ 150 ձեռներեց։

Գործարար համաժողովում առաջին խոսքը տրվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա մասնավորապես, ասաց, թե արդեն անցել են անկախության ռոմանտիզմի առաջին 5-6 տարվա ժամանակները, երբ մարդիկ համոզված ասում էին, թե միայն «Ջերմուկ»-ով կարելի է Հայաստանը պահել։ Այսօր պարզվում է, որ «Ջերմուկ»-ով Ջերմուկ քաղաքը չենք կարողանում պահել՝ էլ ուր մնաց Հայաստանը պահենք, շեշտեց նախագահն ու հավելեց, թե մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք, թե ի՞նչ ենք ուզում ու իսկապես ինչ հարստություն ունենք։ «Մեր հիմնական հարստությունը մեր կրթված ու ձեռներեց ժողովուրդն է», ամփոփոեց նախագահը:

Դառնալով գործարար Սփյուռքի հետ առնչությանը, նախագահը շեշտեց, թե սփյուռքահայ գործարարները կարող են մեծ դեր խաղալ արտաքին աշխարհում Հայաստանի դրական վարկանիշի ձեւավորման հարցում:
Ըստ նրա, Հայաստանում կարելի է հայրենասիրությունը եւ հաջող բիզնեսը համատեղել: Նախագահը սփյուռքահայերին հորդորեց հաղթահարել հոգեբանական այն արգելքը, թե Հայաստանում փող աշխատելը մեղք է, ու այստեղ միայն պետք է բարեգործությամբ զբաղվել։

Նախագահի ելույթին հաջորդեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վարչապետերի, Սփյուռքի գործարարների ներկայացուցիչների ելույթները։ Մասնավորապես, Հայաստանի ակնագործության ոլորտում ներդրումներ արած խոշոր գործարարներից մեկը՝ Հայկ Արսլյանյանը, Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ արեց իրենց ներդրումներով նպաստել Հայաստանի հզորացմանը. «վերջ տալ, առանց Հայաստան գալու՝ Սփյուռքում նրա մասին վատ լուրեր տարածելը»։ Համաժողովի բարձր ամբիոնից նման վարքագիծը պարոն Արսլանյանը «ազգային դավաճանություն» որակեց։

Գործարար համաժողովի այսօրվա պլենար նիստին հաջորդեց Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում բացված «Պան Արմենիան - Էքսպո 2003» ցուցահանդեսի բացումը։ Ներկայացված էր Հայաստանի եւ Սփյուռքի գործարարներին պատկանող 150 ընկերությունների արտադրանքը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հավաստմամբ, նույնիսկ հնարավոր չի եղել ապահովել բոլոր ցանկացող ընկերությունների մասնակցությունը:

Վաղը գործարար համաժողովը կշարունակի աշխատանքը «Արմենիա» հյուրանոցում՝ ըստ ճյուղերի եւ ոլորտների։ Այստեղ էլ Հայաստանի եւ Սփյուռքի գործարարները կփորձեն համադրել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գործարար ծրագրերը։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG