Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը (ՀԲ) ավարտում է 2001- ից 2003 թվականների համար նախատեսված երկրի աջակցության եռամյա ռազմավարության ծրագիրը։ Այդ ծրագրի կատարման ընթացքի ու առաջիկա տարիներին Հայաստանին ցուցաբերվելիք հնարավոր աջակցության խնդիրների ու ծավալների շուրջ Հայաստանի պատասխանատուների հետ նախորդ հինգ օրերին վարած բանակցություներից հետո այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ՀԲ Կովկասյան տարածաշրջանի տնօրեն տիկին Դոննա Դոուսեթ Կոյրոլոն։

Նրա հավաստմամբ, առաջիկա չորս տարիներին Համաշխարհային բանկը չի նվազեցնի Հայաստանի վարկավորումը։ Բանկի տարածաշրջանային տնօրենի խոսքերով, առաջիկա տարիներին բանկը կաջակցի Հայաստանին՝ Կառավարության կողմից մշակված աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում։

Ըստ բանկի ներկայացուցչի, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը ՀԲ տնօրենների խորհուրդը կքննարկի նոյեմբերի վեցին, որից հետո կճշտվեն երկրի աջակցման ռազմավարական ուղղությունները։

Ինչ վերաբերում է ֆինանսավորման կոնկրետ չափերին, ապա ըստ տիկին Կոյրոլոյի, երկրի աջակցման հերթական ծրագրի մշակման ընթացքում միայն հնարավոր կլինի կոնկրետ թվեր մատնանշել: Ընդ որում, այդ օժանդակությունը քիչ ավելին կլինի, համեմատած ներկայումս ընթացքի մեջ գտնվող ռազմավարական ծրագրի հետ։ Ըստ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնի, այդ ծրագրի շրջանակներում Հայաստանը մոտ 112 միլիոն դոլարի վարկավորում է ստացել։ Եւս 18 միլիոն դոլար կկազմի կրթության աջակցման երկրորդ ծրագիրը։ Ինչպես նաեւ 20 միլիոն դոլար կկազմի ՍԱՔ - 5 վարկի երկրորդ մասնաբաժինը, եւ կարելի է ասել, որ մինչեւ մյուս տարվա հունիս Հայաստանը Համաշխարհային բանկից 160 միլիոն դոլարի վարկավորում կստանա։ Տիկին Կոյրոլոն ավելացրեց նաեւ, թե Հայաստանը Համաշխարհային բանկի աջակցմամբ իրականացվող ծրագրերի առումով տարածաշրջանի լավագույն երկիրն է, այստեղ իրականացվող ծրագրերը բանկի վերահսկողական կառույցների կողմից կամ բավարար կամ էլ լավ գնահատականների են արժանացնել։

Մինչ այժմ ՀԲ-ից Հայաստանի կառավարությունը 30 տարբեր ծրագրերի գծով մոտ 740 միլիոն դոլարի վարկավորում է ստացել, եւ այդ ծրագրերից 18 - ը ավարտվել են: 20 միլիոն դոլարանոց ՍԱՔ -5 վարկի երկրորդ մասնաբաժնի հատկացման հարցով այսօր Հայաստանում աշխատում է համաշխարհային բանկի մեկ պատվիրակություն, որն ուսումնասիրում է այդ վարկային ծրագրի պայմանների կատարման ընթացքը։

Այնուամենայնիվ տիկին Կոյրոլոն խուսափեց որեւէ կոնկրետ ժամկետ նշելուց, թե երբ կհատկացվի ՍԱՔ 5-ի վերջին մասնաբաժինը։

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG