Մատչելիության հղումներ

Կանխվել է Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվող մահափորձը


Օրերս ազգային անվտանգության աշխատակիցների կանխած մահափորձը նախապատրաստվում էր պաշտպանության նախարար, Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի դեմ: Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցում հաստատեց այս տեղեկությունը, սակայն որեւէ այլ հարցի առայժմ պատասխանել չկամեցավ:

Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության պետ Գուրգեն Ամբարյանն էլ հաստատեց, որ սեպտեմբերի 15-ին գլխավոր դատախազության քննչական վարույթում հարուցված քրեական գործով ձերբակալված ազգային անվտանգության նախկին սպա Լեւոն Աբրահամյանը իրանահայ գործարար Անդրեասյանին առեւանգելու եւ զենքի սպառնալիքով նրանից դրամ շորթելու համար ութ տարվա ազատազրկման դատապարտված նույն Լեւոն Աբրահամյանն է, որն այդ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվել էր համաներումով:

Թե ինչ պայթուցիկ սարքի գործադրմամբ է նախապատրաստվել սպանությունը, ե՞րբ, որտե՞ղ պիտի իրագործվեր՝ ոչ գլխավոր դատախազության, ոչ ազգային անվտանգության լրատվական վարչությունների ղեկավարները հարմար չհամարեցին փոխանցել:
Արդյո՞ք երկրի պաշտպանությանը, ազգային անվտանգությանը սպառնալիք էր նախապատրաստվող հանցագործությունը, այս հարցի պատասխանն նույնպես առայժմ չկա:

Ավելացնենք նաեւ, որ Սերժ Սարգսյանը պաշտոնական հանդիպումների բերումով հանրապետությունից բացակայում է:
Նախնական տեղեկություններով, Լեւոն Աբրահամյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Մարինա Ջանոյանը:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG