Մատչելիության հղումներ

Երկրապահ կամավորականները դժգոհ են սոցիալական իրավիճակից


Այսօր Գյումրիում նշվեց Երկրապահ կամավորական միության ստեղծման եւ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բիրգադի կազմավորման 10-ամյակը: Այս առիթով կայացավ Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ԵԿՄվարչության նախագահ, ՀՀ պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ ԵԿՄ մարզային կառույցների ղեկավարները:

Մանվել Գրիգորյանի խսքերով, ԵԿՄ-ն այսօր մեծ պարտավորություններ ունի, եւ կարեւոր չէ, որ հաղթել ենք, այլ պետք է հաղթանակներին տեր կանգնել:

ԵԿՄ Կոնտայքի մարզային խորհրդի նախագահ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքը համեմված էր քաղաքական հայտարարություններով: Նա նշեց, որ այսօր երկրապահը իր տեղում չէ ՝ հեռացրել են կառավարման մարմիններից, այսինքն երկրապահին չեն ուզում տեղ տալ: Նրա խոսքերով, բոլորը պետք է համախմբվեն, որ կարողանան մարտական հաղթանակներին գումարել նաեւ քաղաքական հաղթանակներ:

Ելույթներից հետո հանդիսավոր արարողություն ընթացքում երկրապահները պարգեւներ եւ շքանշաններ ստացան: Սակայն նրանց տպավորությամբ իրենց հիշում են տոնից տոն, մինչդեռ այսօր երկրապահներն էլ մեծ սոցիալական խնդիրներ ունեն, որոնց անդրադարձավ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Ըստ նրա, սոցիալական վիճակից նեղանալ չի կարելի, պետք է կարողանանք դիմանալ եւ հաղթահարել դժվարությունները: Իսկ երկրապահների իշխանական լծակներ չունենալու վերաբերյալ հարցի առնչությամբ նշվեց, թե դա չէ ամենաահավորը եւ ոչ էլ այն, որ երկրապահը սոցիալական հիմնախնդիրներ ունի: Ահավորն այն է, որ այսօր հավատի անկում կա, ներկայիս հերոսներին չեն գնահատում:

Այսօր Գյումրիում էին նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը եւ քաղաքաշինության նախարար Արա Արամյանը: Նրանց մասնակցությամբ, հանդիսավոր պայմաններում շահագործման հանձնվեց «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված 7 շենք՝ 270 բնակարանով:

Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG