Մատչելիության հղումներ

Հայաստանը մեղադրվում է Ադրբեջանում վիճակը ապակայունացնել փորձելու մեջ


Պաշտոնական Բաքուն չորեքշաբթի օրը մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի նախագահի ընտրություններից առաջ երկրում վիճակն ապակայունացնել փորձելու մեջ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը կրկին հայկական կողմի վրա է դրել վերջին ամսիների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում բախումների պատասխանատվությունը՝ նկատի ունենալով, թե պաշտոնական Երեւանը ուզում է օգտվել նախագահ Հեյդար Ալիեւի հիվանդության հետեւանքով առկա քաղաքական անորոշությունից:

«Անցած երկու ամիսներին ճակատային գծում իրավիճակը լարված է եղել: Հայկական կողմը, ինչպես գիտեք, բազմիցս խախտել է հրադադարը», - ադրբեջանական լրատվամիջոցների մեջբերմամբ, ասել է Գուլիեւը: - «Ադրբեջանական բանակը կորուստներ է կրել: Ես կարծում եմ, այս միտումը կշարունակվի, քանի որ Ադրբեջանի ապակայունացումը այսօր շահեկան է Հայաստանի համար»:

«Միաժամանակ, վստահ եմ, որ ադրբեջանական բանակը զգոն է: Այն պահում է իր դիրքերը եւ կխափանի ցանկացած սադրանք», - ավելացրել է Գուլիեւը:

Գուլիեւի հայտարարություններին նախորդել էին հաղորդումները, թե եւս մեկ ադրբեջանցի զինվոր է սպանվել Աղդամի շրջանում: Ադրբեջանական աղբյուրները այլ մանրամասներ չեն հաղորդել:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել են այդ հաղորդումները: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը նույնպես հրաժարվեց մեկնաբանությունից, ասելով, թե տարածքը դուրս է Հայաստանի ենթակայությունից:

«Վերջին երեք-չորս օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանին ոչ մի կրակոց չի արձանագրվել ո'չ Ադրբեջանի, ո'չ էլ առավել եւս մեր կողմից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շահսուվարյանը:

Փոխհրաձգության միջադեպերից մեկը, որ տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին, պատճառ էր դարձել որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը վերահսկող ԵԱՀԿ դիտորդական խումբը դադարեցնի մոնիտորինգը:

Երեքշաբթի օրը Հայաստանը դրական է արձագանքել Ադրբեջանում իշխանության փոխանցմանը հայր Ալեւից այս ամսվա սկզբին երկրի վարչապետ նշանակված որդի Ալիեւին: Արտգործնախարար Վարդան Օսկանյանը «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ Ադրբեջանում քաղաքական կայունությունը շարունակական լինի, քանի որ ձգտում է Ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման: Նրա խոսքերով, Իլհամ Ալիեւը պետք է որ ծանոթ լինի ավագ Ալիեւի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած պայմանավորվածություններին, ուստի կարող է շարունակել խաղաղ կարգավորման գործընթացը:

Վերջին հարցազրույցներից մեկում Իլհամ Ալիեւը ասել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ ընդունելի լուծումը «հայկական ուժերի կողմից գրավված տարածքների լիակատար ազատագրումն է»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG