Մատչելիության հղումներ

Նշվեց սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան նախաձեռնությամբ եւ «Կամք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հինգշաբթի օրը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հանդիսություն նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին:

Հանդիսության սկզբում հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Իրենց ելույթներում ահաբեկչությունն ու բռնությունը դատապարտեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Վիվիեն Ուոքերը, Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մշակույթի գործիչներ: Հանդիսության վերջում ցուցադրվեց «Ամերիկան վերակառուցվում է» վավերագրական կինոնկարը: Կինոթատրոնի ճեմասրահում ներկայացված էր ցուցահանդես «Սեպտեմբերի 11-ը հայ երեխաների աչքերով» խորագրով:

Հանդիսության մասնակիցներից Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ անկախ ազգային եւ մասնագիտական պատկանելությունից, մարդ արարածին չէր կարող չցնցել սեպտեմբերի 11-ի ողբերգությունը: Նրա խոսքերով, դրանից հետո սրվեցին մարդկային քաղաքակրթության առջեւ կանգնած հարցերը՝ որտե՞ղ ենք գտնվում, ո՞ւր ենք գնում, ի՞նչ բարոյական նորմեր պիտի գործեն այսօրվա աշխարհում եւ ինչպե՞ս է կառուցվելու մեր ապագան նոր դարում:

«Ես՝ երկրաշարժ, ջրհեղեղ, եղեռն տեսած ժողովրդի զավակս, իրավունք չունեմ աշխարհում կատարվող որեւէ ողբերգության հանդեպ անտարբեր լինել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Ամերիկա. աշխարհի մեծագույն ողբերգությունը» գրքի հեղինակ Հրաչյա Մաթեւոսյանը: - «Մարդկությունը պետք է ուշքի գա, որովհետեւ ողբերգությունը, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում, պետք է սթափեցնի բոլորիս»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG