Մատչելիության հղումներ

logo-print
Կոալիցիայի անդամ կուսակցությունները համատեղ հուշագիր ստորագրեցին՝ համատեղ պատասխանատվություն ստանձնելով, սակայն կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը հասարակության առջեւ առանձին-առանձին են ներկայացնում: Երեկ ՀՅԴ-ն հաշվետու ասուլիս տվեց, «Օրինաց երկիր»-ն է պատրաստվում հրապարակել իր մոտեցումները. հաջորդ շաբաթ հավանաբար կուսակցությունը հաշվետու ասուլիս կհրավիրի:

Կոալիցիայի երրորդ անդամը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր մոտեցումներն ու կատարած գործերը հանրության դատին այս ձեւով չեն հանձնելու: Ազգային ժողովի եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի խոսքերով, արդեն երեք տարի է հանրապետական կուսակցությունը կառավարության գործունեության համար պատասխանատվություն է ստանձնել: Յուրաքանչյուր տարվա սկզբին եւ կեսին կառավարությունն ու առանձին նախարարությունները հաշվետվություններ են ներկայացնում խորհրդարանում: Իսկ ընդհանրապես, յուրաքանչյուր կառավարություն հասարակությանը պետք է ներկայանա իր գործունեությամբ, հաշվետվության լավագույն ձեւը կատարած աշխատանքն է, ոչ թե դրա մասին խոսելը: «Մենք երեք տարի է այսպես ենք ներկայնում հանրությանը եւ որեւէ բան փոխել չենք պատրաստվում: Կոալիցիայի անդամ կուսակցություններն ընդդիմադիրներ չեն, որ առանձին-առանձին, ըստ ոլորտների խոսեն իրենց մոտեցումների եւ կատարած աշխատանքների մասին»:

ՀՀ գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանն այսօր լրագորղներին տեղեկացրեց իր ղեկավարած համակարգում տեղ գտած խնդիրներն ու անելիքները: Իսկ բուն կոալիցիային եւ դրանում կուսակցության դերակատարությանն առնչվող հարցերին նախարարը բավականին հպանցիկ պատասխաններ էր տալիս:

Նրա գնահատմամբ, կոալիցիան նոր է կազմվել եւ բազմաթիվ ճշգրտումների հարցեր, որոնք խոհանոցից դուրս հարցեր չեն:
Ընդ որում, այդ հարցերը, ըստ Սերգո Երիցյանի, այնքան սուր չեն, որ կարողանան լուրջ հետեւանքներ ունենալ: Պարզապես կան տարբեր մոտեցումներ:

Նա տեղեկացրեց, որ կոալիցիոն գործընկերները ժամանակ առ ժամանակ հավաքվում են կուսակցություններից մեկի գրասենյակում եւ երկարատեւ քննարկումներ են անում, այնքան երկար, որ հնարավոր լինի հանել բոլոր հարցականները:
Իսկ այդ երկար քննարկումների ընթացքում հարցերի մի մասը պակասում են, բայց նաեւ նոր հարցեր են ի հայտ գալիս:

«Օրինաց երկրի» ներկայացուցիչ նախարարը համաձայն չէր երեկ Արմեն Ռուստամյանի արտահայտած այն կարծիքի հետ, թե կոալիցիայում անվստահության եւ մեծամտության տարրեր կան: Ըստ նրա, իհարկե, տարբեր կենսագրություն ունեցող կուսակցությունների մոտեցումներն էլ այս կամ այն խնդրի վերաբերյալ տարբեր են, բայց ի վերջո ընդհանուր հանգուցալուծում հաջողվում է գտնել:

Սերգո Երիցյանը հատկապես հայեցողական պաշտոնների համար թեկնածուներին պետք չէ պարտադրել նախարարներին, անկախ որ կուսակցությունից են նրանք:

Կոալիցիայի ստանձնած պարտավորությունների ու պատասխանատվության շրջանակից հնչեց եւս մեկ հարց: Դաշնակցությունը լրջորեն լծվել է կոռուպցիայի դեմ պայքարին: Հանրապետության նախագահի այդ հարցերով խորհրդական էլ ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը նշանակվեց: Ինչպե՞ս են պատրաստվում պայքարել կրթության բնագավառում կոռուպցիայի դեմ, քանի որ գաղտնիք չէ, որ կրթության համակարգի համար կաշառակերությունն ու կոռուպցիան այնքան էլ խորթ երեւույթներ չեն:

«Ինչպես մեր կյանքի մյուս բնագավառներում, կոռուպցիայի դեմ պայքար կլինի նաեւ կրթության համակարգում՝ հաշվի առնելով համակարգի առանձնահատկությունները»,- այսպիսին եղավ պատասախանը:


Կարիեն Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG