Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ԱրմենՏել»-ի չապահոված կապի դժգոհությանը բաժնետերերի բաց ժողովի արդյունքում ավելացել է դժգոհությունը ընկերության ղեկավար Վասիլակիսի՝ «ցինիկ» ու «վիրավորական» ներկայացվող պահվածքից: «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, մասնավորապես, ամփոփում է. - «Նման կերպ իրեն պահող օպերատորի նկատմամբ կառավարության պատժամիջոցները նույնիսկ մեղմ են»: Խոսքը դեռ միայն ենթադրվող պատժամիջոցների մասին է: Մինչդեռ, «Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, օրինակ, այդ ամենից բլեֆի հոտ է գալիս. - «Բանն այն է, որ ոչ ոքի համար գաղտնիք չեն նույն «ԱրմենՏել»-ի եւ իշխանության ստվերային կոռուպցիոն հարաբերությունները: Եվ չար լեզուները անգամ ասում են, որ որոշ պետական պաշտոնյաներ մշտական կաշառքային աշխատավարձ են ստանում «ԱրմենՏել»-ից: Բնականաբար, այդպիսի կուլիսային հարաբերությունների պայմաններում իրական կտրուկ տեղաշարժեր դժվար է պատկերացնել»: Ի մի բերելով ավարտվող շաբաթը՝ «Իրավունք»-ի արձանագրում է եւ սկանդալային զարգացումներ դատավարություններում ու իշխանական կոալիցիայի ներսում:

«Այդ ամենն, իհարկե, իշխանական կերակրատաշտի մոտ իրար հրմշտելու տպավորություն է թողնում», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը։ - ««Օրինաց երկիր»-ն ու Դաշնակցությունը բացահայտ ակնարկում են, որ փոխնախարարների ու կոմիտեների ղեկավարների ավելի քան 60 պաշտոնի մեծ մասը զբաղեցնում են հանրապետականները... Ինչո՞ւ հանրապետականներին ամենահամեղ ու յուղոտ կտորները, իսկ իրենց հասնեն միայն ինչ-որ փշրանքներ։ Եթե կողմերը համաձայնության չգան, բանը կարող է հասնել լուրջ բախման, ինչն էլ, իր հերթին, կարող է արագացնել կոալիցիայի՝ առանց այդ էլ ակնհայտ վախճանը»։

«Երկիր» թերթը առանց անուններ տալու, անորոշ մատնանշում է. - «Կոալիցիայի բովանդակության, ձեւի, խնդիրների, ապագայի, հնարավորությունների, ներուժի մասին ամենախրթին, հաճախ իրարամերժ, թերահավատ ու անհասկանալի ձեւակերպումները եւ կարծիքները հնչեցրել են հատկապես քաղաքական որոշ գործիչներ՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության (այդ թվում՝ կոալիցիայի մաս կազմող) դաշտերից... Չկայացած անձինք կենսականորեն շահագրգռված են առկա իրավիճակի պահպանմամբ ու խորացմամբ, նրանք թույլ չեն տա մի համակարգի կայացումը, որը մերժելու է իրենց»: «Այստեղից է բխում այն անճարակ տրամաբանությունը, երբ մի կողմից իշխանության ճամբարում ոմանք իրենց քաղաքական կարիերայի երկարակեցությունը կապում են մի քանի կուսակցությունից կազմված ընդդիմության անխուսափելի պառակտման հետ, իսկ մյուս կողմից՝ ընդդիմության ճամբարում էլ ոմանք իրենց կշիռը բարձրացնելու միակ հույսը կառուցում են կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների փոխադարձ մեղադրանքների ու դժգոհության խորացման վրա», - ընդհանրացնում է «Երկիր»-ը։

Իշխող կոալիցիայի մաս կազմող Դաշնակցության պաշտոնաթերթը այսօր ընդդիմությանը մեղադրում է նաեւ, թե ինչո՞ւ են անտարբեր խորհրդարանում նախորդ տարվա բյուջեի կատարողականի «վարդագույն» հաշվետվությունների հանդեպ: «Այդպես էլ տնավարի ապրելու ենք ու այս վիճակում ենք լինելու, քանի դեռ բյուջեի կազմումն ու դրա հաշվետվությունը չհամարվի «թեժ աշնան» մի մաս», - գրում է մեկնաբանը: - «Իշխանությանը այս վիճակը թերեւս ամբողջովին գոհացնում է, առանց գլխացավանքների։ Իսկ ընդդիմությա՞նը»: Միաժամանակ «Երկիր»-ը արձանագրել է. - «Պատգամավորների մեծ մասը չեն էլ ցանկանում աշխատել երկրի այդ հիմնարար փաստաթղթի վրա, քանզի չեն էլ հավատում դրա մուտքային ու ելքային բաժիններին։ Ինչո՞ւ պետք է հավատան, չէ՞ որ քաջ գիտեն, որ երկրի որեւէ օլիգարխ պետական բյուջեի մուտքային մասն ապահովելու համար հարկ չի վճարում համաձայն օրենքի, համաձայն տնտեսագիտական պարզ նորմի։ Ցանկացած ոք էլ գիտի, որ այս կամ այն խոշոր գործարարն իր մուծումը կատարում է՝ ինչքան ուզի կամ այդ ամիս, եռամսյակ որքան նրանից ակնկալում են։ Այդպես չզարմացան մի քանի շաբաթ առաջ, երբ պաշտոնական տեղեկագրերով հայտնի դարձավ, որ Հայաստանի տնտեսության գրեթե ողջ ծաղիկը վնասով է աշխատում»։

«Հայաստանի ոստիկանության Վայոց ձորի ռեգիոնալ վարչության պետ Միքայել Սարդարյանի եւ հարկային պետական ծառայության պետի տեղակալ Մանվել Եգանյանի միջեւ նախորդ շաբաթ տեղի ունեցած բախումը սպառնում է վերաճել միջգերատեսչական կոնֆլիկտի», - փոխանցում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Երեկ հայտնի դարձավ, որ ծառայական քննությունն ավարտվել է, եւ գնդապետ Միքայել Սարդարյանը ազատվել է պաշտոնից՝ «արձանագրված միջադեպին օրենքով նախատեսված կարգով ընթացք չտալու համար»: Հայկ Հարությունյանի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ ոստիկանության քննչական վարչության հատուկ կարեւորագույն գործերով բաժնի պետ, գնդապետ Սուրիկ Ավետիսյանը: Վերջինս ոստիկանության այն բարձրաստիճան սպան է, որը Մանվել Եգանյանի եւ նրա եղբոր հետ գտնվել է Միքայել Սարդարյանի սենյակում, որտեղ վերջինս ծեծի է ենթարկվել»: «Այս ծառայական քննությունը հետագա ընթացք չի ստանալու, եւ դեպքի առիթով քրեական գործ չի հարուցվելու: Ասել է թե՝ ոստիկանների կողմից քաղաքացիներին դաժան եւ տեւական ծեծի ենթարկելու մեջ ոստիկանությունը ոչ մի հանցավոր արարք չի տեսնում», - տարակուսում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը: Մեկ այլ գործընթաց, սակայն, շարունակվում է. ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ձգտում է հասնել Մանվել Եգանյանի պաշտոնանկությանը, իսկ հարկային ծառայությունը դիմադրում է:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG