Մատչելիության հղումներ

Առաջիկա եռօրյայում ընդգրկված է զանգվածային լրատվությանն առնչվող օրինագծերի փաթեթը


Ազգային Ժողովի ղեկավարության խորհրդակցությունից հետո լրագրողների հետ հանդիպման այսօր ներկայացավ Ազգային ժողովի կրթության, մշակույթի, լրատվական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը:

Այս հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած զանգվածային լրատվությանն առնչվող օրինագծերի փաթեթին: Փաթեթն ընգրկում է երեք նախագիծ: Դրանցից առաջինը «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքի նախագիծն է:
Մյուս երկուսը փոփոխություններ են նախատեսում վարչական իրավախախտումների եւ պետական տուրքերի մասին օրենքներում:

Գարնանը քվեարկությամբ մերժվելուց հետո, «Զանգվածային լրատվության մասին» նախագիծը, հանձնաժողովի նախագահի բնորոշմամբ, բավական բեռնաթափել են:

Իսկ դրույթը, որով օտարեկրյա լրատվամիջոցը կարող էր Հայաստանում միայն ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, որը հակասում էր օրինակ, «Ազատություն» ռադիոկայանի կարգավիճակին, լրջորեն քննարկվել է: Եկել են եզրակացության, որ «Ազատություն» ռադիոկայանն ընդամենը լրատվություն է հավաքում եւ փոխանցում, եւ դա չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեություն:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների բուռն ընդդիմությունը հատկապես առնչվում էր վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություւններին, որով բարոյական վնասի դիմաց լրատվամիջոցների համար ֆինանսական հատուցում էր սահմանվում: Գարնանային քննարկումների ժամանակ կառավարությունը համաձայնել էր հետ կանչել իր այս նախագիծը: Այժմ, ինչպես հայտնեց Հրանուշ Հակոբյանը, այդ նորմը չկա նախագծում: Կարեւոր է նաեւ, որ անպայման օրենքում պետք է ամրագրվի, թե զանգավածային լրատվության աշխատանքը խոչընդոտողն ինչպիսի պատիժ պետք է կրի:

Եռօրյայի օրակարգ ընդրգկվելու համար դրական եզրակացության է արժանացել նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» օրինագիծը, որը քննարկման է դրվելու երրորդ ընթերցմամբ եւ ամբողջովին ընդունվելու համար:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG