Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվան ընդառաջ «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. - «Հայաստանում անցկացված ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակական տրամադրությունների բազմազանության մեջ (որոնք բնավ էլ գաղափարական հիմք չունեին) նախագահ Քոչարյանն ունի վստահության այն քվեն, որը նրան հնարավորություն է տալիս շարունակել իր պարտականությունների ու պարտավորությունների կատարումը երկրի ու ժողովրդի առջեւ... Երկրի նախագահը հասկանում է, որ հասարակությանը վարդագույն ակնոց մատուցելու փոխարեն անհրաժեշտ է մարդկանց համար ապահովել այնպիսի պայմաններ, որոնք նրանց հնարավորություն տան կյանքը տեսնել ընդունելի բնական գույնով: Նախագահը ձեռնամուխ է եղել դեպի հասարակական բարեկեցություն ու անժանապատիվ պետություն տանող ճանապարհի փոսերը վերացնելուն»:

«Հայոց Աշխարհ» թերթը նույն առիթով սահմանում է. - «49 տարին նույնիսկ դեռ միջանկյալ ֆինիշ էլ չէ: Դա ընդամենը եւս մեկ ոլորան անցնել է: Դա հոյակապ էքսպորտային կոնյակի տարիք է, դա այն տարիքն է, երբ տղամարդուն Ամերիկայում նոր-նոր սկսում են պատկերել գովազդային վահանակների վրա»: Ինչ վերաբերում է հասարակությանը, «Հայոց Աշխարհ»-ի դասդասմամբ, մեր հասարակությունը պատռված է երկու մասի. - «Մասերը տարբեր հետաքրքրություններ ունեն, տարբեր փողեր, տարբեր պատկերացումներ երկրի ու նրա ապագայի մասին: Փոքրիշատե միանման են միայն մասերի զգացումները միմյանց նկատմամբ: Այդ զգացումը ատելությունն է... Այդպես եղել է միշտ եւ, հավանաբար, այդպես էլ կլինի», - հեռագծում է «Հայոց Աշխարհ»-ը:

«Ըստ Ազգային Ժողով ներկայացված հաշվետվության, կառավարությունն ամեն ինչ կատարել-գերակատարել է», - «Հնգամյակը՝ 4 տարում» ռետրո վերնագրի տակ զգացմունքները չի կարողանում թաքցնել «Առավոտ» թերթի մեկնաբանը: «Բոլոր կառույցները կհանձնվեն ժամանակին եւ որակով». այս վերնագիրն էլ արդեն «Հայաստանի Հանրապետություն» թերթի ճակատին է՝ Լինսի հիմնադրամով իրագործվող ծրագրերի վերաբերյալ: Այդ հարթության վրա «Հայկական ժամանակ» թերթն այսօր ընդգծում է. - «Աշխատանքներն այժմ տեղավորվում են սովետական ժամանակների «Մեր հարվածային աշխատանքը հայրենիքին», «Հնգամյակը՝ չորս տարում», «Արագ, էժան, որակով», «Կատարենք եւ գերակատարենք...» կարգախոսների շրջանակներում... Բայց որակի մասին հնարավոր կլինի դատել միայն տարիներ անց: Չէ՞ որ սովետական շինարարության որակի մասին վերջնական պատկերացում կազմում ենք միայն հիմա՝ ունենալով աղետի գոտի, թեքված բազմահարկեր, փլված կամուրջներ եւ այլն»:

«Ձեր 14,8 տոկոս տնտեսական աճը ոչ մի կերպ չի ազդել ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի վրա», - դիմել է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանին: Վերջինս արձագանքել է. - «Եթե դու ոչինչ չունես, եւ մի բան ավելանում է, դա արդեն 100 տոկոս աճ է: Այնպես որ, մեր 14 տոկոս աճը մեր տնտեսության համեմատ է: Եւ չի կարելի ասել, որ ժողովուրդն իր վրա դա չի զգացել: Ինձ վրա, ձեզ վրա դա չի ազդել, բայց այնտեղ, որտեղ պետք է՝ ազդել է»: Նախարարը նաեւ ասում է. - «Ավանդների հետ կապված բոլոր թվերին տիրապետում ենք, սակայն տնտեսագիտական շրջանակներից այդ հարցն արդեն դուրս է եկել: Նոր ԱԺ-ում երեւի նման հանձնաժողովի քաղաքական անհրաժեշտություն է առաջացել»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով, ԱԺ նախագահը շարունակում է մնալ խորհրդարանական քարոզարշավի ցիկլի մեջ, քանի որ նախագահ ընտրվելու ցանկություն ունեցողը չէր շարունակի աջ ու ձախ խոստումներ տալ՝ հասկանալով, որ անիրականանալի խոստումներ տալով չի կարող հասարակական աջակցություն վայելելու որեւէ հույս փայփայել: Բացի այդ, ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում այլեւս ընտրովի պաշտոններ չկան, եւ բոլոր պաշտոնները նշանակովի են: «Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչ նպատակով է Արթուր Բաղդասարյանը տարբեր մարզեր, պետական կամ մասնավոր հիմնարկություններ այցելելով՝ նախընտրական բնույթի հանրահավաքներ կազմակերպում», - տարակուսում է մեկնաբանը՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայում երեկ կայացած հանդիպմանը:

Իսկ «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը այսօր «Նրանք մեզ չեն հարգում» վերնագրի տակ տրտնջում է. - «Իշխանությունն արդեն նույնիսկ ձեւ էլ չի անում, թե հաշվի է նստում մեծամասնության շահերի հետ: Իշխանությունն իր կյանքով է ապրում եւ կառավարում է իր հասկացություններով: Քաղաքացիական կապերի խզումը, սոցիալական կտրուկ բեւեռացումը պետությունը դարձրել են նրանց սեփականությունը, ովքեր իշխանություն եւ փող ունեն: Բոլոր հարցերը լուծում են մի կույտ բարձրաստիճան մարդիկ. մնացյալին հատկացված է իրավազուրկ ստատիստի դեր... Մենք արդեն վաղուց ընդհանուր շահեր չունենք»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG