Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, արտաքին մրցակությունը Հայաստանի համար Արեւմուտքի եվ Ռուսաստանի կողմից ուժգնանում է, ինչը բերում է նրան, որ Հայաստանի իշխանություններն էլ արտաքին քաղաքական դաշտում խաղեր են տալիս: Պատահական չպետք է համարել, որ իշխանական քաղաքական ուժերի մեծ մասը, ընդհուպ մինչեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, բավականին դրական են խոսում Թուրքիայի հետ սահմանի բացման հիպոտետիկ հնարավորության մասին, - այս առումով արձանագրում է մեկնաբանը, նաեւ մատնանշելով Լիտվայի նախագահի այցի լայն լուսաբանումը, -«որեւէ փոքր երկրի ղեկավարի պաշտոնական այցը Հայաստան դեռ այդքան լայն չի լուսաբանվել եւ դա հուշում է, որ վերեւներում դրան մեծ կարեւորություն են տալիս, դա պատահական չէ Լիտվան համարվում է Հայաստանի ՆԱՏՕ-ի գծով յուրահատուկ կուռատորը: «Խաղեր» բնորոշման շրջանակում է «Իրավունքի» մեկնաբանը տեսնում եւ Հայաստանի ներքաղաքական անցուդարձը, հատկապես ծավալվող մրցակցությունը իշխող կոալիցիայի ուժերի միջեւ:

Փոխնախարարներին եւ կառավարությանն առընթեր կոմիտեների ղեկավարներին եւս կոալիցիոն սկզբունքով նշանակելու դաշնակցության առաջարկի առնչությամբ մամուլում շարունակում է առավել հաճախ արտահայտվել հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որն այսօր էլ մասնավորապես «Առավոտ» թերթի հարցազրույցում հարցադրում է.- « Քաղաքական կոմիսանե՞ր ենք գործուղում նախարարություններ եւ գերատեսչություններ: Պետական չինովնիկն ընդհանրապես հակված չպիտի լինի լուծել կուսակցական հարցեր եւ որոշակի լծակներով կուսակցությունն ամրացնելու խնդիրներ: Նախարարությունները պիտի դիտարկենք իբրեւ բզկտված, տարբեր կուսակցությունների տնօրինման տակ գտնվող կազմակերպություննե՞ր»: Ընդհանուր առմամբ, այս կադրային միտումը պարոն Սահակյանը որակում է «ոտնձգություն Սահմանադրության դեմ»:

«Հայոց Աշխարհ» թերթի տեսաբանն էլ այսօր գրում է. -«չափի զգացողության կորուստը ճանապարհ է բացում նախկին կուսակցական նոմենկլատուրայի վերականգնման համար: Ավելին, բազմակուսակցական համակարգի պայմաններում վերջինս կարող է վերածվել է՛լ ավելի մեծ չարիքի, քանի որ նշանակվելով իր կուսակցության կողմից՝ պաշտոնյան կուսակցական շահը գերադասելու է պետական շահերից: Դրա հետեւանքով, միջկուսակցական մրցակցությունը տեղափոխվելու է (եթե արդեն չի տեղափոխվել) առանձին նախարարություններից ներս: Երբ առաջ է քաշվում պրոֆեսիոնալիզմ չպահանջող հայեցողական պաշտոնները հավասարապես բաժանելու խիստ կասկածելի թեզը, ապա նախ՝ պետք է ճշտել, թե կա՞ն արդյոք նման պաշտոններ, եւ եթե կան, ապա ի՞նչ կշահի պետությունը մի որեւէ ոչ պրոֆեսիոնալ-կուսակցականին մյուսով փոխարինելու արդյունքում»:

«Որքան էլ «Օրինաց երկիրը» եւ ՀՀԿ-ն պնդում էին, թե նպատակահարմար չէ իրագործել ՀՅԴ առաջարկը եւ առանձին կառույց ստեղծել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված պետական մարմինները բավարար են՝ Ռոբերտ Քոչարյանը խորհրդական նշանակեց դաշնակցական Բագրատ Եսայանին, որի ոլորտը նախանշվում է հակակոռուպցիոն ռազմավարությունը»,- այս նախաբանի շրջանակում դիմելով հանրապետականներից Գալուստ Սահակյանին, «Առավոտի» թղթակիցը ստացել է հետեւյալ արձագանքը.-«նպատակահարմար չէ ստեղծել մի մարմին, որը կզբաղվի զուտ կոռուպցիայի հարցերով, քանի որ, եթե կասկածում ենք արդեն եղած կառույցներին՝ ինչո՞ւ չկասկածենք, որ կկոռումպացվի այս մեկն էլ»: Պարոն Սահակյանի համոզմամբ, ո՛չ նման կառույցի կարիքը կա, ո՛չ էլ երեւում է, թե այն կարող է ունենալ որեւէ դեր. ուղղակի սա առավել քաղաքական հարց է: Կոռուպցիայի գծով նախագահի նորանշանակ խորհրդական Բագրատ Եսայանին ուղղված նամակում «Առավոտի» խմբագիրն էլ այսօր գրում է.- « Քո կուսակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խոսելով կոռուպցիայի մասին, մշտապես խուսափում էր ներկա, «գործող» կոռուպցիոների որեւէ անուն տալուց: Բայց առանց դրա այդ խոսակցությունները զուտ վերացական, լավագույն դեպքում՝ քարոզչական են: Այնինչ՝ կան պաշտոնյաներ, որոնք այսօր ավելի հարուստ են, քան մեր հայտնի «օլիգարխներից» շատերը եւ որոնք բոլոր ռեժիմների ժամանակ «ձիու վրա» էին: Բայց ոչ Վահանը, ոչ դու, ոչ էլ ես նրանց որեւէ վնաս չենք կարող տալ»: Խմբագրի ընկալմամբ, հիմա պարզապես կոռուպցիայի դեմ պայքարի երեւութականություն է ստեղծվել իբր չեն մոռացել ընտրությունների ժամանակ տված խոստումները:

Լուսաբանելով իր ներկայությունը խորհրդարանում, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանն ասում է.- «Մեզանից շատերը հսկայական ներդրումներ են կատարել մեր տնտեսության մեջ, ու անհրաժեշտության կար անձամբ մասնակից լինել այդ ներդրումների պահպանմանն ու ապահովությանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններին: (...) Վստահ եմ, որ արդեն հաջորդ խորհրդարանում գործարարներն իրենք անձամբ ներկայացված չեն լինի օրենսդիր մարմնում, այլ կֆինանսավորեն իրենց շահերը ներկայացնող պատգամավորական խմբի: (...) Գործարարը հանցագործ չէ, որպեսզի նրան անձեռնմխելիություն պետք լինի, եթե անգամ, ասենք, 500 միլիոն դրամի հարկ պետք է տանք, բայց տվել ենք 450 միլիոն, մնացածը, որը չի տրվել, դրանից մի քանի անգամ ավելին՝ վերադարձվել է բարեգործության ձեւով,- վստահեցնում է պարոն Ծառուկյանը,- պարզապես չեմ պատկերացնում, թե իշխանափոխության դեպքում, այդ ո՞վ եւ ի՞նչ իրավունքով պետք է իմ սեփականությունը վերցնի եւ որոշի տնտեսական ոլորտների վերաբաժանում անել՝ ելնելով քաղաքական իրավիճակի փոփոխությունից: Իսկ եթե մեկը «բեսպրեդելով» կարող է գալ եւ իմ ձեռքից ինչ-որ բան խլել, ապա թող փորձի իր բախտը»: Անդրադառնալով ավելի վերերկրային հարցերի, Գագիկ Ծառուկյանը մասնավորապես ձեւակերպում է.-«քաղաքական անհեռատեսություն է պնդելը, թե հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսապես ձեռնտու չէ Հայաստանին»:

Վաչե Սարգսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG