Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին պնդում է, թե միջազգային միջնորդների դիրքորոշումը հայանպաստ է


Չորեքշաբթի օրը Ադրբեջանը կրկին քննադատություն է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի ու ռուսաստանցի համանախագահների հասցեին՝ հայտարարելով, թե նրանց դիրքորոշումը հայանպաստ է:

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալլոնեն ու Ջո Նոլլենբերգը, մինչդեռ, մինչեւ Խոհրդային միության փլուզումը Լեռնային Ղարաբաղում հայկական բնակչության նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականությունը բնորոշել en որպես «ապարտեիդ»:

Բաքվից տարածվող հաղորդագրությունները մեջբերում են Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի խոսքերը, թե իր երկիրը բավարարված չէ Մինսկի խմբի համանախագահների երկարամյա խաղաղարար ջանքերով: Բաքվում Ֆրանսիայի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ Ալեսքերովը ասել է, թե համանախագահները պետք է պատժամիջոցներ կիրառեին հայկական կողմի նկատմամբ, քանի որ 1991-94 թվականների ղարաբաղյան պատերազմում հայերի հաղթանակը «ագրեսիա» է Ադրբեջանի նկատմամբ:

Ադրբեջանի մյուս ղեկավարները, այդ թվում նախագահ Հեյդար Ալիեւը, անցյալում դժգոհություն են հայտնել, թե՝ քանի որ Մինսկի խմբի վերջին առաջարկները չեն ենթադրում Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա դրանք հայանպաստ են: Ադրբեջանի վարչապետ, Հեյդար Ալիեւի որդի Իլհամ Ալիեւը հարցը քննարկելու է հինգշաբթի օրը Բաքու ժամանող Մինսկի խմբում Ռուսաստանի նորանշանակ համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ:

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 12-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ֆրենկ Փալլոնեն ու Ջո Նոլլենբերգը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ ժողովրդին եւ նախագահին:

«ԼՂՀ Անկախության հռչակագրում նշված է, որ Ադրբեջանը հայկական բնակչության նկատմամբ վարել է ապարտեիդի քաղաքականություն», - ասված է, մասնավորապես, ուղերձում: - «Պատմական այդ փաստաթղթի ընդունմամբ Արցախի խիզախ ժողովուրդը արտահայտել է ազատ ապրելու եւ իր ճակատագրի տերը լինելու վճռականությունը»:

«Կրկին անգամ հավաստիացնում եմ ձեզ, որ մենք այսուհետ եւս ակտիվորեն կաջակցենք Լեռնային Ղարաբաղի անվտանգությանն ու զարգացմանը», - եզրափակելով ուղերձը՝ շեշտում են ԱՄՆ կոնգրեսականները:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG