Մատչելիության հղումներ

Ընդդիմության պաշտոնական դիմումն արդեն Եվրադատարանում է


Ստեփան Դեմիրճյանը եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը պաշտոնապես դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ հայտնելով, որ մտադիր են հեղինակավոր այդ կառույցում բողոքարկել Հայաստանում անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Առաջին դիմումը, թեեւ դեռեւս նպատակ ունի հայտնել մտադրության մասին, այնուամենայնիվ, ընդդիմադիր գործիչների խոսքերով, ինչ-որ չափով նաեւ նման է հայցի, քանի որ մանրամասնորեն շարադրված են նաեւ բողոքի դրդապատճառները:

Դիմումատուները Եվրադատարանին խնդրել են հարցը քննարկել արագացված կարգով, քանի որ սովորական ընթացակարգով դիմումը քննության կառնվի 2-3 տարվա ընթացքում:

Ընդդիմադիրները սպասում են դատարանի պատասխանին, որից հետո արդեն պաշտոնական հայց կներկայացնեն ու կտրամադրեն ընտրությունների ժամանակ իրենց եւ միջազգային ու տեղական դիտորդների կողմից արձանագրված խախտումների ու կեղծիքների վերաբերյալ նյութերը, գնահատականները, եզրակացությունները:

Ըստ Ստեփան Դեմիրճյանի, հիմնական բարդությունն այն է, որ Եվրադատարանում նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու նախադեպ չի եղել: Տարբեր երկրներից ընտրական որոշ վեճեր քննարկվել են, բայց նախագահական ընտրությունների մասին դիմում չի եղել: Նրա կարծիքով, հարցն օրակարգային է դառնում, քանի որ նորանկախ երկրներում ժողովրդավարությունը ամրապնդված չէ, եւ Եվրադատարանը պետք է քննարկի նաեւ այդպիսի խնդիրների:

Եվրադատարանին ուղղված մտադրությունների դիմումը ստորագրել են Ստեփան Դեմիրճյանը, Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորները, ընդդիմադիր հիմանական կուսակցությունների ղեկավարները:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկելու են մեկ հայցով: Նա նշեց, որ փաստաթղթերը կազմելու, ձեւակերպելու գործերում աշխատում են արտասահմանյան իրավաբանական ընկերությունների հետ՝ ամերիկյան եւ եվրոպական ճանաչված, հեղիանկավոր իրավաբանների հետ, եւ իրենց համագործակցությունը բավականին արդյունավետ է: Ընդ որում, իրավաբանական խորհրդատվություն ցուցաբերելու եւ համագործակցության առաջարկը հենց արտասահմանյան իրավաբանների կողմից է եղել:

Իսկ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի խոսքերով, բնականաբար իրենց վերջնական նպատակը ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելն է: Բայց, իհարկե, Եվրոպական դատարանը նման լիազորություն չունի: Ուղղակի այդ դատարանը կարող է այնպիսի որոշումներ կայացնել, որոնք բավականին պարտավորեցնող լինեն Հայաստանի իշխանությունների համար: Օրինակ, կարող է որոշում կայացնել՝ իր վերահսկողությամբ ՀՀ Սահմանդրական դատարանի որոշման իրականացումը, այսինքն վստահության հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը: Առավելագույն ակնկալիքը Եվրոպական դատարանից դա է:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG