Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա որոշումներով կրկին չնչին չափով բարձրացվեցին կենսաթոշակները, ինչպես նաեւ ծննդյան, մահվան եւ ժամանակավոր անաշխատունակության դեպքում վճարվող միանվագ նպաստները։

Պետական սոցիալական ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆրունզիկ Մուշեղյանը նիստից հետո լրագորղներին փոխանցեց, որ հոկտեմբերի 1-ից տարեց մարդկանց բազային կենսաթոշակին աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար տրվող հավելումը հերթական անգամ կավելանա 20 դրամով:

«Եթե նախկինում մեկ աշխատանքային տարվա ստաժի հավելման չափը սահմանված էր 100 դրամ, ասյօր կառավորության որոշումով սահմանվեց 120 դրամ», - հայտարարեց նա՝ ավելացնելով, որ դա կբերի կենսաթոշակների՝ 600-700 դրամ աճի:

Հայաստանում միջին կենսաթոշակը, այդպիսով, ներկայիս 7200 դրամից կդառնա 7900 դրամ։ Դա ապահովելու համար կենսաթոշակային հիմնադրամը, Մուշեղյանի խոսքերով, պետք է լրացուցիչ հավաքի 1 միլիարդ 400 միլիոն դրամ. արդեն 2004 թվականին կենսաթոշակային ապահովագրության հիմնադրամի բյուջեն պետք է ավելանա 5 միլիարդ 200 միլիոն դրամով։

Սոցիալական ապահովագրության հիմնադրամի տարեկան բյուջեն մեծությամբ երկրորդն է երկրի պետական բյուջեից հետո: Այս տարի այն կազմում է 42,5 միլիարդ դրամ։ Ծրագրվում է, որ հաջորդ տարի այն կհասնի 48 միլիարդ դրամի (շուրջ 90 միլիոն դոլար)։ Այս գումարը, այդուհանդերձ, թույլ չի տալիս մեկ թոշակառուի հաշվով նույնիսկ նվազագույն պարենային զամբյուղի արժեքին հավասար գումար վճարել։

Իսկ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գործադիր տնօրենը գոհ է իր աշխատանքից, եւ օգտագործելով առիթը, այսօր ամփոփեց իր եռամյա գործունեության արդյունքները: Մուշեղյանի խոսքերով, այդ ընթացքում միջին կենսաթոշակը 4400 դրամից հասել է 7900 դրամի։ Միեւնույն ժամանակ, ամբողջությամբ մարվել է կենսաթոշակի գծով նախկինում կուտակված շուրջ 8,5 միլիարդ դրամի պարտքը։

Այս տարվա առաջին ութ ամիսներին ապահովադիրներից հավաքել է շուրջ 27 միլիարդ դրամի սոցապ վճարումների գումար։ Կենսաթոշակները վճարվում են ամբողջությամբ ու առանց ուշացումների։ Բացի այդ, 620 միլիոն դրամ է հատկացվել գործազրկության նպաստների գծով կուտակված նախկին պարտքը մարելու համար:

«Այս պահին արդեն հանրապետության 5 մարզերում ավարտված են այդ աշխատանքները, մյուս մարզերում ընթացքի մեջ են, եւ Երեւան քաղաքում արդեն շուրջ տասը օր ընթանում են զբաղվածության նպաստների վճարումները», - ասաց նա:

Վարչարարության բարելավման հաշվին հնարավոր է եղել մոտ 52 տոկոսով ավելացնել սոցապ մուծանքներ կատարող ապահովադիրների քանակը՝ հասցնելով 400 հազարի։ Սրա հետեւանքով անցյալ տարվա համեմատ ավելի են հավաքվել մոտ 3.5 միլիարդ դրամի սոցապ վճարներ։

«Ակնհայտ է աճը, որը արդյունք է եւ տնտեսական աճի, եւ ձեռնարկված միջոցառումների՝ ստվերային աշխատուժը դաշտ բերելու ուղղությամբ», - եզրակացրեց Մուշեղյանը:

Ըստ հիմնադրամի գործադիր տնօրենի, հուլիս-օգոստոս ամիսներին շուրջ 1000 տնտեսավարողների մոտ ստուգումներ են անցկացրել: Ստուգման սկզբում գրանցված են եղել ընդամենը 3500 վարձու աշխատողներ, մինչդեռ, ստուգման վերջում՝ ըստ աշխատանքի ընդունման հրամանների, դրանց թիվը կազմել է 6200: Սստուգման ընթացքում եւս 400-ը հրամանով ընդունվել են աշխատանքի։ Սա նշանակում է, որ գործատուները սոցապ վճարներ են փոխանցում իրենց փաստացի աշխատողների լավագույն դեպքում կեսի հաշվով։

Կառավարություն այսօր իր ընդունած մեկ այլ որոշմամբ երեխայի ծննդյան դիմաց վճարվող միանվագ նպաստը ներկայիս 5900 դրամից հասցրել է 35 հազար դրամի։ Էապես ավելացվել են նաեւ մահվան դեպքում թաղման ծախսերի համար վճարվող միանվագ նպաստները։ Մինչեւ կեսաթոշակային տարիքի հասած մարդկանց մահվան դեպքում կտրվի 25 հազար դրամ նպաստ (ներկայիս 3000 դրամի դիմաց), իսկ կենսաթոշակային տարիքի մարդկանց մահանալու դեպքում տրվող թաղման նպաստը կկազմի 75000 դրամ (ներկայիս 45 հազարի դիմաց)։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG