Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունն այսօր Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ մենատիրոջը՝ «ՌԱՕ-Ե- Էս» ընկերությանը փոխանցեց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը՝ հինգ տարի ժամկետով։ Էներգետիկայի նախարարությունում այսօր համապատասխան պայմանագիրը ստորագրեցին հայկական կողմից՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ռուսական կողմից «ՌԱՕ- Ե- ԷՍ» ընկերության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտը եւ «Ինտեր ՌԱՕ- Ե- ԷՍ» դուստր ձեռնարկության գործադիր տնօրեն Եվգենի Դոդը։

Արմեն Մովսիսյանի փոխանցմամբ, բաժենտոմսերով հավաստված իրավուքնները տրամադրվում են նշված ընկերությանը 5 տարի ժամկետով: Վերջինս պարտավորվում է լուծել անվտանգության, ֆինանսական եւ շահագործման բոլոր խնդիրները, որոնք կարող են ծագել այդ ընթացքում: Պարտավորվում է 5 տարի ապահովել միջուկային վառելիքի ներկրումը եւ ատոմակայանի անխափան աշխատանքը: Նշվեց նաեւ, որ կնքված պայմանագիրը սակագների փոփոխություն չի նախատեսում:

ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման իրավունքը ռուսական ընկերությանը փոխանցվեց այն բանից հետո, երբ տարեկան 100 միլիոն դլոարի հոսանք արտադրող ԱԷԿը այլեւս չէր կարողանում վճարել Ռուսաստանից ներկրված միջուկային վառելիքի դիմաց գոյացած մոտ 40 միլիոն դոլար պարտքը։

Այդ պարտքն իր վրա վերցնելով՝ «ՌԱՕ-Ե-ԷՍ»-ը ոչ միայն վճարեց վառելիքի նոր խմբաքանակի դիմաց, այլեւ ստանձնեց ԱԷԿ-ի կառավարումը։ Բացի այդ, «ՌԱՕ- Ե- ԷՍ»-ին անցավ նաեւ Սեւան- Հրազդան հիդրոկայանների կասկադը։ Ռուսական էներգետիկ հսկան ակնկալում է, որ էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած շահույթի հաշվին ոչ միայն կծածկի արված ներդրումը, այլեւ հավելյալ եկամուտ կստանա։

Ըստ Արմեն Մովսիսիյանի, ԱԷԿ-ի ստացած շահույթի 25 տոկոսը կստանա «ԻՆՏԵՐ ՌԱՕ- Ե- ԷՍ» ընկերությունը, մնացած 75 տոկոսը՝ Հայաստանի կառավարությունը։

«ՌԱՕ- Ե- ԷՍ» ը որոշել է տարածաշրջանում շահութաբեր բիզնես ծավալել: Անդրեյ Ռապոպորտի խոսքերով, դեռեւս չստանձնած Հրազդանի ՋԵԿԻ կառավարումը, «ՌԱՕ- Ե- ԷՍ»-ը առաջիկա շաբաթվա ընթացքում ռուսական էժան գազով Հրազդանի Ջերմակայանում հավելյալ հոսանք է արտադրելու՝ Թբիլիսի արտահանելու նպատակով:

Ընկերության ներկայացուցիչները եւս հաստատեցին, որ կնքված գործարքը սակագների բարձրացում չի նախատեսում, եւ իրենք կաշխատեն զեղչ գներով ստանալ ռուսական գազը եւ միջուկային վառելիքը, թեեւ վերջինիս մատակարար «ԹՎԵԼ» ընկերության ծառայությունների գները ամբողջ աշխարհում աճում են։

Պարոն Ռապոպորտը պատասխանեց նաեւ Ազատություն ռադիոկայանի հարցին, թե իրենք ինչպե՞ս են վերաբերում հայկական կայաններում արտադրված հոսանքը Թուրքիա արտահանելու հեռանկարին: Նրա խոսքերով, ընկերությունը մեծ պլաններ ունի, եւ նախատեսում է հոսանք արտահանել ոչ միայն դեպի Թուրքիա։ Խնդիր է դրված ինտեգրել Հայաստանի էներգացանցը մնացած 14 հանրապետությունների ցանցերին։ Առայժմ տեխնիկական պատճառներով այն կտրված է ընդհանուր ցանցերից, քանի որ խզված է Ադրբեջանով անցնող կապը։ Այժմ ընկերությունն աշխատում է այդ կապը վերականգնել Վրաստանի վրայով, ու ցանցերն աշխատեցնել միասնական ռեժիմով, քանի որ այդպես սպառողների համար ավելի էժան հոսանք ստանալու հավանականությունը մեծանում է:

Ինչ վերաբերում է Մեծամորի ԱԷԿ-ը շուտափույթ փակելու Եվրոմիության պահանջին՝ պարոն Ռապոպորտը գտնում է. «Եվրամիությունը ավելի շուտ պահանջկոտ է ուրիշների, քան իր նկատմամբ։ Ասենք, Ֆրասիական «Ի ԴԻ ԷՓ» պետական ընկերությունը, որը լիբերալացված չէ, վերստին երկու նոր էներգաբլոկներ է մտցնում շահագործման մեջ, այն դեպքում, երբ Գերմանիային արգելված է նոր էներգաբլոկների շահագործումը։ Իսկ Եվրամիության անդամ Ֆինլանդիան նոր ատոմակայան է շահագործման հանձնում։ Հարց է առաջանում,- ասում է պրն Ռապոպորտը,- այդ դեպքում ինչու պետք է մյուսները փակեն իրենց ունեցածը»:

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG