Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հանրապետական դատախազության երեկ տարածած հայտարարությանը, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ծանր հանցագործության՝ պայթուցիկ սարքի գործադրմամբ սպանության, նախապատրաստական փուլում կանխվել է նախկինում դատապարտված Լեւոն Աբրահամյանի հանցավոր գործունեությունը, «Հայոց Աշխարհ» թերթն այսօր ավելացրել է. «քրեական օրենսգրքի հիշատակված հոդվածի վերծանումը նշանակում է. պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն՝ նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով»։

Ձերբակալվածը ԱԱՆ նախկին աշխատակից, ավագ սպա Լեւոն Աբրահամյանն է, որը մեղադրվել ու դատապարտվել է 1998թ. մայիսի 17ին, այլ անձանց հետ իրանահայ գործարար Վարուժան Անդրեասյանին առեւանգելու եւ նրանից 100 հազար դոլար փրկագին շորթելու համար։

Սրա հետ կապված «Հայոց աշխարհը» ընդգծում է. Հենց ՆԳ եւ ԱԱ նախարարության այն ժամանակվա նախարար Սերժ Սարգսյանն է նախանձախնդիր եղել, որ ԱԱ նախկին աշխատակիցների գործը լիարժեք հետաքննվի եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամենայն խստությամբ։ Այսինքն՝ առաջին հայացքից չի կարելի բացառել, որ Լեւոն Աբրահամյանի այս վերջին՝ պայթուցիկ նախապատրաստական գործունեությունը անձնական վրեժխնդրության դրսեւորում լինի։ Սակայն մեզ դա խիստ կասկածելի է թվում։ Մի շարք հանգամանքներ այլ բանի մասին են վկայում»,- առայժմ ակնարկներով է ամփոփում «Հայոց աշխարհ» թերթը։

«Եթե Ազգային ժողով մտած քաղաքական ուժերը նախընտրական շրջանում փորձում էին միմյանց գերազանցել ֆանտաստիկ խոստումների առատությամբ, ապա այժմ, այդ խոստումներն օգտագործելով, միմյանց «մերկացնելու» փորձերի հետեւողականությամբ: Քաղաքական աշնան նախաշեմին այնքան են շատացել նման՝ ակնհայտորեն քարոզչական-պոպուլիստական նախաձեռնություններն ու հականախաձեռնությունները, որ կողմնակի դիտորդին կարող է թվալ, թե Հայաստանը գտնվում է ոչ թե հետընտրական փուլում, այլ մեկ ընտրությունից մինչեւ մյուսն ընկած կարճատեւ ընդմիջման մեջ:(...) Բայց, եթե ընդդիմությունն իր գլուխն է մտցրել այն գաղափարը, որ ինքն ի վիճակի է վիճարկել ընտրությունների արդյունքները եւ հասնել, օրինակ՝ վստահության հանրաքվեի անցկացման, ապա այդ ի՞նչ գաղափար է մտել իշխանություն ունեցող եւ իշխանության աջակցությունը լիուլի վայելող առանձին գործիչների գլուխը, որ քշտել են իրենց թեւերը եւ մինչեւ վիզը խրվել նման տարօրինակ պայքարի մեջ: Գուցե նրանք է՞լ են ցանկանում, որ շուտով նորից ընտրություններ լինեն Հայաստանում, թե՞ համոզված են, որ այդ հանգամանքը կախված չէ որեւէ մեկի, անգամ իշխանության, այսինքն՝ նաեւ իրենց կամքից: Արդյոք չի՞ թվում հետընտրական արագավազքի մասնակիցներին, որ այնքան շատ են շտապել, որ ակամայից բացել են իրենց խաղաքարտերը», - հարցեր է դնում մեկնաբանը:

Քաղաքական ուժերը մեզանում հեշտությամբ տրոհվում ու կոտորակվում են, բայց երբ բանը հասնում է կուսակցությունների խոշորացման գործընթացին, որի անհրաժեշտությունը բոլորը, ըստ էության, ընդունում են, խոփը քարին է դեմ առնում: Ասվածի լավագույն վկայությունը կոմկուսի օրինակն է,- անդրադառնում է այսօր «Հայոց աշխարհը»՝ փոխանցելով մասնավորապես նորացված կոմկուսի բյուրոյի անդամ Հրանտ Ոսկանյանի հետեւյալ դիտարկումները. «Վերականգնումը դանդաղ, հիվանդագին պրոցես է, քանի որ մի կողմից, ինչպես ասում են, «մարդիկ գերադասում են ճանճի գլուխ լինել, բայց ո՛չ փղի մաս», մյուս կողմից, կոմկուսը քանդելու քաղաքականությունը դեռ շարունակվում է: Իսկ կոմկուսը քանդելու ամենահեշտ ճանապարհը բաժանելն է: Դրա վրա շատ մեծ գումարներ են ծախսվում: (...) Մենք գտնվում ենք մի մարդակեր միջավայրում, որտեղ ոչ միայն մարդը մարդու բարեկամը չէ, այլեւ, գաղափարախոսությունների պայքարը մի կողմ թողած, դարձել է անձնական պայքարի փորձադաշտ»:

«Խորհրդարանական ընտրություններին «Արժանապատիվ ապագան», ԺԴԿ-ն եւ «Հզոր հայրենիքը» որոշել էին մասնակցել միասնական դաշինքով: Սակայն, վերջին պահին իշխանությունների ծրագրերն այդ հնարավոր դաշինքի վերաբերյալ փոխվեցին, եւ նրանք, «Հզոր հայրենիքին» խոստանալով 5 տոկոս ձայն, վերջինիս թույլ չտվեցին իր ապագան կապել Գագիկ Ասլանյանի եւ Լյուդմիլա Հարությունյանի հետ,- շարունակելով այս ուրվագիծը , «Հայկական ժամանակ» թերթը հետընտրական մասով էլ նշում է,- քաղաքական արեւի տակ տեղը չկորցնելու համար, ԺԴԿ-ն եւ «Արժանապատիվ ապագան» որոշեցին միավորվել մեկ քաղաքական տանիքի տակ՝ ստեղծելով միասնական կուսակցություն: Անգամ նշանակված էր միավորիչ համագումարի օրը: Սակայն վերջին պահին երկու կուսակցությունների լիդերները հայտարարեցին, թե համագումարը չի կայանա: Պատճառները ոչ թե տեխնիկական էին, այլ՝ խիստ անձնական: Մեր հավաստի տեղեկություններով, «Արժանապատիվ ապագայի» կնքահայր Արմեն Դարբինյանը ցանկացել է ինքը դառնալ միավորված կուսակցության լիդերը: Նման ցանկություն ունեցել է նաեւ Լյուդմիլա Հարությունյանը»:

Ժողովրդադեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) նախագահ Գագիկ Ասլանյանի պարզաբանմամբ, որին դիմել է թղթակիցը.
«Միավորումը պարզապես չստացվեց, ու՝ վերջ: (...) Հասարակություն-իշխանություն լուրջ բեւեռացում կա, ու եթե շարունակվի այդ բեւեռացումը, ապա դա որեւէ լավ բանի չի հանգեցնելու: Մենք շարունակելու ենք փորձել լուծել հասարակություն-իշխանություն եզրերը մոտեցնելու խնդիրը»:

«Առավոտ» թերթի գնահատականով. «գաղափարական կողմնորոշման առումով մեր երկրում լրիվ շիլաշփոթ է. որեւէ կոնկրետություն չկա՝ ով որ ճամբարին է հարում կամ որ գաղափարն է կրում։ Իսկ ամենամեծ հանելուկը իշխող կոալիցիա կազմած ուժերի գաղափարական կողմնորոշումն է։ Հանրապետականներն օրինակ, օրերս բռնեցին ու Հայաստան հրավիրեցին Չինաստանի կոմկուսի քաղբյուրոյի ներկայացուցիչներին։ Դեռ հայտարարեցին էլ, թե այսուհետեւ ՀՀԿ-ն ու Չինաստանի կոմկուսը կդառնան գործընկերներ՝: Եթե Չինաստանի քաղբյուրոյի ներկայացուցիչներին հրավիրեր Հայաստանի նախագահը կամ վարչապետը, հասկանալի է, որեւէ հարց չէր առաջանա։ Մի բան է, եթե համագործակցությունը միջպետական մակարդակով է, ուր ընտրություն չկա ու եթե պահանջվի, պիտի համագործակցես անգամ Սադամի հետ։ Բայց այլ բան է, երբ նման համագործակցություն է հաստատվում միջկուսակցական (այսինքն՝ քաղաքական, գաղափարական) մակարդակով։- առանձնացնում է «Առավոտը»,- Այս դեպքում ՀՀԿ-ն Չինաստանի կոմկուսի հետ պիտի գաղափարական ընդհանրություններ ունենա։ Եթե խոսքը, միայն տնտեսական համագործակցության մասին է, ուրեմն ՀՀԿ-ն ամենաքիչը պիտի փորձի կրկնել Հայաստանում չինական տնտեսական հրաշքը՝ իր կուռքերի շարքում Նժդեհի կողքին դնելով չին խոշոր բարեփոխիչ Դեն Սյաոպինին։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինչո՞ւ չսովորել չին կոմունիստներից, եթե հայ այլախոհների բարեփոխումները անընդհատ ձախողվում են։ Պարզապես, ցավն այն է, որ մեր այլախոհները սովորել չեն սիրում»։

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG