Մատչելիության հղումներ

Միջազգային միջնորդների «մոդիֆիկացված» առաջարկությունները կներկայացվեն Ադրբեջանի նախագահի ընտրություններից հետո


Ինչպես չորեքշաբթի օրը Երեւանում հայտարարեց Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում Ռուսաստանի նորանշանակ համանախագահ Յուրի Մերզլյակովը, միջազգային միջնորդները Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կայցելեն հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից անմիջապես հետո:

Հակամարտող կողմերի հնարավոր փոխզիջումների մասին խոսելով, Մերզլյակովը ասաց, թե դրան պատրաստակամ են հակամարտող բոլոր կողմերը: «Սակայն դեռ պետք է որոշակիացնել, թե որ կողմը որտեղ է տեսնում իր փոխզիջման սահմանագիծը», - ավելացրեց նա: - «Վճռական կլինի վերաբերմունքը այն առաջարկությունների նկատմամբ, որոնցով հոկտեմբեր-նոյեմբերին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումներից հետո Յուրի Մերզլյակովը լրագրողներին ասաց, թե ամենայն մանրամասնությամբ չի տիրապետում արցախյան կարգավորման նպատակով մշակված առաջարկությունների բովանդակությանը:

Նա պատրաստ չէր նաեւ ներկայացնել այն նոր կամ մոդիֆիկացված առաջարկությունները, որոնք, ըստ միջազգային լրատվամիջոցների, մշակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Ես հիմա պատրաստ չեմ բացահայտել այդ առաջարկությունների էությունը: Դրանց կոչում են նոր կամ մոդիֆիակցված», - ասաց նա՝ ավելացնելով, թե ավելի լավ է սպասել համանախագահների հերթական տարածաշրջանային այցին Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո:

Մինչ այդ համանախագահները սեպտեմբերի 15-ին հանդիպում կունենան Վիեննայում, որին կմասնակցի նաեւ ռուսաստանցի նախկին համանախագահ Նիկոլայ Գրիբկովը, ում Մինսկի խմբում փոխարինել է Մերզլյակովը:

Վերջինս հերքեց տարածված լուրերը, թե Ռուսաստանը չի մասնակցել նոր առաջարկությունների մշակմանը՝ չպարզաբանելով, այդուհանդերձ, թե ինչ է նշանակում «նոր կամ մոդիֆիկացաված առաջարակություններ» եւ չնշեց, թե դրանցում որքանով են ներառված փարիզյան եւ քիուեսթյան սկզբունքները:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG