Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախության հռչակման 12-րդ տարեդարձն է նշում որպես կայացած պետություն», - գնահատում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, որի հայացքով՝ ներկայի եւ ապագայի իրողությունները հետեւյալն են. - «Տարազատելով Ղարաբաղյան խնդիրը արտաքուստ նրան նմանվող այլ հակամարտություններից, աշխարհի հզորները հասկացնում են Ադրբեջանին, որ իրենք այլեւս չեն պատկերացնում ԼՂՀ-ն որպես վերջինիս անկապտելի մաս... ԼՂՀ-ն իր անկախության 12-րդ տարեդարձն է նշում Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո անխուսափելի դարձող՝ ղարաբաղյան բանակցային գործընթացի հերթական շրջափուլի նախօրեին, որը կարող է եւ վճռորոշ լինել ԼՂՀ-ի, որպես պետության իրավական կարգավիճակի հստակեցման առումով: Ներկայումս եղած տեղեկատվությունը վկայում է, որ միջնորդ կողմերից եւ ոչ մեկը համաձայն չէ ԼՂՀ-ն՝ նույնիսկ ինքնավարության ամենաբարձր կարգավիճակով, Ադրբեջանին վերադարձնելու գաղափարի հետ», - հավաստիացնում է մեկնաբանը: «ժամանակն աշխատել է հայկական կողմի օգտին, ուստի խնդրի արագ լուծումը կարող է կարճել մեզ անհրաժեշտ՝ «ռեաբիլիտացիոն շրջանը»: Սակայն, Ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած փոխհամաձայնություն ի վերջո հիմնվելու է հետպատերազմյան իրողությունների հաշվառման վրա, սկզբունք, որը անվերապահորեն մերժվելու է Ադրբեջանի կողմից: Իսկ նման անվերապահ մերժումը հանգեցնելու է միայն ու միայն գոյություն ունեցող ստատուս քվո-ի հետագա պահպանման», - սահմանում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:

«Իրավունք» թերթի անդրադարձում ԼՂՀ-ն որակված է «չկայացած պետություն» ու նշվում է. - «Ձեռքբերումների ցանկը այնքան էլ մեծ չէ: Միակ ու, թերեւս, ամենամեծ նվաճումը ռազմական հաղթանակն է Ադրբեջանի նկատմամբ, որի վրա էլ փխրուն պղպջակների պես հիմնված են մինչ օրս ոչ մի կերպ չկայացող ԼՂՀ պետական ինստիտուտները եւ որը աստիճանաբար նույնպես կորցնում է իր կարեւորությունը»:

Ղարաբաղյան իրողություններին վերաբերող բազմակարծություն է նկատվում, ի դեպ, նույնիսկ այն հարցում, թե ԼՂՀ անկախության հռչակման որերորդ տարեդարձն է այսօր. շատերին հակառակ, Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակված իր ուղերձով ԼՂՀ նախագահին շնորհավորում է ոչ թե 12-րդ, այլ 11-րդ տարեդարձի առթիվ...

Հայաստանի ներքին ընթացքից «Իրավունք»-ում այսօր շեշտադրվում է. - «Ներիշխանական խարդավանքների թափանիվը ոչ մի վայրկյան կանգ չի առնում... Կարելի է ենթադրել, որ աշնան ընթացքում ներիշխանական հակասությունները բավականին սրվելու են, ամենաանսպասելի տեղաշարժեր են լինելու իշխանական դաշտում, եւ բավական հաճախ բացահայտ կամ քողարկված ձեւով իշխանավորը իշխանավորի դեմ է դուրս գալու»:

«Հայկական ժամանակ» թերթը եւս առանձնացրել է. -«ՀՅԴ - ՀՀԿ հարաբերություններն այս օրերին կրկին սրվել են, եւ պատճառն այն է, որ իշխանական կոալիցիայի վերջին նիստերում ՀՅԴ-ն պարբերաբար առաջ է քաշում փոխնախարարների պաշտոնները կոալիցիոն սկզբունքով բաժանելու հարցը: Վարչապետի կուսակցությունը կարծում է, որ փոխնախարարների խնդիրը կառավարության ներքին հարցն է եւ չպետք է լուծվի կուսակցականության սկզբունքով»: Լրագրողի հետ զրույցում հանրապետականներից Գալուստ Սահակյանը ձեւակերպել է. - «Հատկապես մերժելի է, երբ կուսակցությունները կառավարության գործերին են խառնվում»:

Պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ ԱԺ նախագահի եւ փոխխոսնակների ջուրը մի առվով չի գնում: Ոմանց կարծիքով, պատճառն ԱԺ նախագահի չափազանցված ամբիցիաներն են: «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում փոխխոսնակներից դաշնակցական Վահան Հովհաննիսյանը սրան արձագանքում է. - «Եթե կոալիցիայի մեջ համաձայնությունների, հաշտ հարաբերությունների մթնոլորտ կա, դա մեր երեքի մեջ էլ կարտահայտվի: Այլ խնդիրներ, բնականաբար, կարող են առաջանալ, եթե կոալիցիայի ուժերը կամ կոալիցիայի առանձին երկու կուսակցություններ իրար հետ լեզու չգտնեն: Իսկ ինչ վերաբերում է ամբիցիաներին, ապա ԱԺ նախագահի ամբիցիաներից պակաս ամբիցիաներ չունեն նաեւ ԱԺ փոխնախագահները»:

«Մենատնտեսի շանտաժը» վերնագրված խմբագրականում «Առավոտ» թերթը խտացրել է. - «Հասկանալի է, նրանք իրականում ոչինչ չեն անում։ Հասկանալի է, որ «ԱրմենՏել»-ի ղեկավարների բոլոր փաստարկները թոզփչոցի են։ Սակայն հիմա, երբ մեր կառավարությունը կարծես վերջնականապես տրամադրված է զրկել «ԱրմենՏել»-ին մենաշնորհից, մյուս կողմը՝ ոչ պակաս ծանր հակափաստարկներ է ներկայացնում, օրինակ՝ ներկրվող սարքավորումներից մաքսային ապօրինի գանձումների մասին հիշեցնելով։ Հայաստանում մենաշնորհ ունեցող ցանկացած ձեռնարկություն մեր բարձրաստիճան շատ չինովնիկների շանտաժի ենթարկելու «քարտ-բլանշ» ունի։ Նրանք, ովքեր վարկաբեկվել են «ԱրմենՏել»-ի նման «դարի գործարքներ» կնքելուց, այժմ պիտի ամոթից լռեն ու հանդուրժեն մենատնտեսի բոլոր այլանդակությունները։ Որովհետեւ երկար ու խաղաղ մենաշնորհային տարիների համար վճարված է «գլխանց»»:

Անցած շաբաթ Մոսկվայում երեք հայաստանցիների, այդ թվում՝ Երեւանի «Դվին» հյուրանոցի տնօրեն Վանիկ Թորոսյանի, սպանությունը «Հայոց Աշխարհ» թերթում կապվում է տնտեսական շահախնդրությունների հետ. - «Ըստ այդմ՝ սպանվածները վերջին շրջանում համառորեն փորձել են ներգրավվել ադամանդի մոսկովյան բիզնեսի ոլորտ եւ, ըստ երեւույթին, հատել են այս շուկան տնօրինող այլազգի հզորներից մեկի ճանապարհը»: «Իրավունք» թերթի մատուցմամբ, ակնհայտ է, որ «սպանության պատվերը եղել է Հայաստանից, իսկ դրսում է իրագործվել Հայաստանում մեծ աղմուկ չառաջացնելու նպատակով»: «Սպանությունը տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցի սեփականաշնորհման փուլում եւ, ըստ երեւույթին, անմիջապես կապ ունի այդ գործընթացի հետ», - նշվում է այստեղ: - «Ըստ երեւույթին, գործընթացին Վանիկ Թորոսյանի հետ մասնակցում էին մոսկվաբնակ հայեր, որոնցից գումար վերցնելու եւ պայմանավորվելու նպատակով Թորոսյանը մեկնել էր Մոսկվա: 1992-ից ի վեր, «Դվին» հյուրանոցի պատճառով սպանվել է շուրջ 10 հոգի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG