Մատչելիության հղումներ

ՈՒԵՖԱ-ն կոչ է անում զեկույց պատրաստել Հայաստանի մարզիկներին կաշառելու մեղադրանքների վերաբերյալ


(«Ռոյթեր», «Ֆրանս Պրես», «Ասոշիեյթեդ Փրես»). - ՈՒԵՖԱ-ն կոչ է արել հատուկ զեկույց պատրաստել մեղադրանքների առիթով, թե Հունաատանը փորձել է կաշառել Հայաստանին՝ տանուլ տալու Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առանցքային հանդիպումը:

Շաբաթ օրը Երեւանում հաղթելով Հայաստանի ազգային հավաքականին, Հունաստանի հավաքականը շոշափելիորեն մոտեցավ հաջորդ տարի Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղերին մասնակցելու իրավունք ստանալուն: Վերջին անգամ Հունաստանը Եվրոպայի առաջնության եզրափակիչին մասնակցել է 1980 թվականին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կիրակի օրը հայտարարել է, թե մի քանի շաբաթ առաջ հայ ֆուտբոլիստները ասել են, որ անանուն հեռախոսազանգեր են ստացել՝ հույների պարտվելու դիմաց գումարի առաջարկություններով:

«Խաղին ուղարկված մեր ներկայացուցչից մենք պահանջել ենք լրացուցիչ զեկույց, թեեւ այս փուլում հարցի օրինական հետաքննություն չի իրականացվում: Զեկույցը մեր տրամադրության տակ կլինի 24 ժամվա ընթացքում եւ դրա հիման վրա էլ կորոշենք մեր հետագա անելիքը», - «Ռոյթեր»-ի թղթակցին երկուշաբի օրը ասել է ՈՒԵՖԱ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Մայք Լին:

Հունաստանի ֆուտբոլային պաշտոնյաներն ու լրատվամիջոցները երկուշաբթի օրը կտրականապես հերքել են մեղադրանքը: Հունաստանի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, թե խնդրել է ՈՒԵՖԱ-ին «ամբողջությամբ հետաքննել հարցը եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր վարկաբեկում են մեր երկրի եւ ֆուտբոլի ասոցիացիայի անունը»: Հունաստանի ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ իրենք դատական գործեր են նախաձեռնելու այդ անձանց դեմ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Երեւանում ասել է, որ ֆեդերացիայի աշխատակիցները օգնել են հետաքննությանը, եւ ՀՖՖ-ն հայտարարությամբ հանդես կգա Հյուսիսային Իռլանդիայի հետ չորեքշաբթի օրը կայանալիք խաղից հետո: Մեղադրանքները կարծես կենտրոնանում են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Երվանդ Սուքիասյանի շուրջ, ով ներկայումս ապրում է Հունաստանում: Ըստ հաղորդումների, վերջինս Հայրապետյանի հետ հեռախոսային խոսակցություններում պնդել է, թե Հունաստանի ֆեդերացիայի նախագահ Վասիլիոս Գագատսիսը իրեն «պատվիրել է» հայերին գումար առաջարկել պարտության դիմաց: Հայրապետյանը ՀՖՖ-ի մի քանի անդամների հրավիրել է ֆեդերացիայի գրասենյակ եւ նրանց ներկայությամբ հեռաձայնել է Սուքիասյանին՝ ձայնագրելով խոսակցությունը, որի ընթացքում Սուքիասյանը մեկ միլիոն դոլար է առաջարկել Հունաստանի հաղթանակի դիմաց:

Հունաստանում որպես հայ ֆուտբոլիստների գործակալ աշխատող Սուքիասյանը հերքում է ինչպես իր մասնակցությունը կաշառելու ծրագրերին, այնպես էլ Գագատսիսի հետ որեւէ կապ ունենալը: «Նրանք ուզում են վարկաբեկել իմ անունը», - «Սուպերսպորտ» հեռուստատեսությանը ասել է Սուքիասյանը:

Հայաստանը եզրափակիչ մտնելու հույսերը կորցրել էր դեռ Հունաստանի հետ հանդիպումից առաջ: Ենթախմբում Հայաստանի թիմը չորրորդ տեղում է՝ վեց խաղից հետո 4 միավորով: Հայաստանին հաղթելուց հետո Հունաստանը 15 միավորով գլխավորում է աղյուսակը: Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 11 միավորով, երրորդում՝ Ուկրաինան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG