Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ընդգծումով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան նորանշանակ համանախագահ Յուրի Մերզլյակովի մի շարք հայտարարություններ տեղիք են տալիս հակասական մեկնաբանությունների, «Այբ-Ֆե» թերթի թղթակիցը դիմել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին. - «Ծանո՞թ եք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման այն նոր առաջարկներին, որոնց մասին հայտարարեց Յուրի Մերզլյակովը»: «Երեւի ինքը տեղեկություն ունի, որ ինչ-որ նոր տարբերակ կա, որի մասին ես տեղեկություն չունեմ», - պատասխանել է Սարգսյանը: - «Սակայն, ելնելով նրա հայտարարության տոնից, ակնարկներից՝ այդ նոր առաջարկությունները կարծես թե Փարիզի եւ Քի Ուեսթի պայմանավորվածությունների շրջանակներում են: Այսինքն՝ անհանգստանալու առիթ չունենք»: Ադրբեջանում կրկին ակտիվացել են ռազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարությունները: Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանը արձագանքում է. - «Այս պարագայում ադրբեջանցիները ուղղակի շանտաժ են անում՝ գուցե օգտվելով այն հանգամանքից, որ մենք սկսել ենք շատ խոսել պատերազմի վերսկսման վտանգից: Ադրբեջանցիների ցանկություններն ու հնարավորությունները չեն համընկնում... Եթե նրանք ի վիճակի լինեին որեւէ մեկից ոչ կհարցնեին եւ ոչ էլ կհոխորտային: Միանգամից գործողությունների կանցնեին»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, վերջին օրերին սկսել են նշմարվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագացման առաջին նախանշանները. - «Միաժամանակ, երկու երկրներում նկատվում է որոշակի անհանգստություն ու տագնապ՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի արագացման հեռանկարների շուրջ, ինչն առանձնապես սուր բնույթ է ձեռք բերում նախընտրական թոհուբոհի մեջ ներքաշված Ադրբեջանում: Դրան զուգահեռ, գնալով ավելի ու ավելի է ընդգծվում ԼՂՀ ղեկավարության ձգտումը՝ հանդես գալ որպես բանակցությունների ինքնուրույն կողմ»: Ըստ մեկնաբանի, ներկայումս ձեւավորված աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակում «ինչպես Ռուսաստանը, այնպես էլ համանախագահող մյուս երկրները, սուր կերպով զգում են բանակցային գործընթացի ինտենսիվության կտրուկ մեծացման կարիքը... Սակայն խնդրի վերջնական կարգավորումը նույնպես անհնարին գործ է: Ուրեմն, մնում է բանակցային գործընթացի արագացմանը զուգընթաց գտնել հակամարտության սառեցմանն ուղղված մի այնպիսի մոդել, որը կնվազեցնի պատերազմի վերսկսման հավանականությունը»:

Օրերս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հայ-թուրքական սահմանի վերաբացումը ամիսների խնդիր է, համենայն դեպս այդպես մտածելու նախանշաններ կան: Մյուս կողմից, օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն էլ կրկին հայտարարեց, թե թուրքական կառավարության օրակարգում որեւէ հարց չկա Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը բացելու վերաբերյալ, իսկ ղարաբաղյան հարցում Թուրքիան շարունակելու է զորավիգ լինել Ադրբեջանին։ Այսինքն՝ նախապայմանները կան եւ մնում են, եւ լավատեսության հիմքեր առայժմ չկան։ Այս համադրման հետ «Առավոտ» թերթը փոխանցում է եւ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի հետեւյալ ընդգծումը. - «Հայաստանի տարածքում արտաքին քաղաքականությունն իրականացվում է համապատասխան մարմինների եւ այրերի կողմից։ Մնացած բոլոր նախարարները եւ պաշտոնյաներն իրավունք ունեն դատողություններ անել եւ տեսակետներ արտահայտել, բայց դրանք մնում են սոսկ՝ իբրեւ սեփական տեսակետներ»:

Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթն էլ այսօր ձեւակերպել է. - «Հայաստանում այդ սահմանի բացման տենդը հասել էր գագաթնակետին, բոլորը սկսել էին հաշվել փողերը, որ պետականին էր վերաբերում, բայց մտքում շատերը ենթադրում էին նաեւ անձնականը»: Ու այս ողջ «տոնական» տրամադրությունը, ամեն քայլափոխի ասուլիսներով ու հարցազրույցներով զեկուցելու արշավը փչացրին Անկարայում»: «Ի վերջո, «սահմանսահման» այս օպերացիայում անհասկանալի են մնում հայ պաշտոնյաների շտապողականությունը եւ իրականությունից կտրված կեցվածքներն ու խոստումները», - շեշտադրված է «Երկիր»-ում: - «Հայկական կողմի այդ պատրաստակամ խոստում-հայտարարությունները իրականում չեն կարող փոխել իրավիճակը եւ բացել սահմանը, քանզի այն չի փակվել հայկական իշխանությունների նախաձեռնությամբ։ Շրջափակումն իրականացրել է Անկարան, եւ մնացյալ քայլերը սպասվում են նրանից»:

«Խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը արտառոց ոչինչ կարծես չկատարվեց... Իրական քաղաքական գործընթացները տեղի են ունենում ոչ այնքան ակնհայտ հարթությունում, այն է՝ ներիշխանական խարդավանքների տեսքով», - ընթացք է բնորոշում «Իրավունք» թերթը՝ այս առումով, մասնավորապես, չափազանց ուշագրավ համարելով Սոս Սարգսյանի հարցազրույցը, ուր վերջինս բացահայտորեն խոսում է նախագահի իրավահաջորդ պատրաստելու մասին: Արձանագրվում է ինչպես իշխանական որոշակի շրջանակների գրոհ Սերժ Սարգսյանի շրջապատի վրա, այնպես էլ ներկոալիցիոն, հատկապես վարչապետի կուսակցության եւ «Օրինաց երկիր»-ի հարաբերությունների շարունակական վատացում: «Եթե այդ ամենն ավարտվի իշխանափոխությամբ, ապա ավելի հավանական է պալատական իշխանափոխության տարբերակը, քանզի ընդդիմության երկու թեւերն էլ՝ «Արդարություն»-ը եւ «Ազգային միաբանություն»-ը, զբաղվում են հիմնականում ոչ թե հակաքոչարյանական միասնական գիծ մշակելով, այլ սեփական քաղաքական խնդիրները լուծելով, եւ նրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին ինչ-ինչ համագործակցության եզրեր է գտել նույն Հանրապետական կուսակցության հետ», - ամփոփում է մեկնաբանը:

ԱԺ-ի առաջին եռօրյային «Հանրապետություն» կուսակցությունից մասնակցեց միայն Ալբերտ Բազեյանը, այն էլ՝ շատ էպիզոդիկ: Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Ազգային ժողով կգնամ միայն այն ժամանակ, երբ իշխանափոխության ռեալ հնարավորություն կլինի... Ես իսկապես հակված չեմ որոշակի օրենքներ, օրինագծեր իշխանությունների հետ նստել-քննարկելու, քանի որ դրանով լեգիտիմացնում ենք իշխանությունը: Մի երկրում, որտեղ գլխավոր օրենքը խախտված է, մանր-մունր օրենքների քննարկմանը իմ մասնակցությունը համարում եմ անիմաստ»: Արամ Սարգսյանը մնում է այն համոզմանը, թե ընտրություններից հետո իշխանությունները կորցրել են իմունիտետը, այնքան թույլ են, որ ամենափոքր առիթն անգամ կարող է հանգեցնել իշխանափոխության»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG