Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ արգենտինահայ մեծահարուստ, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը արտոնյալ պայմաններով 30 տարով հավատարմագրային կառավարման ստացած «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը ստանձնելու է նաեւ Ուրուգվայի միջազգային օդանավակայանի ծառայությունների կառավարումը:

Էռնեկյանի Sereal SUR կոնսորցիումը չորեքշաբթի օրը հաղթող է ճանաչվել Մոնտեվիդեոյի բորսայում տեղի ունեցած բաց վաճառքում: Կարասկո օդանավակայանը 30 տարի կառավարելու համար կոնսորցիումը պիտի վճարի 34 մլն դոլար: Բաց վաճառքին բազմաթիվ ընկերություններ են մասնակցել: Կառավարությունը նախնական գինը սահմանել էր 15 մլն դոլար, եւ գումարը աճուրդի ընթացքում էր աճել՝ հասնելով նշված 34 միլիոնին, որից 6 միլիոնը Էռնեկյանի ներկայացուցիչները արդեն վճարել են: Մնացած գումարը պետք է վճարվի մեկ տարվա ընթացքում:

Ներկայումս ամերիկացի ու իտալացի գործընկերների հետ միասին Էռնեկյանը կառավարում է տարբեր երկրների 38 օդանավակայաններ, որոնց ընդհանուր տարեկան շրջանառությունը անցնում է մեկ միլիարդ դոլարից:

Էռնեկյանի ներկայացուցիչ Էռնեստո Գուտյերեսը ընդունել է, որ կոնսորցիումը ֆինանսական դժվարություններ է ունեցել Արգենտինայի տնտեսական ճգնաժամի հետեւանքով՝ ավելացնելով, թե սա ճգնաժամից հետո առաջին լուրջ ֆինանսական ներդրում է տարածաշրջանում:

Հարցին, թե որքանով կարող են դատական խնդիրները ազդել կոնսորցիումի գործունեության վրա, Գուտյերեսը պատասխանել է, որ դատարանի հետ կապված գործերը աստիճանաբար կարգավորվում են:

Անցած հուլիսին Արգենտինայի հարկային մարմինները Էռնեկյանին մեղադրել էին հարկերից խուսափելու մեջ եւ անգամ միջազգային հետախուզում էին պահանջել արտասահմանում գնտվող Էռնեկյանի նկատմամբ: Սակայն հուլիսի վերջին Էռնեկյանը վերադարձել էր Արգենտինա եւ վճարել պահանջված գրավը՝ 5 մլն դոլար:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG