Մատչելիության հղումներ

Քոչարյանը հայտարարում է, որ 2015 թվականին Հայաստանի տնտեսության հիմնական ցուցանիշները «համադրելի կլինեն» Եվրամիության չափորոշիչների հետ


Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանի տնտեսությունը պահպանելու է աճի արագ տեմպերը եւ 2015 թվականին շատ մոտ կլինի Եվրամիության անդամակցությանը հավակնող երկրներին ներկայացվող պահանջներին:

«Հայաստանի տնտեսությունը մտնում է կայուն զարգացման փուլ։ Դա հնարավորություն է տալիս երկրի առջեւ դնել որակապես նոր նպատակներ», - Սոֆիայում Հայ-բուլղարական բիզնես-ֆորումի փակման ժամանակ իր ելույթում ասել է Ռոբերտ Քոչարյանը։ - «Տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագրի համաձայն՝ 2015 թվականին տնտեսական զարգացման մակարդակը հիմնական ցուցանիշներով պետք է համադրելի լինի Եվրոպական Միության նվազագույն չափորոշիչների հետ»։

Վկայակոչելով վերջին տարիների պաշտոնական վիճակագրությունը, Քոչարյանը ասել է, որ Հայաստանում «հաղթահարվում են անցումային շրջանի բազմաթիվ հիմնախնդիրներ»։ Ընդդիմության կողմից կասկածի տակ առնվող պաշտոնական վիճակագրական տվյալներով, Համախառ ներքին արդյունքը Հայաստանում անցած տարի աճել է 12.9 տոկոսով, եւ 14.8 տոկոսով՝ ընթացիկ տարվա առաջին կեսում:

«Հայաստանում այսօր կարելի է արդյունավետ գործունեություն ծավալել մի շարք ոլորտներում», - իր ելույթում նաեւ ասել է Քոչարյանը: - «Հայաստանը ողջ հետխորհրդային տարածքում ունի արտաքին առեւտրի ամենաազատական ռեժիմը։ Տնտեսական ազատությունների ցուցանիշներով մենք առաջ ենք մի շարք եվրոպական պետություններից։ Դա հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գնահատականներն են»։

Պաշտոնական այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի, երկրի մյուս ղեկավարների հետ: Բանակցություններում կենտրոնական տեղ է գրավել երկկողմ առեւտուրը, որի ծավալները վերջին տարիներին շոշափելիորեն աճել ենեւ ներկայումս կազմում են տարեկան 50 մլն դոլար:

Քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Բուլղարիան 2004 թվականին նախագահելու է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ), որի Մինսկի խումբը տարիներ ի վեր զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության խախաղ կարգավորման ուղիների որոնմամբ:

«Ներկայումս բանակցությունները սառեցված են, սակայն Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո Բուլղարիան է ստանձնելու ԵԱՀԿ նախագահությունը», - «Ֆրանս Պրես»-ի մեջբերմամբ Սոֆիայում լրագրողներին ասել է Քոչարյանը՝ հույս հայտնելով, որ գուցե այդ ժամանակ հնարավոր կլինի առաջընթաց ունենալ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG