Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր մենք ունենք երեք բացարձակ, անսակարկելի եւ անքննելի արժեք՝ Հայաստանի Հանրապետությունը, Սփյուռքը եւ Ղարաբաղը: Այս երեք ազգային արժեքների պահպանումը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքը պիտի լինի: Իսկ խաղաղ պայմաններում երկիրը նվաճում են տնտեսապես», ընդգծում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը:

Ինչ խոսք, ընդդիմությունը պետք է ձգտի իշխանափոխության, իսկ իշխանությունը՝ «իշխանապահպանության»: Բայց այդ աստիճանի քաղաքականացված է մեր բնակչության չնչին տոկոսը եւ, ցավոք, լրատվամիջոցների մեծ մասը: Իսկ սովորական մարդիկ ձգտում են սեփական բարեկեցության ապահովման, շեշտադրում է «Առավոտ» թերթի խմբագիրը:

«Հայ Դատն այսօր ուժեղ պետության ստեղծումն է: Ճապոնացիներն իրենց պատմության ընթացքում մեծ պրոբլեմներ են ունեցել հարեւանների, մասնավորապես 20-րդ դարում՝ ամերիկացիների եւ ռուսների հետ: Սակայն ճապոնացիներն ի պատասխան դրան ամբողջ աշխարհով մեկ չսկսեցին ստեղծել Ճապ Դատի գրասենյակներ, ճապոնացի կամիկաձեները ոչ մի ռուս կամ ամերիկացի դիվանագետ չեն սպանել: Եվ տասնամյակների ընթացքում նրանք այնպիսի երկիր կառուցեցին, որի առաջ խոնարհվում են ռուսները, ամերիկացիները եւ չինացիները: Կուրիլյան կղզիներին էլ նրանք վաղ թե ուշ փաստացիորեն կտիրանան՝ առանց սահմանները վերաձեւելու: Պարզապես ռուսներին մի այնպիսի բիզնես-առաջարկ կանեն, որից ռուսները չեն կարողանա հրաժարվել»: Այնպես որ, ըստ «Առավոտ»-ի խմբագրի, ավելի իրատեսական է «ճապոնական տարբերակը»: Բայց դրա համար մենք՝ Հայաստանը, տնտեսական եւ տեխնոլոգիական տեսակետից պետք է մի քանի գլուխ բարձր լինենք մեր հարեւաններից: Իսկ դրա համար, իր հերթին, անհրաժեշտ է ունենալ ոչ թե «կազմակերպված», այլ ժողովրդավարական պետություն:

«Տասներկու տարի առաջ մենք հպարտ էինք մեր կայացրած հավաքական որոշմամբ, մենք հպարտ էինք, որ անկախ պետություն ենք հիմնադրում: Տասներկու տարի անց մեր անկախությամբ հպարտների թիվը էապես նվազել է, եւ անգամ նրանք, ովքեր շարունակում են հպարտ լինել անկախությամբ, իրենց հպարտությունը նոր իրողություններով չեն ամրապնդել, - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը:- Մենք «հաջողություններ ենք գրանցել», բայց որեւէ հարց վերջնականապես լուծված չէ: Իսկ սա նշանակում է, որ ոչ մի հաջողություն էլ չկա, ու եթե անգամ կա այդ հաջողությունը՝ մի իքս պահի կարող է ետ գլորվել ելման դրություն»:

«Հայկական ժամանակ» - ում նաեւ ձեւակերպված է. «կեցցեն այն ժամանակները, երբ սեպտեմբերի 21-ին սեղաններ կբացվեն ոչ միայն կուսակցական ու կառավարական դահլիճներում, այլեւ՝ յուրաքանչյուր հայաստանցի ընտանիքում»:

«Հայաստանում անկախություն չկա, կա իշխանություն,- բնաձեւել է այսօր «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը,- անկախությունը մեծացավ որբ, անկախությունը խնամվում էր այնքանով, որքանով դա իշխանություններին պետք էր նրա անունից մարդամեջ դուրս գալու համար»:

Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. «Հավատացած եմ, որ 12 տարին բավարար էր ստեղծելու շատ ավելի ամուր, տնտեսապես զարգացած եւ գաղափարապես տոկուն ու առողջ հասարակարգ։ Ցավոք, սա չստացվեց, քանի որ ի սկզբանե չդրվեց հայրենի քաղաքական էլիտա ձեւավորելու խնդիր։ Որդեգրվեց լենինյան սկզբունքը, եւ ՀՀՇ ղեկավարները եւս փորձեցին ապացուցել, որ ցանկացած խոհարար կարող է պետություն ղեկավարել։ Այդ «ցանկացած խոհարարներից» մինչեւ օրս չենք կարողանում ազատվել։ Կադրային նույն քաղաքականությունը այսօր էլ էական փոփոխության չի ենթարկվել: Շատ ու շատ սխալներ կարող էին չլինել։ Եվ այդ դեպքում մեր հասարակությունը այսօր նման սոցիալական ու քաղաքական լարված մթնոլորտում չէր ապրի: Ստացվում է, որ այսօր իշխանավորներն են անկախացել Կրեմլից, իսկ ժողովուրդը դեռ անկախ չէ, որ սահմանի ի՛ր վերահսկողությունը ի՛ր իշխանության նկատմամբ»։

Կոալիցիայի կառավարման 100 օրվանն առնչվող Դաշնակցության հաշվետվության հետքերով, Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ակնարկում է. «Երբ կոալիցիան մեծամասնությամբ որոշում է կայացնում այս կամ այն հարցում, այդ որոշումը պետք է իրագործվի, ոչ թե վիճարկվի»:

«Առավոտ» թերթի փոխանցմամբ. «Մի՞թե դաշնակցականներն այնքան միամիտ էին, որ հավակնում էին Հանրապետականի հետ հավասար լիազորություններ ունենալ։ Իսկ գուցե հակառա՞կը՝ որոշել էին խորամանկել՝ կառավարություն մտնել հավասար «փայով», բայց ակնկալելով նաեւ ՀՅԴ-ի աջակցությամբ նախագահ դարձած Քոչարյանի հատուկ վերաբերմունքը։ Բայց, ինչպես միշտ, հաղթողներն անշնորհակալ են գտնվում հենց նրանց հանդեպ, ովքեր առավել ջանքեր էին թափում իրենց հաղթանակի համար»: Ըստ այդմ էլ, «Առավոտ»-ն օրինաչափ է համարում, որ Դաշնակցությունը հայտարարում է, թե որքան սահմանափակ են իր հնարավորությունները՝ կառավարության գործունեության համար հավասար պատասխանատվություն կրելու համար, հետո էլ ձեռքերը լվանալով դուրս կգա կոալիցիայից։

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG