Մատչելիության հղումներ

2004 թվականին ջրի սակագինը կրկնապատկվելու է


Հայաստանի կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը հինգշաբթի օրը հայտարարեց, որ 2004 թվականին խմելու ջրի 1 խորանարդ մետրի սակագինը կաճի ու, ներկայիս 56 դրամի փոխարեն, կամրագրվի 105-120 դրամի սահմաններում։

Ավելին՝ ըստ Մարտիրոսյանի, որպեսզի ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգը դառնա շահութաբեր ու միաժամանակ թույլ տա ստացած միջոցներով կապիտալ ներդրումներ անել ու արդիականացնել տասնամյակների հնություն ունեցող համակարգը, ջրի սակագինը հարկավոր է հասցնել 250-300 դրամի։

«Հանրապետության տարածքում քայլ առ քայլ սակագները պետք է բարձրացվեն, որպեսզի արդյունքում մենք ունենանք անխափան, առհավետ, հավերժ աշխատող համակարգեր», - կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Գագիկ Մարտիրոսյանը:

Տարեսկզբին անխափան շուրջօրյա ջրամատակարման ապահովման մասին խոսելիս, իբրեւ գլխավոր ելք առաջարկվում էր ջրաչափերի տեղադրումը: Անցած 8 ամիսների ընթացքում, Մարտիրոսյանի հրապարակած տվյալներով, Հայաստանում 280 հազար ընտանիքներ սահմանված կարգով ջրաչափեր են տեղադրել, ինչի հետեւանքով միջին ընտանիքի ջրի ծախսը երեք անգամ կրճատվել է։ Պարզվում է, սակայն, որ սա անխափան ջրամատակարարման համար անհրաժեշտ, սակայն բնավ բավարար պայման չէ։ Որպեսզի մարդիկ ծուրջօրյա ջրամատակարարում ունենան, պետք է ավելի բարձր գին վճարեն:

«Այսպես շարունակել հնարավոր չէ», - ասաց Մարտիրոսյանը: - «Պետք է արվեն ներդրումներ, եւ ներդրումներ անելուց հետո պետք է պահպանվեն»:

«Կառավարությունը առայժմ սակագնի եւ ինքնարժեքի տարբերությունները էլեկտրաէներգիայի եւ կապիտալ ծախսերի մասով ամբողջությամբ իր վրա է վերցնում», - շարունակեց Մարտիրոսյանը: - «Պետք է գա մի օր, որ ծառայության ինքնարժեքը փակի ծառայության ծախսերը: Դա գործող օրենսդրության պահանջն է»:

Գագիկ Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե կոնկրետ երբ կբարձրանա ջրի սակագինը, սակայն նշեց, որ շատ շուտով իր գերատեսչությունը համապատասխան հաշվարկներն ու հիմնավորումները կներկայացնի Հայաստանի բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG