Մատչելիության հղումներ

logo-print

Սեփականաշնորհումը կավարտվի 2004 թվականին


Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանը այսօր հրապարակելով, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ մասնավորեցվել են 1789 խոշոր եւ 7178 փոքր օբյեկտներ, լրագրողներին հավաստիացրեց, որ մասնավորեցումը Հայաստանում կավարտվի մինչեւ հաջորդ տարեվերջ:

Մինչդեռ 12 տարի առաջ սկսված մասնավորեցման գործընթացն ինչքան մոտենում է ավարտին, այնքան նեղանում է գրավիչ օբյեկտների շրջանակը՝ մնում են առավել թույլերն ու անկենսունակները։ Մյուս կողմից, ըստ Վարդանյանի, մասնավորեցումը ավելի շուտ ոչ թե մասնավոր հատվածին պետական ունեցվածքի բնականոն փոխանցման, այլ լուծարման-բռնագանձման գործընթաց է դարձել:

«Շատ ընկերություններ, փաստորեն, ոչ թե մասնավորեցվում են, այլ սնանկացվում կամ լուծարվում են», - ասաց Վարդանյանը: - «Այդ պրոցեսը երեւի ավելի արագ է տեղի ունենում, քան մասնավորեցումը՝ որպես բաժնետոմսերի գնման պրոցես»:

Օրենքի համաձայն, պետական ունեցվածքը կարող է վաճառվել նրա գնահատված արժեքի 25 տոկոսից ոչ պակաս գնով, հակառակ դեպքում մասնավորեցումը համարվում է չկայացած ու օբյեկտը դատարանով լուծարվում է՝ հիմնականում բռնագանձումների միջոցով։ Դավիթ Վարդանյանի համոզմունքով, այս ճանապարհն արդյունավետ չէ պետության համար:

«Հիմա մենք ունենք արդեն այդ ցուցակում ընկերություններ, որոնց բաժնետոմսերը կան, բայց գույք չկա», - ասաց նա:

Ըստ Վարդանյանի, որոշ դեպքերում դատարանները վաճառվող գույքը նույնիսկ սիմվոլիկ գներով են փոխանցում նոր տիրոջը։ Միեւնույն ժամանակ դատական գործարքի դեպքում ընկերության ունեցած պարտքերը դուրս են գրվում։

Այդուհանդերձ, դատարանները հեղհեղված են լուծարման կամ բռնագանձման հայցերով, որովհետեւ այդպես ավելի ձեռնտու է գույքին տիրանալու առավել մեծ շանս ունեցողներին՝ հիմնականում ընկերությունների տնօրեններին: Բացի թվարկված փաստարկներից, դատարանները նաեւ ավելի արագ են գործը ավարտին հասցնում, քան պետական կառույցները, որտեղ ամենափոքր օբյեկտի մասնավորեցումը կարող է ձգձգվել 6 ամիս եւ ավելի։

Պատասխանելով «Դվին» հյուրանոցի մասնավորեցման մասին հարցին, Դավիթ Վարդանյանը ասաց, թե այժմ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հայցով դատարանը քննում է այդ օբյեկտի կուտակած 13 միլիոն դոլար պարտքի իսկության խնդիրը։

Հետաքրքրությունը «Դվին» հյուրանոցի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ վերջերս Մոսկվայում անհայտ հանգամանքներում սպանվել էր հյուրանոցի տնօրեն Վանուշ Թորոսյանը։ Վերջինս կուտակված պարտքը դուրս գրելու պայմանով «Դվին»-ի բաժնետոմսերի 100 տոկոսի դիմաց կառավարությանն առաջարկել էր 1.5 միլիոն դոլար եւ, վճարելով 80 հազար դոլար՝ խոստացել էր երկու տարվա ընթացքում վճարել գումարի մնացած մասը։ Կառավարությունն ընդունել էր առաջարկն ու անցյալ տարվա սեպտեմբերին դա ամրագրել էր համապատասխան որոշմամբ։ Սակայն, ըստ Դավիթ Վարդանյանի, Թորոսյանը իր խոստումը չէր կատարել, ինչն էլ, ըստ երեւույթին, նշված որոշումը վերանայելու հիմք կդառնա։

Վարդանյանը խոսեց նաեւ փոքր օբյեկտների մասնավորեցման հետ կապված որոշակի խնդիրների մասին։ Ժամանակին մարդիկ հարյուրավոր փոքր օբյեկտներ են գնել՝ վճարելով միայն գումարի փոքր մասը, այն էլ՝ վաուչերով։ Սակայն հետագայում զգալով, որ գները շուկայականից շատ բարձր են, դադարեցրել են մնացած մասի վճարումները։ Գնորդների մի մասը նույնիսկ ցանկություն է հայտնել ետ վերադարձնել օբյեկտը՝ ետ պահանջելով գումարը: Զգալով վիճակի անհեթեթությունը, կառավարությունը օրենքում փոփոխություններ կատարեց՝ մոտ 80 տոկոսով զեղչելով պահանջվող վճարը։ Օրինակ, անցյալ տարի 856 փոքր օբյեկտի սեփականատեր օգտվել է տարաժամկետ վճարման այդ արտոնությունից։ Սակայն մոտ 450 սեփականատերեր տարբեր պատճառներով այդ արտոնությունից չեն օգտվել, իսկ ժամկետն արդեն սպառվել է:

Այդ առնչությամբ Դավիթ Վարդանյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություն կա՝ մինչեւ հաջորդ տարեվերջ տարաժամկետ վճարման ժամկետը երկարացնելու վերաբերյալ:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG