Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի աշխատակազմը նախապատրաստվում է նոր նստաշրջանին


Աշնանային նստաշրջանի նախօրեին Ազգային ժողովի քարտուղարության, արտաքին հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի վարչությունների պետերը հինգշաբթի օրը լրագրողներին ներկայացրին խորհրդարանում տեղի ունեցած աշխատակարգային եւ կազմակերպական փոփոխությունները:

«Եռօրյաներից ազատ շաբաթվա մեջ նախատեսված են [խորհրդարանի խոսնակի] աշխատանքային այցեր եւ հանդիպումներ մայրաքաղաքի գիտական, կրթական, մշակութային հաստատությունների, արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների հետ», - Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի պաշտոնավարման օրոք կատարված նորամուծություններին անդրադառնալով, ասաց խորհրդարանի լրատվական ծառայության ղեկավար Անահիտ Ադամյանը:

Բացի այդ, Ադամյանի փոխանցմամբ, լրագրողները Ազգային ժողովի նախագահի ու վարչապետի հետ կանոնակարգված գրաֆիկով հանդիպելու հնարավորություն կունենան: Ավելին՝ մամուլի ներկայացուցիչները կարող են մասնակցել նույնիսկ նախկինում փակ նիստերին ու քննարկումներին:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների վարչության պետ Վահագն Աթաբեկյանը ներկայացրեց խորհրդարանական դիվանագիտության դերը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

«Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ ստեղծվել է Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողով, որի նպատակն է համախմբել այլ երկրների ծագումով հայ խորհրդարանականներին», - ասաց Աթաբեկյանը՝ ավելացնելով, որ տարբեր երկրների հայազգի խորհրդարանականներին համապատասխան նամակներն արդեն ուղարկվել են:

Ազգային ժողովի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը, իր հերթին, ծանուցեց, որ խորհրդարանի նիստերի դահլիճը սարքավորվելու է յուրաքանչյուր պատգամավորի համար առանձին խոսափողով: Սողոմոնյանը տեղեկացրեց նաեւ, որ այսուհետեւ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրինագծերը տեղադրվելու են Ինտերնետում:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG