Մատչելիության հղումներ

logo-print

Նախկին նախարարը «սխալ» է համարում «ԱրմենՏել»-ի գործարքը


«ԱրմենՏել»-ի մասնավորեցման հանձնաժողովի անդամ, մինչեւ 1998 թվականը Հայաստանի կառավարությունում տարբեր նախարարական պաշտոններ վարած Վահրամ Ավանեսյանի խոսքերով, հեռահաղորդակցության ոլորտի կառավարումը հունական OTE-ին վաճառելը «սխալ» էր:

Վահրամ Ավանեսյանը, ով 1997-1998թթ վարչապետի գլխավոր խորհրդական էր, այսօր Հայաստանի կառավարությունն ընդդեմ «ԱրմենՏել»-ի բաց ժողովում որպես վկա պատասխանում էր կողմերի հարցերին:

Նրա խոսքերով, կառավարությունը 1997 թվականին քաջ գիտակցում էր, որ առանց խոշոր ներդրումների հնարավոր չէ առողջացնել հանրապետության հեռահաղորդակցության բնագավառը, կապի որակը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

Բացատրելով, թե ինչով էր հնարավոր գնորդին (քանի որ լիցենցիան հաստատվել եւ որպես առաջարկություն ներկայացվել էր պոտենցիալ երեք գնորդներին) հատուկ դրույթով 15 տարվա մենաշնորհ տալը, Ավանեսյանը ասաց. - «Հասկանալի է, որ ցանկացած մեծ ներդրում պահանջում է, որպեսզի ներդրողը իրեն ապահովված զգա դրանց վերադարձի տեսանկյունից»:

Ըստ նրա, ներդրողի համար պետք էր այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի մրցակցությունից դուրս ներդրումներ կատարելու եւ հեռահաղորդակցության բարձր մակարդակ ապահովելու հնարավորություն ունենա:

«Մենք շատ շուտ հասկացանք, որ շատ-շատ սխալվում ենք», - բաց ժողովում այսօր հայտարարեց Ավանեսյանը: - «Ժամանակին սխալներ շատ են եղել, եւ շատ սխալներ եղել են նրանից, որ մարդիկ, այդ թվում նաեւ ես, մտածել են, թե ամեն ինչ հնարավոր է մեկ մարդու կողմից անել: Նաեւ այն բաները, որ նա պրոֆեսիոնալ եւ մասնագիտորեն պատրաստ չէ անելու»:

Ավանեսյանը չհստակեցրեց, թե ով էր այդ «ոչ պրոֆեսիոնալ» մարդը:

1999 թվականին, ի դեպ, երբ րոպեավճարը ներդնելու շուրջ աղմուկ էր բարձրացել, նույն Ավանեսյանը հայտարարում էր, թե OTE -ի հետ բավականին հաջողված գործարք եւ պայմանգիր էր կնքվել:

«ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Ջորջ Վասիլակիսը այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ այդմ՝ երեկվա նիստի ժամանակ WFI միջազգային աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչ Յան Բիբիի հայտարարությունը, թե Հայաստանի թվայնացված բոլոր հեռախոսազանգերի տվյալները ձայնագրվում ու պահեստավորվում են, ձայնագրվում են հեռախոսային խոսակցությունները, իրականությանը չի համապատասխանում: Վասիլակիսի խոսքերով, հեռախոսային խոսակցությունները չեն լսվում, գրանցվում են միայն հեռախոսազանգերի ուղղությունների մասին տվյալները՝ հեռախոսային հաշիվները կազմելու համար:

WFI-ի մասնագետը, սակայն, նկատի ուներ նաեւ այն, որ գրանցվում եւ պահվում են հեռախոսով կատարվող բանկային գործողությունների տվյալները:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG