Մատչելիության հղումներ

Հացի գնի աճը պայմանավորված է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով


Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, ընթացիկ տարին հարուստ էր բնական աղետներով, ինչը բացասաբար է ազդել հատկապես հացահատկային մշակաբույսերի վրա: Արտադրության ծավալների նվազումը շոշափելի է, քանի որ անցած՝ 2002 թվականը, վերջին 15-20 տարիների համեմատ ամենանպաստավորն է եղել հացահատկի համախառն արտադրության տեսակետից:Իսկ այս տարվա առատ ձյունը, եվ մինչեւ վերջերս էլ տեղացած կարկուտը մեծ քանակությամբ բերք փչացրել է:

Հայաստանում արտադրվող ցորենը կազմում է շուկայի պահանջարկի ընդամենը մեկ երրորդ մասը: Ըստ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի, բերքի սակավությունը՝ 15-20 հազար տոննայով, չի կարող էական ազդեցություն ունենալ շուկայում հացի գնի բարձրացման վրա, եւ այդ տատնումները կապված են ներմուծման հետ:

Այս պահին, երբ հացահատկի բերքահավաքը հանրապետության բարձրադիր գոտիներում դեռ շարունակվում է, բունկերային գինը 1 կիլոգրամ ցորենի համար տատանվում է 120-130 դրամի սահմաններում, իսկ մշակված հացահատիկը գնահատվում է 150 դրամ: Այն դեպքում, երբ անցած տարի այդ գինը կազմում էր 80-90 դրամ: Այսպիսով, ներքին շուկայում հացահատկի արժեքը բարձրացել է շուրջ 50 տոկոսով:

Գյուղատնտեսության նախարարության պարենային ապահովության բաժնի պետ Վալերի Ազոյանի խոսքերով, այս տարի արդեն իսկ ներմուծվել է շուրջ 130 հազար տոննա ցորեն եւ նույնքան կներկրվի մինչեւ տարեվերջ: Պակասորդը, որ ծագել է այս տարվա սակավ բերքի պատճառով, նույնպես կծածկվի ներմուծման հաշվին:

Իսկ ինչ վերաբերում է գներին, ապա միջազգային գների տատանումը տոկոսային հարաբերությամբ համապատասխանում է մեր շուկայի գներին, կարծում է Վալերի Ազոյանը: Սակայն ցորենի միջազգային գինը բարձրացել է ընդամնեը 15-20 տոկոսով, այն դեպքում, երբ հայաստանայն շուկայում այդ տատանումը կազմում է շուրջ 50 տոկոս:

Վերլուծությունը ցույց է տալիս նաեւ, որ մրցակացային խնդիր այս ոլորտում եւս կա: Ուսումնասիրելով ներմուծող սուբյեկտների անուններն ու ներկրման ծավալները՝ ակնհայտ են դառնում որոշակի տեղաշարժեր: Այսպես, հանրապետություն ցորեն է բերվում մոտ 44 տնտեսավարողների ներկրմամբ, բայց իրականում այդ ամբողջ բիզնեսը մի քանի՝ 3-ից 4, խոշոր ներկրողների ձեռքում է: Այս տարի տեղի է ունեցել առաջատար ներմուծողների դիրքի փոփոխություն, ինչը եւս բացասական ազեդցություն է թողել հացահատկի շուկայի վրա:

Անուններ եւ ծավալներ նշելուց պետական պաշտոնյանները խուսափում են: Վալերի Ազոյանի մեկնաբանությամբ, առաջիկայում շուկայում ձեւավորված գները կմնան կայուն եւ հնարավոր է ոչ էական բարձարցումներ:Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ միջազգային շուկայում ցորենի, ալյուրի գինը անհամեմատ բարձր է Հայաստանում ձեւավորված գներից՝ հասնում է 1- 3 դոլարի:

Պետք է նկատել նաեւ, որ գների ցածր մակարդակի պատճառն այն էր, որ հանրապետություն ներկրվող ցորենի մեծ մասը շրջանցում էր մաքսային ծառայությունը, եւ գործարարները կարողանում էին շուկա ներարկել բավականին էժան ու իրենց համար բարձր շահութաբեր ապրանք:

Դրա ապացույցն է, որ ոչ մի ցուցանիշ՝ վիճակագրության ծառայության, մաքսային ծառայության եւ տնտեսավարող սուոբյեկտերի ներկայացրածները, մեկը մյուսին չեն համապատասխանում: Մաքսային պետական կոմիտեն հրաժարվեց անգամ հրապարակել ներկրվող ցորենի գինը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը բավականին երկար ժամանակ է փորձում է պարզել՝ կա՞ արդյոք այս ոլորտում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսեւորումներ: Ավարտին մոտեցող այս վերլուծության մասին հանձնաժողովը նույնպես դեռեւս նախընտրում է լռել, բայց նաեւ խոստանում է մոտ օրերս հրապարակվել վերջնական եզրակացությունը:

Պետք է նկատել, որ ինչպիսին էլ լինի այն, գները՝ դեռեւս ոչ շեշտակի, բայց համաչափ, բարձրանալու են: Վալերի Ազոյանի խոսքերով, գների աճը պայմանավորված է նաեւ էներգակիների գների բարձրացման հետ, քանի որ ալյուրի եւ հացի արտադրությունը էներգակիրներ են պահանջում:

Գների բարձրացման այլ պատճառներ եւս առաջիկայում կարող են ի հայտ գալ: Հիմնականում այս շուկայում որեւէ կասկածելի զարգացման դեպքում գյուղացիները մեծացնում են իրենց պաշարները՝ ավելի քիչ ցորեն եւ ալյուր հանելով վաճառքի: Դա կարող է իր հերթին դառնալ հացի գնի բարձրացման հավելյալ պատճառ՝ պայմանավորված արհեստական դեֆիցիտով, եւ սպասողական աժիոտաժով:

Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG