Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը մեղադրում է կաշառառության մեջ


Ռուսաստանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանում տեղակայված Ռուսաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատարի դեմ՝ պետական միջոցների յուրացման մեղադրանքով:

«Իտառ-Տասս» գործակալությունը մեջբերել է Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազ Ալեքսանդր Սավենկովի խոսքերը, թե գեներալ-լեյտենանտ Վյաչեսլավ Աբոիմովը մեղարդվում է մասնավոր մի ընկերության հաշվին 3 միլիոն ռուբլի (մոտ 100 հազար դոլար) «անօրինականորեն փոխանցելու» մեջ: Երեկ Մոսկվայում արած իր հայտարարության մեջ Սավենկովը չի նշել, թե որտեղ է գրանցված այդ ընկերությունը՝ Ռուսաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում: Այլ մանրամասներ նույնպես չեն հրապարակվել:

Անցած հուլիսին, երբ Աբոիմիվի փոխարեն Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատար նշանակվեց գեներալ-մայոր Սերգեյ Բոնդարեւը, Դաշնային անվտանգության ծառայությունը որեւէ կերպ չէր բացատրել կադրային այդ փոփոխության պատճառները:

Անցած հուլիսին պաշտոնանկ էր արվել նաեւ Ռուսաստանի սահմանապահների հետ միասին հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանը հսկող Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի երկարամյա հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը: Վերջինիս պաշտոնանկությանը նախորդել էր իր տեղակալի՝ գնդապետ Վահան Մխիթարյանի ձերբակալությունը՝ «լայնամասշտաբ» կաշառառության մեղադրանքով:

Օգոստոսի սկզբին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի հրամատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովը պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հրամանագրով ազատվել էր պաշտոնից՝ ռազմակայանի գործերին անտեղյակ լինելու եւ վատ աշխատելու համար: Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աղբյուրը ասել էր, թե Տիտովի պաշտոնանկությունը կապված էր ռազմակայանի պահակակետում երկու հայերի սպանության հետ:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG