Մատչելիության հղումներ

Առաջին իսկ նիստում խորհրդարանը մերժեց ընդդիմադիրների նախաձեռնությունը


Երրորդ գումարման Ազգային ժողովի՝ երկուշաբթի օրը բացված նստաշրջանի առաջին իսկ նիստում օրակարգի հաստատման ընթացքում քվեարկությամբ մերժվեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի առաջարկը՝ մեծ օրակարգում ընդգրկել սոցիալական ուղղվածություն ունեցող իրենց երկու օրինագծերը: Դեմ քվեարկողները կոալիցիայի մաս կազմող ուժերի պատգամավորներն էին, որոնց ստորագրած հուշագրում ամրագրված է նաեւ սոցիալական քաղաքականության ուղղվածություն:

Նիստերի դահլիճում ընտրվելուց ի վեր առաջին անգամ ներկա էին ընդդիմադիր «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ու նրա խմբակցությունը, ինչպես նաեւ «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանն ու նրա խմբակցությունը:

Քվեարկությունից հետո Վիկտոր Դալլաքյանը դժգոհեց, որ գոնե ձեւի համար կարելի էր ընդգրկել օրակարգ ու նախկինի պես քննարկման հերթ չտալ, հասցնել մինչեւ 2007 թիվ, այսինքն՝ մինչեւ հաջորդ խորհրդարան:

«Եթե եկել ենք, որ միասին աշխատենք, ուրեմն եկեք աշխատենք միասին», - հորդորեց նա:

Ի պատասխան Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ասաց. - «Եկեք այն, ինչ քիչ առաջ եղավ, դա համարենք առաջին թյուրըմբռնումը, լուրջ հետեւություններ չանենք համագործակցության հետ կապված: Ես հուսով եմ, որ մենք միասին իսկապես կաշխատենք»:

«Ջրերի գինը թանկանում է, հոսանքի գինը թանկանում է, հացի գինը թանկանում է. ընդդիմության ներկայացուցիչը փորձում է փոքր-ինչ մեղմել այդ ամենը, եւ, ի զարմանս բոլորիս, խոչընդոտում են անգամ իսկ քննարկման համար: Եթե այդպիսի մթնոլորտ այսուհետ եւս տիրի, «Ազգային միաբանություն» խմբակցությունը ավելորդ կհամարի նման Ազգային ժողովի նիստերին մասնակցելը», - հայտարարեց Արտաշես Գեղամյանը, որի ղեկավարած «Ազգային միաբանություն» խմբակցությունը կողմ էր քվեարկել Վիկտոր Դալլաքյանի օրակարգային առաջարկություններին:

Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը համաձայնեց՝ միմյանց հարգանքով եւ փոխըմբռնումով վերաբերվելու կոչին: Դրանից մի քանի ժամ առաջ էլ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն Ազգային Ժողովի մուտքի առջեւ իր ծրագրային ելույթում հայտարարել էր. - «Ես որպես Ազգային ժողովի նախագահ հայտարարում եմ, որ կանեմ հնարավորը՝ ընդդիմության հետ արդյունավետ երկխոսության մթնոլորտում աշխատելու համար»:

Խորհրդարանը իր օրենսդրական գործունեությունը սկսեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրինագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումից: Խորհրդանշական էին նաեւ առաջինը քննարկված եռյակի մյուս հարցերը՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ մահապատիժն արգելող 6-րդ արձանագրության վավերացումը:

Մահապատիժն արգելող արձանագրության շուրջ քննարկումները կշարունակվեն վաղը, որոնց ավարտին տեղի կունենա քվեարկությունը: Իսկ այսօր իրենց տեսակետերը ներկայացրին գլխադասային երկու հանձնաժողովները՝ պետաիրավական եւ արտաքին հարաբերությունների: Երկու հանձնաժողովներն էլ, թեեւ ոչ միաձայն, բայց կողմ են արձանագրության վավերացմանը: Հիմնական ընդդիմախոսները «Արդարություն» դաշինքի պատգամավորներն էին: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, արձանագրության վավերացումը ուղղակի երաշխիք է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների համար:

«Հայաստանում որեւէ քաղաքացի, որեւէ մարդ չի ասի, որ այդ ոճրագործները գնդակահարության ենթակա չեն», - հարցերին պատասխանելիս ասաց պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը (ՀՀԿ): - «Ես էլ եմ այդպես գտնում, բայց ստեղծված այս սիտուացիայում, ելնելով մեր հանրապետության շահերից, ասում եմ՝ իմ ներքին համոզումը գոյացել է իրադրությունից ելնելով եւ ոչ թե հենվում է հուզական զգացումների վրա»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG