Մատչելիության հղումներ

Խստացվելու է արտասահմանցիների կողմից հայ երեխաների որդեգրման կարգը


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում չորեքշաբթի օրը հաստատեցին արտասահմանցիների կողմից հայ երեխաներին որդեգրելու կարգը խստացնելու իրենց ծրագրերը:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտասահմանյան քաղաքացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացը պարզեցված, հեշտացված է», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Հայաստանի սոցիալական ապահովության նախարար, Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը՝ վկայակոչելով վերջին տարիներին արտասահմանցիների կողմից հայ երեխաների որդեգրման տոկոսների աճը: - «Սա մեզ մտահոգում է, եւ նախարարությունը այս օրերին մշակում է որդեգրման կարգի եւ փոփոխությունների առաջարկություններ»:

Աղվան Վարդանյանի համոզմամբ, երեխան նախ պետք է որդեգրվի իր երկրում, եւ արտասահմանցիներին հայ երեխաներին որդեգրելու հնարավորություն պետք է տրվի միայն այն դեպքում, երբ երկրի ներսում չկան որդերգրել ցանկացողներ կամ որդեգրման համար պայմաններ:

Անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանը, որում խոսք էր գնում հազարավոր դոլարների հասնող կաշառքների մասին, Աղվան Վարդանյանը ասաց. - «Դրա հիման վրա մենք դիմեցին դատախազություն: Դատախազությունը գործ չի հարուցել, որովհետեւ կոնկրետ մեղադրանք դժվար է գտնել»:

Շարունակելով՝ նախարարը ասաց, որ կան «ակնհայտ երեւույթներ», որոնք, սակայն, հնարավոր չէ «ֆիքսել իբրեւ խախտումներ»:

Արտասահմանցի ծնողների կողմից որդեգրումների թույլատրման վերջին ատյանը կառավարությունն է: Վեջին երկու տարիներին «որոշակի պրոբլեմների» առկայությունը չհերքելով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «որդեգրման պայմանները խստացվել են հատկապես արտասահմանցիների եւ ոչ հայազգիների համար»: «Այժմ բացառության կարգով ոչ հայերին, այլազգիներին մենք թույլ ենք տալիս որդեգրել միայն հիվանդ երեխաներին», - ասաց վարչապետը:

Անդրանիկ Մարգարյանն ավելացրեց, որ սոցիալական ապահովության նախարարությանը հրահանգ է տրված ավելի խստացնելու որդեգրման գործընթացը:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հավաքած փաստերը հիմք են տալիս պնդելու, որ, այնուամենայնիվ, օտարեկրացիներին որդեգրման են տրվել առողջ երեխաներ եւ որ կաշառակերության դեպքեր գործընթացի որոշ օղակներում եղել են:

Ըստ պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին կեսին որդեգրվել է 80 երեխա, որից 43-ը Հայաստանի քաղաքացիների, 37-ը՝ օտարերկրացիների կողմից: Անցյալ տարվա ընթացքում Հայաստանից 62 երեխա են որդեգրել օտարեկրացիները:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG