Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում՝ Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սկսվեց «Անցյալի ժառանգությունը, այսօրվա առաքելությունը եւ վաղվա հույսերը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի օծման 1700-ամյակին։

Գիտաժողովին մասնակցում են ոչ միայն աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներից ժամանած հոգեւոր եւ աշխարհիկ այրեր, այլեւ քրիստոնեական այլ եկեղեցիների ներկայացուցիչներ, ովքեր, ի թիվ հայ գիտնականների, աստվածաբանների ու հոգեւոր հայրերի, նույնպես հանդես են գալու զեկուցումներով:

«Դեռեւս այս տարվա սկզբին Հայրապետական սրբատառ Կոնդակով Վեհափառ Հայրապետը 2003-ը հռչակեց Սբ. Էջմիածնի տարի։ Այս գիտաժողովը հոբելյանական միջոցառումներից մեկն է, որի նպատակն է ներկայացնել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դերը հայ ժողովրդի կյանքում, նրա բերած նպաստը համաքրիստոնեական պատմությանն ու մշակույթին, ինչպես նաեւ անդրադառնալ Հայ Եկեղեցու ներկայիս եւ գալիք առաքելությանը», - ասված է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

«Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում գիտաժողովի բոլոր մասնակիցներիդ եւ Մեր գնահատանքը, որ սիրով ու պատրաստակամությամբ արձագանքեցիք Մայր Աթոռի հրավերին», - գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասաց արեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ - «Այսօր Ձեզ հետ միասին հրաշալի առիթն ունենք վերստին ապրելու լուսեղեն խորհուրդը Աստվածկառույց Սուրբ Էջմիածնի, որ Երկնավորի բացառիկ պարգեւն է մեր ժողովրդին։ Աստծո Էջքով նվիրագործված այս սրբավայրից 1700 տարի առաջ քրիստոնեության լույսը ճառագյալ սփռվեց համայն Հայաստանի ու հայոց վրա»։

Երկօրյա գիտաժողովի առաջին օրը բանախոսություններով հանդես եկան ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, արվեստագիտության դոկտոր Մուրադ Հասրաթյանը, Տ. Մեսրոպ արք. Աշճյանը, Օքսֆորդի Արեւելյան ինստիտուտի դոկտոր Սեբաստիան Բրոքը, Հռոմի Արեւելյան Պապական ինստիտուտի պրոֆեսոր Ռոբերտ Թաֆթը, Պրոֆ. աբրիելա Վինքլերը՝ Տյուբինգենի համալսարանից, Պրոֆ. Ժասմին Դում-Տրագուտը՝ Ավստրիայից եւ այլոք։

Գիտաժողովի մասնակիցներից Հարություն վրդ. Պստիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Մայր Տաճարը է հայ ժողովրդի խորհրդանիշը: Սուրբ Էջնիածինը ամբողջ 17 դար հայ ժողովրդի ձգողական ուժի կենտրոնն է եղել»: Հայր Հարությունի համոզմամբ, Մայր Տաճար Ս. Էջմիածինը «հայության դրոշակն է»: «Դրոշակ դարերով չենք ունեցել, բայց Մայր Տաճարը ունեցել ենք», - ասաց նա:

«Սա շատ կարեւոր իրադարձություն է ոչ միայն հայ եկեղեցու համար, այլեւ՝ ողջ հայ մշակույթի, հայ պատմության բեկումնային իրադարձություններից մեկն է», - իր ելույթում ասաց Հռոմի Արեւելյան Պապական ինստիտուտի պրոֆեսոր Ռոբերտ Թաֆթը՝ ավելացնելով, որ հայկական մշակույթը նախ եւ առաջ քրիստոնեական, առաքելական եկեղեցու մշակույթ է, որի կենտրոնը հենց Ս.Էջմիածինն է:

Գիտաժողովը իր աշխատանքները կշարունակի վաղը:


Գայանե Դանիելյան, Էջմիածին

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG