Մատչելիության հղումներ

Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատավարության այսօրվա նիստում հանցագործության անմիջական կատարող Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը, կրկին հերքեց իր նախաքննական ցուցմունքները սպանության պատվիրատուի մասով:

Սպանությունը պատվիրելու մեղադրանք է ներկայացված 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ նախկին վարչապետ, ներկայումս քաղաքական ընդդիմության ղեկավարներից Սրամ Սարգսյանի կրտսեր եղբորը՝ գործարար Արմեն Սարգսյանին: Նաղդալյանը սպանվել էր անցած դեկտեմբերի 28-ին՝ ծնողների բնակարանից դուրս գալիս: Արմեն Սարգսյանը մեղադրվում է այդ սպանությունը 75 հազար դոլարով պատվիրելու մեջ:

Դատավարության նախորդ՝ օգոստոսի 19-ի նիստում Ջոն Հարությունյանը ընդունել էր, թե սպանությունն ինքն է կատարել, սակայն հրաժարվել էր նախաքննական ցուցմունքներից՝ ասելով, թե այդ ցուցմունքն ինքը ստորագրել էր առանց կարդալու: Նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաեւ ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանը, որը, ըստ մեղադրական եզրակացության, պիտի մասնակցեր սպանությանը, սակայն վերջին պահին հրաժարվել էր:

Հարությունյանը այսօր ասաց, թե Ղարաբաղում ձերբակալվելուց հետո «4 օր շատ վատ վիճակում է եղել», եւ երբ իրեն տեղափոխել են Երեւան, կարծել է, թե նույնը կշարունակվի, այդ պատճառով էլ շարունակել է ցուցմունքներ տալ: Իսկ հիմա հրաժարվում է դրանցից:

Իսկ Ֆելիքս Առուստամյանը այսօր հայտարարեց, թե ինքը «համոզված չէ», թե Նաղդալյանին Ջոն Հարությունյանն է սպանել: «Ջոնն իր վրա է վերցնում սպանությունը, որովհետեւ մեզ խոստացան, որ մեր վրա վերցնենք, 250 հազար դոլարը [դատախազության խոստացած] կստանանք ու մի 8 տարի կնստենք, հետո կազատվենք, դրա համար էլ Ջոնն իր վրա է վերցրել»:

Երկու ամբաստանյալներն էլ ձերբակալվել էին փետրվարի 27-ին Ղարաբաղում՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Արմեն Սարգսյանի փաստաբանները Ղարաբաղում նրանց ձերբակալվելու եւ ընդամենը մի քանի օր անց Տիգրան Նաղդալյանի սպանությունը խոստովանելու հանգամանքը կասկածելի են համարում:

Ընդդիմությունը, որի առաջնորդներից է Արամ Սարգսյանը, հայտարարել է, որ Արմեն Սարգսյանին մեղադրանք առաջադրելը քաղաքական դրդապատճառներ ունի՝ ի թիվս այլնի փաստարկելով, որ այդ մասին հայտարարվել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախօրեին:

Արմեն Սարգսյանի փաստաբաններից մեկը կասկածելի է համարում նաեւ Լեռնային Ղարաբաղի քննիչներից մեկի մասնակցությունը Ջոն Հարությունյանի՝ Երեւանում կատարված հարցաքննությունը, որի տեսագրությունն այսօր ցուցադրվեց դատարանում:

«Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության քրեական բաժնի այն աշխատողը, որը մեղայականով ներկայանալու արձանագրություն է կազմել դարձյալ մասնակցել է [հարցաքննությանը] Երեւանում: Ի՞նչ նպատակով եւ ինչո՞ւ էր այդտեղ ներկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Դատավարությունը կշարունակվի ուրբաթ օրը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG