Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ովքեր սեպտեմբերի 6-ին մեկուկես ժամ եւ անհաշիվ նյարդեր կորցրին՝ տեսնելով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Հունաստան խաղը, թերեւս կհամաձայնեն, որ այնտեղ նայելու բան չկար, հատկապես՝ մերոնց կատարմամբ: Նման դեպքերում ծայր առնող «խաղը ծախած էր» ավանդական շշուկների կրակին ուղղակի բենզին լցրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը» - գնահատում է «Հայոց Աշխարհ» թերթը «Ի՞նչ արժե Հայաստանի հավաքականը» վերնագրի տակ՝ խաղից տպավորված նաեւ, որ չնայած Հայրապետյանի հայտարարություններին, խաղը ծախելու առաջարկությունը կարծես ընդունվել էր:

«Անկախ Ռուբեն Հայրապետյանի եւ մեր հավաքականի տղաների գործադրած ջանքերի, հասկանալի է, որ խաղը վաճառված է եղել ի սկզբանե», - գրում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Ընդ որում, հիմա արդեն բոլոր հիմքերը կան պնդելու, որ խաղը տալու որոշումը կայացվել է ոչ թե սպորտային, այլ քաղաքական մակարդակով, որովհետեւ Հայաստանում մեծ ազդեցություն ունեցող ինչ-որ անձինք խաղից առաջ զանգահարել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներին եւ նրանց բացատրել, որ իրենք պետք է պարտվեն հույներին: Իհարկե, չի կարելի միանշանակ ասել, որ մեր տղաները համաձայնել են գնալ գործարքի, սակայն ակնհայտ է, որ նրանք դաշտում իրենց որբացած են զգացել»:

«Եթե փող աշխատելու տարբերակ կա, մնացածը ստորադասվում է: Թեկուզ ողջ հանրապետությունը օտար ու տեղացի մենատնտեսներին վաճառելու, մայրաքաղաքի ճարտարապետությունն այլանդակելու, իշխանությունն ապաշնորհներին ու քաղաքական բախտախնդիրներին տալու գնով»: Այս ընդհանրական իրավիճակի արձանագրման կողքին «Առավոտ» թերթը հպարտությամբ ընդունում է, որ մեր ֆուտբոլիստները հայրենասիրական մղումով չծախսվեցին եւ եւզրափակում. - «Ամեն ինչ հնարավոր է՝ ե'ւ իշխանությունների հանդեպ կորսված հավատի, ե'ւ ժողովրդի ինքնահարգանքի, ե'ւ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ պետության հարգանքի վերականգնում: Միայն թե դրա համար պիտի դադարել ծախվելուց: Եթե անգամ առաջարկում են մեկ միլիոն»:

Ֆուտբոլայինից տեղափոխվելով քաղաքական դաշտ, «Հայոց Աշխարհ» թերթի տեսաբանը մասնավորապես գրում է. - «Քաղաքական տարեշրջանի յուրահատուկ հիթը՝ հոկտեմբերին Հայաստանում պալատական հեղաշրջման միջոցով իշխանության փոփոխության մասին գայթակղիչ առասպելն արդեն շրջում է հհշական մամուլի էջերում... Կարծում ենք, որ մամուլում պալատական հեղաշրջման մասին քննարկումներ կազմակերպելով կարելի է ոչ թե տարաձայնություններ ու կասկածներ, այլ քմծիծաղ առաջացնել ցանկացած, նույնիսկ՝ ամենաթույլ իշխանության միջանցքներում»: Ըստ տեսաբանի, նման պարզունակ «քաղաքական դոպինգը» սեփական կողմնակիցներին եւ ողջ հասարակությանը մատուցելու փորձը վկայում է միայն մեկ բան. ընդդիմությունը պատրաստ չէ իր ուսերին կրելու «թեժ աշնան» բեռը:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, խորհրդարանի աշխատանքի մեկնարկում բավականին պարզ երեւում է որոշակի մեղրամիս իշխանամետների եւ ընդդիմադիրների միջեւ, որը վերաբերում է եվրոպական կառույցների գլխի տակ փափուկ բարձ դնելու գերխնդրին: «Կոալիցիայի կուսակցությունները առիթները բաց չեն թողնում շեշտելու, թե ինչքան լավ են վերաբերում ընդդիմությանը», - նշում է մեկնաբանը: - «Եվրոպական» ուղղվածության քայլեր են երեւում նաեւ լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում»: Ընդհանրապես, մեկնաբանի ընկալմամբ, իշխանամետ ճամբարի ներսում հակասություններն ավելի ակնառու են, քան իշխանության եւ ընդդիմության միջեւ. - «Իշխանության յուրաքանչյուր թեւ ձգտում է խարդավանքների միջոցով սեփական դիրքերն ամրապնդել մյուս թեւերի հաշվին, իսկ իշխանությունն էլ ամբողջությամբ վերցրած այժմ ձգտում է չփչացնել հարաբերություններն ընդդիմության հետ, որպեսզի ամսվա վերջում սպասվող ստրասբուրգյան կոշտ քննարկումների ժամանակ Հայաստանը «պլստա» պատժամիջոցներից վերջին խայտառակ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համար... Իշխանությունները միաժամանակ այժմ արեւմտամետ ռեւերանսներ են անում արտաքին քաղաքական հարցերում», - շաղկապել է «Իրավունք»-ը:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում այսօր շեշտադրում է. - «Իրեն Ռուսաստանի ռազմավարական գործընկեր համարող Հայաստանի ուժեղացումը նշանակում է տարածաշրջանում Ռուսաստանի դերի ու ազդեցության ուժեղացում: Հայ-թուրքական սահմանի բացմամբ Ռուսաստանի շահերը ոչ մի կերպ չեն տուժի, ընդհակառակը՝ քանի որ սահմանի բացումը շահեկան կլինի նրա ռազմավարական գործընկեր Հայաստանի համար»: Սերժ Սարգսյանի համոզմամբ, սահմանի բացումը նպատակահարմար է եւ ինքը դրա շուրջ որեւէ բանավեճի մեջ մտնել մտադիր չէ: Ըստ նրա, եթե դրանից ինչ-որ վտանգ կա էլ, բնավ համեմատելի չէ ձեռք բերվելիք օգուտների հետ: Սարգսյանը նախադրյալ է տեսնում մտածելու, որ հայ-թուրքական սահմանի բացումը ամիսների հարց է:

Հաստատելով, որ այս ամառ իր արձակուրդը անցկացրել է Մոնթե Կառլոյում, Հայաստանի պաշտպանության նախարարը միաժամանակ հերքում է տարածված լուրերը, թե այնտեղ խաղատներում մի քանի միլիոն դոլար է պարտվել: Նա համաձայն չէ, որ Հայաստանում սոցիալական բեւեռացումը ավելին է, քան այլուր, Կարծում է՝ գների բարձրացումն աննշան կլինի եւ սոցիալական պայթյունի որեւէ հիմք չի տեսնում: «Կյանքը դեպի լավն է փոխվում», - հավաստիացնում է նա: «Գոլոս Արմենիի»-ի հարցազրույցում Սերժ Սարգսյանը «ամենաանհավանական» է որակել խոսակցությունները, թե Քոչարյանը նախագահական իր երկրորդ ժամկետը լիովին չի պաշտոնավարի. - «Այսօր իշխանությունը բավականաչափ կայուն է, եւ չնայած արտաքին աշխարհից հնչող հայտնի դժգոհություններին, դրական տեղաշարժերի առկայությունը ակնհայտ է: Չգիտես ինչու ենթադրվում է, թե ժամանակի հետ ամեն ինչ միայն դեպի լավը պիտի փոխվի, այլ ոչ թե հակառակը: Մինչդեռ տեղաշարժերը որոշակի մարդկանց որոշակի աշխատանքի արդյունք են. նախագահի, վարչապետի կառավարության...»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG