Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվել են Հարկային պետական ծառայության պետի երկու տեղակալները


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի երկու տեղակալներ՝ Մանվել Եգանյանը եւ Սամվել Պետրոսյանը ազատվել են աշխատանքից։

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ հարկային ոլորտի այդ առանցքային պաշտոնյաների հեռացումը որեւէ կերպ փաստարկված չէ։ Մինչդեռ, մամուլի միջոցները առաջինի պաշտոնանկությունը միանշանակորեն կապում են Վայոց ձորի ոստիկանապետ Միքայել Սարդարյանին նրա աշխատասենյակում դաժան ծեծի ենթարկելու փաստի հետ։ Բախումը ծագել էր այն բանից հետո, երբ Սարդարյանը նույն կերպ էր վարվել էր Եգանյանի որդու հետ՝ Ջերմուկի առողջարաններից մեկում ծագած վիճաբանությունից հետո։ Աշխատանքից հեռացվել է ոչ միայն Եգանյանը, այլեւ Վայոց ձորի ոստիկանապետը:

Հարկային պետական ծառայության պետի մյուս տեղակալի՝ Սամվել Պետրոսյանի պաշտոնանկության կոնկրետ շարժառիթը տակավին անհայտ է, թեեւ, դժվար չէ կռահել, որ այդ փոփոխությունն էլ տեղավորվում է հարկային համակարգում ընթացող կադրային տեղաշարժերի տրամաբանության մեջ։

Հուլիսի սկզբին հարկային գերատեսչության պետի պաշտոնում Երվանդ Զախարյանի փոխարինումը նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանով ոմանք շտապեցին ներիշխանական անհասկանալի խաղերի, ոմանք էլ՝ կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շրջանակներում կատարվող միջկուսակցական առեւտրի դրսեւորում համարել։

Մինչդեռ, ակնհայտ էր, որ այդ համակարգում լուրջ կադրային փոփոխություններն ուղղակի անհրաժեշտ են։ Թեեւ, պետական բյուջեով ծրագրված հարկահավաքի պլանները վերջին տարիներին շարունակ կատարվել են, սակայն, որպես կանոն, դրանց դինամիկան մշտապես ետ է մնացել երկնիշ թվով նկարագրվող տնտեսական աճի տեմպերից։ Ավելորդ չէ նշել, որ Հայաստանի հիմնական դոնորները, ու առաջին հերթին Արժույթի միջազգային հիմնադրամը, փաստելով հարկային վարչարարության բարելավման միտումը, ընդհանուր առմամբ շարունակ դժգոհ են եղել հարկահավաքի ծավալներից՝ մատնանշելով տնտեսության բարձր ստվերայնությունը։ Համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկային եկամուտների 14.5 տոկոս ցուցանիշը ամենացածրերից մեկն է ԱՊՀ երկրների շարքում:

Կառավարության հետ Արժույթի հիմնադրամի հայաստանյան առաքելության վերջին բանակցություններից հետո տարածված հայտարարության մեջ շեշտվել է, որ Հայաստանի իշխանությունները հարկային վարչարարությունը բարելավելու ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են ստանձնել՝ հարկատուների նկատմամբ միասնական մոտեցում ապահովելու նպատակով։ Սա նշանակում է, որ իշխանությունները խոստացել են հարկերից խուսափող արտոնյալ օլիգարխներին, ինչպես նաեւ մյուս օրինազանց հարկատուներին հարկադրել վճարել օրենքով սահմանված հարկերը։

Հարկային գերատեսչության ներկայիս ղեկավարը, բնականաբար, իր առջեւ ծառացած նոր խնդիրները պետք է աշխատի լուծել նոր մարդկանց միջոցով։ Մասնավորապես, աշխատանքից ազատված Մանվել Եգանյանի փոխարեն հարկային ծառայության պետի տեղակալ է նշանակվել նույն ծառայության վերահսկողական վարչության պետ Ռուբիկ Քոչարյանը։ Ծառայության պետի մյուս երկու տեղակալները դրսից են՝ մեկը կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արթուր Օսիկյանն է, մյուս տեղակալը՝ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ Արամ Մելքոնյանը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG