Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երբ խոսքը պետական բարձրաստիճան ղեկավարների դեմ մահափորձի մասին է, ամեն ինչ պիտի հրապարակվի մինչեւ վերջ՝ պարզ, կոնկրետ ու հնարավորինս ամբողջական», - շեշտում է այսօր «Առավոտ» թերթի մեկնաբանը: - «Ինչո՞ւ Աբրահամյանի ձերբակալությունից հետո գլխավոր դատախազությունը լռեց՝ թաքցնելով, որ մահափորձը ծրագրված էր հենց Սերժ Սարգսյանի դեմ: Ի՞նչ նպատակով է իշխանությունը սկզբից արտահոսք թույլ տալիս, հետո միայն, երկու օր անց, պաշտոնապես հաստատում լուրը: Նման դեպքում անխուսափելի են կասկածները, որ եթե լուրը գաղտնի են պահում, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, Լեւոն Աբրահամյանի ձերբակալման հետ կապված պատմությունը միանգամից մի շարք հարցականներ է հարուցում, քանզի անմիջապես ուրվագծվում են հանգամանքներ, որոնցից խոշոր ներիշխանական խաղի հոտ է գալիս. - «Չպետք է բառացել, որ այդ քրեական գործը կապակցված է իշխանական որեւէ խմբավորման վրա ճնշում գործադրելու դրդապատճառի հետ, քանզի ներկայիս պայմաններում օբյեկտիվորեն չեն ուրվագծվում այնպիսի շահեր, որոնք ինչ-ինչ շրջանակների համար անհրաժեշտություն դարձնեին պաշտպանության նախարարի ֆիզիկական ոչնչացման խնդիրը»:

Շաբաթը ամփոփելով «Քաղաքական ականներ իշխող կոալիցիայի տակ» վերնագրով՝ «Իրավունքի» մեկնաբանը նաեւ ուշադրություն է սեւեռում կոալիցիայի 100 օրվա կապակցությամբ Դաշնակցության երեկվա միայնակ ասուլիսին. «Դա հուշում է, որ կոալիցիայի ներսում ինչ-ինչ խնդիրներ գոյություն ունեն, իսկ ավելի հավանական է, որ կան ուժեր կամ ազդեցիկ քաղաքական դեմքեր, ովքեր ամեն կերպ նպաստում են այդ խնդիրները թեժ պահելուն»: Ըստ «Իրավունքի» մեկնաբանի, ոչ առանց պաշտպանության նախարարի հավանության դանդաղ գործողության քաղաքական ականներ են դրվում իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկիր»-ի-ի տակ: Եվ ընդհանուր առմամբ, կոալիցիայի ներսում ու կոալիցիայից դուրս դաժան պայքար է ընթանում Սերժ Սարգսյանի մատնանշած «իրավահաջորդի» հարցում:

«Ազգ» թերթում Դաշնակցության երեկվա ասուլիսից բխեցված է. -«Կոալիցիայի միասնական պատասխանատվության դրույթը «ապրեց» 100 օր, ավելի ճիշտ՝ դրա չգոյությունը հաստատվեց այդ ժամկետի ավարտին։ Թերեւս հենց սա էլ պետք էր սպասել, քանի որ ի սկզբանե անհամատեղելի բաղադրամասերով երբեք էլ միասնական կոկտեյլ չի ստացվում»։

«Մեզ համար անընդունելի է պետական եւ կուսակցական ձեւաչափերի միաձուլումը, եթե որեւէ նախարար հաշվետու է, ապա՝ միայն կառավարության առաջ», - Դաշնակցության երեկվա միջոցառումը գնահատելով՝ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի՝ պետական կառավարման համակարգը ծանոթ-բարեկամներից մաքրելու առաջարկին, Գալուստ Սահակյանն ասել է. «Պետական համակարգը կուսակցականացնելը ավելի վտանգավոր երեւույթ է, քան ծանոթ-բարեկամ լինելու հանգամանքը: Հայ ժողովուրդը եւ նրա հայաստանյան հատվածը բոլորն էլ իրար ծանոթ-ընկեր-բարեկամներ են»: Ինչ վերաբերում է կուսակցական խողովակով ոչ կուսակցական պրոֆեսիոնալներին իշխանության համակարգ ընդգրկելու ՀՅԴ առաջարկին, ապա, ըստ Գալուստ Սահակյանի՝ «Կուսակցությունը կադրերի տեղավորման գրասենյակի վերածելն այնքան էլ խոհեմ չէ»:

Դաշնակցությունը նաեւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել ընդդիմության հետ: Դրա հետ կապված «Արդարություն» դաշինքից պատգամավոր Շավարշ Քոչարյանը «Այբ-Ֆե» թերթի թղթակցին ասել է. - «Նրանք համագործակցության մասին հիշում են, երբ իրենց ձեռնտու է: Այնպես որ ամենասկզբունքային հարցերում համագործակցությունը քիչ հավանական է»: Դաշնակցության ներկայացուցչի հայտարարության մեջ նշված է, որ իշխանության մեջ լինողը պետք է սիրի իր հայրենիքն ու ժողովուրդը: «ժողովրդին սիրել առաջին հերթին նշանակում է չկեղծել ժողովրդի քվեն», - մատնանշում է Շավարշ Քոչարյանը:

Երեկ ՀԺԿ քաղխորհրդից դուրս եկավ Կարեն Դեմիրճյանի ժողովրդական կուսակցության 5 հիմնադիրներից վերջինը՝ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը: «Իմ քայլի մեջ որեւէ վիրավորվածություն կամ կուսակցությանն ուղղված դեմարշ չկա», - ասել է նա «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին: - «Պարզապես ինձ չի գոհացնում ՀԺԿ քաղխորհրդում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ուր չկա բանավեճ, չկա տարակարծություն, չկա ընդդիմախոսություն: Չեմ կարծում, որ այսօր, երբ բոլորն արդեն վերցրել են իրենց մանդատները եւ աշխատավարձ են ստանում, կարելի է ոչ լեգիտիմության խնդիր բարձրացնել: Կուսակցությունը պետք է առաջնորդվի միայն իր կանոնադրությամբ եւ երբեք չպետք է վերածվի ընտանեկան կապալի: Բացի այդ, միայն էնտուզիազմի վրա կուսակցություն պահել հնարավոր չէ: Փետրվարի 19-ից մինչեւ մարտի 5-ը ժողովուրդը կանգնեց, սակայն ի՞նչ ասացին. ընդամենը ասացին՝ ժողովուրդ ջան, գնացեք տուն՝ այս իշխանությունները խուժան են: Սրանով ժողովրդին նրանց ասելիքը վերջացավ: Հիմա ժողովրդին ասելու բան նրանք այլեւս չունեն», - գնահատում է Էմմա Խուդաբաշյանը,- «այսօր ՀԺԿ-ն այնքան թուլացած, ջլատված եւ ուժասպառ է, որ նրանից ուժ այլեւս հնարավոր չէ, որ ծնվի»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG